Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 08,1998 00:00
dataxazutyun text

ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության կապակցությամբ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ ՀՀ դատախազությունից ստացել է հաղորդագրություն, որում ասված է. «Օգոստոսի 6-ին, ժամը 17-ի սահմաններում ՀՀ դատախազության դատարաններում կայացված դատավճիռների եւ որոշումների օրինականության վրա հսկող բաժնի դատախազ Արամ Լյուդվիգի Կարապետյանը ներս է մտել ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Մկրտչի Խաչատրյանի աշխատասենյակ եւ հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակի 4 կրակոցներով սպանել է նրան: Այնուհետեւ նույն ատրճանակով կատարել է ինքնասպանություն:

Փաստի առթիվ ՀՀ դատախազության կողմից ՀՀ Քր.-օր.-ի 99 հոդվածի երրորդ կետի հատկանիշներով հարուցված է քրեական գործ եւ նախաքննության կատարման համար կազմվել է քննչական-օպերատիվ խումբ: Նախաքննությամբ պարզվել է, որ Արամ Կարապետյանի՝ դեռեւս ՀՀ տրանսպորտի դատախազ աշխատելու ժամանակ քրեական գործի անհետանալու կապակցությամբ, ինչը հայտնի էր դարձել այս տարվա հուլիսին, ՀՀ դատախազությունում կատարվել են համապատասխան ստուգումներ: Դեպքի վայրի զննության ընթացքում Արամ Կարապետյանի գրպանում հայտնաբերվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմում՝ սույն թվականի օգոստոսի 10-ից իր զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով:

Այդ դիմումը նա գրել էր ընդունարանում՝ ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակ մտնելուց անմիջապես առաջ: Ձեռնարկվում են քննչական-օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ սպանության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին պարբերաբար հաղորդումներ կտրվեն»: Հաղորդագրության մեջ միաժամանակ զանգվածային լրատվական միջոցներին կոչ է արվում զերծ մնալ նախադեպը չունեցող այս միջադեպին վաղաժամ եւ նախաքննության տվյալներից չբխող գնահատականներ տալուց:

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ

ՀՀ դատախազությունում ձերբակալություններ չեն կատարվել: Սա պատասխանն է տարածվող այն լուրերի, թե, իբր, գլխավոր դատախազի սպանության հետ կապված այստեղ ձերբակալություններ են կատարվել: Սպանության գործում երրորդ անձի գոյության հնարավորության մասին ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցի հարցին դատախազությունից պաշտոնապես պատասխանեցին, որ երրորդ անձի գոյությունը բացառվում է: Ինչպես հաղորդվել է, գլխավոր դատախազի առանձնասենյակում եղել են միայն ինքը եւ Արամ Կարապետյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց նստացույց անողները ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանից պահանջում են արդարություն եւ իրենց հարցերի արդարացի լուծում։ Իսկ դրանք տարբեր են՝ բնակարանային հարցերից սկսած, դաժան սպանություններով վերջացրած։ Նրանք մտադիր են մնալ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հարցերը բավարար պատասխան չեն ստացել։ Տեղեկացնենք, որ ցուցարարներից Ն. Հարությունյանը 5.08.98 թ. հացադուլի է դիմել, որի առողջական վիճակը ծանր է։ 7.08.98թ. շտապօգնության բուժանձնակազմը զննեց հացադուլավորին եւ խորհուրդ տվեց դադարեցնել այն ու տեղափոխվել հիվանդանոց, որից էլ խուսափեց Ն. Հարությունյանը։ Հարցերը ճիշտ լուծում չստանալու դեպքում մյուս ցուցարարները եւս կդիմեն այդ քայլին։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31