Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՕՖԵԼՅԱՆ ՄՏՆԻ՞ ԿՈՒՍԱՆՈՑ

Հուլիս 23,1998 00:47
kuyser

Մայրաքաղաքի փողոցներում հազարավոր կենսախինդ աղջիկների ներկայությունը առաջին իսկ պահից պիտի որ ցրի յուրաքանչյուր միտք, որը կառնչվի Հայաստանում կուսանոցներ հիմնելու անհրաժեշտությանը։ Սակայն թե՛ իրականությունը եւ թե՛ այլոց փորձը հակված են հակառակը պնդելու։ Մի դեպքում մեր պատկերացումներն են թերի, մեկ այլ դեպքում խնդիրն է դիտվում ոչ այն տեսանկյունից, որ ճշմարիտ է։ Քրիստոնյա միանձնուհիների կրոնական համայնքների գոյության մասին այսօր մենք դատում ենք ոչ թե իբրեւ առանձին կառույցի, այլ զուտ մարդկային և հոգեբանական մղումների տեսանկյունից՝ փորձելով ընկալել աշխարհիկ հաճույքներից կամավոր հրաժարված կնոջ ներաշխարհը կամ այն իրավիճակը, որ նրան մղում է մեզ համար անբնական քայլի։

Պատմության մեջ չխճճվելու համար ասենք միայն, որ Հայաստանում առաջին կուսանոցները հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը, իսկ 4-րդ դարում երկրի համարյա բոլոր գավառներում դրանք կային։ Այլ խոսքով, երեւույթը հայերիս համար առավել քան նոր չէ։ Անգամ հեղափոխությունից հետո Հայաստանում շարունակում էին գործել բազմաթիվ միանձնուհիներ։ Իսկ ավագ հոգեւորականները հիշում են նաեւ, որ նույնիսկ 50-ական թվականներին դեռ կային մի խումբ մայրեր, որոնք եկել էին Վրաստանից եւ Հայաստանի կրոնական կառույցներին կից իրենց ծառայությունն էին մատուցում։ Դժվար է այսօր երեւակայել, որ վերստին կգտնվեն կանայք, որոնք կուսակրոն կյանքին հավատարմության երդում կտան, կկտրեն իրենց մազերը, կընդունեն նոր անուն եւ կդառնան Աստծո ստրուկը՝ քարոզելով բարեպաշտություն, լինելով գթության քույրեր, տարածելով հավատք եւ փախուստ տալով իրական կյանքից։

Սակայն փաստերը հակառակն են ասում։ Չի բացառվում, որ բոլորովին մոտ ժամանակներս Հայաստանում ունենանք առաջին կուսանոցը։ Հայ առաքելական եկեղեցին արդեն մի քանի տարի շարունակ լրջորեն մտորում է այդ մասին եւ նույնիսկ գործնական քայլեր է ձեռնարկել։ Դեռ Վազգեն Վահափառի գահակալության շրջանում համանման նախագիծ ներկայացվել էր կաթողիկոսին եւ արժանացել նրա հավանությանը։ Նախատեսվում էր Մուղնու ս. Գեւորգ եկեղեցում բացել առաջին հաստատությունը, որն ավելի շուտ կանանց մենաստան էր լինելու։ Այնտեղ պիտի հրավիրվեին այն կանայք, ովքեր հոգեւոր կյանքով ապրելու ցանկություն կհայտնեին։ Համաձայն ծրագրի, վերջիններս պիտի ծառայեին կրթական ասպարեզում, ուսուցանեին ասեղնագործություն, կենցաղային հմտություններ, լինեին գթության քույրեր։ Գաղափարն այն ժամանակ ինչ-ինչ պատճառներով կյանքի չկոչվեց։ Սակայն այսօր նույն նպատակին է հետամուտ Գարեգին Առաջին կաթողիկոսը, եւ որոշակի աշխատանքներ արդեն տարվում են։ Կուսակրոն ձեռնադրվելու պատրաստակամություն հայտնած կանանց թիվը եւս քիչ չէ ու ամենատարբեր տարիքի։

Եթե առաջնորդվենք հայերիս հատուկ պատկերացումներով, ապա մեր ընդվզումը հարցի տեսքով կհնչի մոտավորապես այսպես. «Եկեղեցին ինչո՞ւ է խրախուսում կուսակրոնությունը՝ կնոջը զրկելով մայր դառնալու կոչումից»։ Այսօր եկեղեցու պատասխանն այսպիսին է. «Մենք խրախուսում ենք այն անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով ցանկանում են իրենց կյանքը տեսնել հոգեւոր ծառայության մեջ։ Ուրեմն, պետք է այդ հնարավորությունն ընձեռել։ Նրանք առաջին հերթին կարող են լինել այրիները, որոնք վերամուսնության խնդիրն իրենց համար արդեն լուծել են, իսկ զավակներն այնքան հասուն են, որ կարող են այլեւս ինքնուրույն ապրել։ Նրանք կարող են լինել մեկուսի ապրող այն կանայք, որոնք կրոնական համայնքներում իրենց ավելի երջանիկ կզգան, իսկ կատարած գործը շատ ավելի օգտակար կլինի»։ Ընդունելով այն հանգամանքը, որ ոմանք կնախընտրեին կուսանոցը, հավասարապես էական է, թե հասարակությունն ինչպես կընկալի իր համար դեռեւս նոր երեւույթը։ Առավել պահպանողականներին փոքրևինչ մխիթարելու համար ասենք միայն, որ Սփյուռքում կանանց մենաստաններ վաղուց կան եւ հատկապես տարածված են հայ կաթոլիկների շրջանում։

ԱՆԻ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031