Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՄԱՇ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 28,1998 12:37
Loris Chgnavoryan

Հարգարժան պարոն նախագահ, ստիպված եմ եւս մեկ անգամ դիմելու Ձեզ, այս անգամ արդեն մամուլի էջերում, քանի որ ֆիլհարմոնիկ նվագախմբի չորս երաժիշտներիս հարցը արդեն երկու տարի է, որ ոչ մի կերպ չի լուծվում հանրապետության եւ ոչ մի իրավական ատյանում՝ հասկանալի չէ՝ նրանց անզորությա՞ն, թե՞ անհետեւողականության պատճառով։ Իսկ հարցը վերաբերում է ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եւ ՀՀ օրենքի կոպիտ ոտնահարմանը։

Չնայած մեր նկատմամբ կիրառվող այս աղաղակող անարդարությունների վրա հասարակության եւ ղեկավար մարմինների ուշադրությունը հրավիրելու՝ մամուլի բազմաթիվ արձագանքներին, առայժմ ոչինչ չի փոխվել։ Ուստի ստիպված եմ մեկ անգամ եւս համառոտակի անդրադառնալ հարցի նախապատմությանը։

Սկսած 1989 թվականից, երբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկը ստանձնեց Լ. Ճգնավորյանը, արգելվեց արհմիութենական կազմակերպության եւ գեղարվեստական խորհրդի գործունեությունը։ Ճգնավորյանի ղեկավարման միանձնյա եւ կամայական ձեւը, անվերահսկելիության զգացումը հանգեցրին նրա կողմից թույլ տրվող իրավական եւ ֆինանսական կոպիտ խախտումների, որոնք էլ պատճառ դարձան, որպեսզի նվագախմբի 1996 թ. նոյեմբերի 20-ի փորձը վերածվի կոլեկտիվի ժողովի։ Օրակարգում դրվեցին հետեւյալ հարցերը.
1. Վերականգնել նվագախմբի արհմիութենական կազմակերպությունը եւ գեղարվեստական խորհուրդը։
2. Լսել նվագախմբի գլխավոր տնօրեն, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լ. Ճգնավորյանի հաշվետվությունը նվագախմբի ֆինանսական գործունեության մասին։
Ներկա 107 երաժիշտներից ժողովին մասնակցեցին եւ կայացրած որոշումն իրենց ստորագրություններով հաստատեցին 99-ը։
1996 թ. նոյեմբերի 26-ին մշակույթի աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ժողովում ստեղծվեց նվագախմբի արհմիութենական կազմակերպություն, եւ մենք ընտրվեցինք արհկոմի կազմում։ Դրան հաջորդեցին Ճգնավորյանի կամայականությունները։ Մերժելով արհմիութենական կազմակերպության գոյությունը եւ այն ստեղծելու մեր սահմանադրական իրավունքը՝ Ճգնավորյանը, տարբեր անհիմն պատճառաբանություններով, մեզ՝ արհկոմի կազմում ընտրված երաժիշտներիս ազատեց աշխատանքից։ Կատարվածի մասին մեր բազմաթիվ դիմումներն՝ ուղղված մշակույթի նախարարին, մնացին անարդյունք, որից հետո ստիպված դիմեցինք դատարան։
1997 թ. մարտի 24-ին Սպանդարյանի շրջանի դատարանը վճռեց մեզ վերականգնել նախկին աշխատանքում։ Համաձայն դատարանի վճռի եւ տնօրինության կողմից տրված հրամանի, մենք ներկայացանք աշխատանքի։ Ճգնավորյանը մեզ դիմավորեց խուլիգանական արարքներով եւ վիրավորական արտահայտություններով, դուրս հանեց դահլիճից եւ զրկեց նվագախմբի աշխատանքներին մասնակցելու իրավունքից։ Այնուհետեւ վճռաբեկ գանգատ ներկայացրեց Գերագույն դատարան։ 1997 թ. մայիսի 7-ին Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիան որոշեց Սպանդարյանի շրջանի դատարանի վճիռը թողնել անփոփոխ։ Սակայն Գերագույն դատարանի որոշումից հետո էլ Ճգնավորյանի կողմից տրված հրամանով դարձյալ մեզ արգելվեց մասնակցել նվագախմբի փորձերին եւ համերգներին։ Իսկ հուլիս ամսին, խախտելով ՀՀ մշակույթի նախարարության կողմից հաստատված կանոնադրությունը՝ ատեստավորում անցկացնելու կարգի մասին, մեզ ազատեց աշխատանքից, ստիպված էինք նորից դիմել դատարան։
1997 թ. դեկտեմբերի 9-ին Սպանդարյանի շրջանի դատարանը վճռեց մեզ վերականգնել նախկին աշխատանքում։ Սակայն դեկտեմբերի 16-ի՝ մեզ աշխատանքում վերականգնելու մասին հրամանը ոչ մի կապ չուներ դատարանի կայացրած վճռի հետ։ Դեկտեմբերի 17-ին Սպանդարյանի շրջանի դատավոր Ե. Դանիելյանի կողմից ուղարկվեց մի գրություն, որով նախազգուշացվում էր, որ տրված հրամանը չի համապատասխանում դատական վճռի պահանջներին, եւ առաջարկում է հրամանը ձեւակերպել վճռի պահանջներին համապատասխան։ Սակայն դատավորի կողմից արված զգուշացումը անտեսվեց եւ հրամանը մնաց անփոփոխ։ Ստիպված էինք նորից դիմել տիկին Դանիելյանին, եւ որքան էլ զարմանալի է՝ մինչեւ օրս դեռ ոչ մի պատասխան չենք ստացել։
Եվ այսպես, մեկ տարուց ավելի զրկված լինելով սիմֆոնիկ նվագախմբում աշխատելու հնարավորությունից, ստիպված մեր փորձերն ու «համերգներն» անցկացրել ենք հանրապետության դատարաններում եւ դատախազությունում։ Մեզ պատճառվել է բարոյական, մասնագիտական, ֆինանսական եւ ֆիզիկական մեծ վնաս։
Լ. Ճգնավորյանի աշխատանքից ազատվելուց հետո միայն մեզ թույլ տվեցին մասնակցել նվագախմբի աշխատանքներին։ Սակայն Ճգնավորյանի տված կամայական հրամանի համաձայն, ինչպես աշխատանքից զրկված լինելու այդ մեկ տարվա ընթացքում, այնպես էլ աշխատանքում վերականգնվելուց հետո մինչեւ օրս մենք զրկվել ենք ՀԲԸՄ-ի կողմից նվագախմբի երաժիշտներին տրվող ամենամսյա հովանավորական գումարներից։ Առնվազն զարմանալի եւ տարօրինակ է այն փաստը, որ ՀԲԸՄ-ի նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանը երաժիշտների առջեւ պայմաններ է դնում՝ հովանավորական գումարներ ստանալու համար հրաժարվել իրենց սահմանադրական իրավունքից՝ չստեղծել արհմիութենական կազմակերպություն, չլինել արհմիության անդամ եւ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր, որում առաջարկված պայմանները ստրկական են։
Ցավալի է նաեւ այն, որ մեր բազմաթիվ դիմումներին՝ ուղղված հանրապետական եւ Երեւանի քաղաքային դատախազություններին, ինչպես նաեւ նախկին վարչապետներին, ՀՀ նախագահներին՝ նվագախմբի ձայնագրությունների հետ կապված ֆինանսական խախտումների մասին, Հանրապետական դատախազությունից ստացվել է պատասխան, ըստ որի կատարվել են ստուգումներ եւ խախտումներ չեն հայտնաբերվել։ Համոզված ենք եւ պատրաստ ենք ապացուցելու, որ խախտումներ կան։ Չկա միայն դրանք բացահայտելու ցանկություն։ Մենք ունենք եւ կարող ենք ներկայացնել ծանրակշիռ ապացույցներ կատարված բազմաթիվ կոպիտ ֆինանսական խախտումների մասին։ Ի դեպ, դրանց բացահայտման դեպքում պարզ կդառնար նաեւ, թե ինչքան եկամտահարկ մուտք չի արվել պետական բյուջե։
Հարգելի պարոն նախագահ, դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք, որ Ձեր միջամտության դեպքում վերջապես կլուծվի այս հոգեմաշ եւ կնճռոտ պատմությունը, կվերականգնվեն մեր սահմանադրական, աշխատանքային եւ քաղաքացիական իրավունքները, կվճարվեն մեզ հասանելիք գումարները։
ԱՐՏՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Նվագախմբի մենակատար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031