Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Օգոստոս 08,1998 00:00
kusakcutyunner

Տեսակետներ, կարծիքներ կամ էլ ուղղակի կուսակցական խոսք ՀՀ դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության առիթով

«Առավոտի» թղթակիցները փորձեցին մեկնաբանություններ ստանալ կուսակցությունների գրասենյակներից։

«Շամիրամ» կուսակցություն Շողեր Մաթեւոսյան (համանախագահ)

– Ցավակցում ենք երկու զոհերի ընտանիքներին այս ողբերգական միջադեպի կապակցությամբ։ Ցավակցում ենք նաեւ մեր հասարակությանը այս արտառոց միջադեպի կապակցությամբ եւ հույս հայտնում, որ սա չի դառնա հանրապետությունում անկայունության չարագուշակ սկիզբ։

Կոմկուս Սերգեյ Բադալյան(1-ին քարտուղար)

-Իմ տեսակետից՝ Հենրիկ Մկրտիչի Խաչատրյանը քաղաքական եւ իրավական աշխարհի այն եզակի ներկայացուցիչներից էր, որն աշխատում էր Հայաստանի գերագույն իշխանության օղակում։ Ուներ քաղաքացիական կեցվածք, ծայր աստիճան բարձր որակավորում ունեցող իրավաբան էր, եւ սա հսկա կորուստ է մեր ժողովրդի համար։ Վերջերս եմ հանդիպել իրեն։ Ասացի իրեն, որ այս գարշահոտությունը, որ փչում է իշխանության գրեթե բոլոր օղակներից, այս ֆոնի վրա, ինձ հիշեցնում է իր սկզբունքային մոտեցումները։ Մենք խոսում էինք մասնավորապես դատական այսպես կոչված ռեֆորմի մասին եւ եկանք մի ընդհանուր կարծիքի, որ անհեթեթություն էր Գերագույն դատարանի վերացումն ու, այպես կոչված, Վճռաբեկ դատարանի ստեղծումն այսպես արագ։

Ես հիշում եմ նրա խոսքերը, որ ասաց, թե 35 կարեւորագույն գործ է նայում այսօր ԳԴ-ում եւ ինչ-որ մի տեղ երեւի որոշ մարդիկ կշահեն Վճռաբեկ դատարանի ստեղծմամբ, որն իրավազուրկ մի մարմին է։ Եվ այդ գործերի վերադարձը 1-ին ատյանի դատարաններ կնպաստի նրան, որ այդ գործերն իրենց տրամաբանական ավարտին դեռ երկար ժամանակ չհասնեն… Ես իմ զարմանքն եմ հայտնում, թե ինչպես այդքան արագ ոմանք, այդ թվում նաեւ պաշտոնական տեղեկատվական մարմինները, անմիջապես ձեւակերպեցին վարկած, որ եղել է սպանություն եւ ինքնասպանություն։ Այդպես չի լինում։ Խոսքն անմեղության կանխավարկածի մասին չէ։ Ըստ իս՝ միայն մեկ գնահատական պետք է առայժմ լինի՝ Հանրապետության գլխավոր դատախազի առանձնասենյակում հայտնաբերվել են 2 սպանվածներ։

ՀՀՇ Անդրանիկ Հովակիմյան (փոխնախագահ)

– Խորապես ցավակցում ենք հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, եւ հուսով ենք, որ սպանության բոլոր հանգամանքները շատ արագ կբացահայտվեն, ինչը կարող է նպաստել հանրապետության ներհասարակական լարվածության թուլացմանը։ ՀՅԴ Գեղամ Մանուկյան (ԳՄ անդամ)- Երեւույթն արդեն սարսափելի է նախ որպես քաղաքացու սպանություն եւ երկրորդ հերթին, որպես Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներից մեկի, առավել եւս՝ օրինապահ մարմիններից մեկի ղեկավարի սպանություն։ Դա սարսափելի է եւ դատապարտելի։ Երկրորդ հարցը, որ կա, դրդապատճառներն ու հիմքերն են։ Եվ կարծում ենք, որ օրենքի տառը հարգելու համար եւ անմեղության կանխավարկածը պահպանելու համար (իսկ ՀՅԴ-ն նման հարցերում շատ զգայուն է) առայժմ ձեռնպահ ենք մնում ենթադրություններ անելուց։

Բայց վստահեցնում է այն, որ այս հարցը մինչեւ վերջ կհետապնդվի, եւ մենք եւս մեր ուժերի ներածին չափով այդ ամենին կհետեւենք, որպեսզի հասարակությունը վերջում ամբողջապես տեղեկանա այդ մասին։ Որովհետեւ սա եւս մի փորձաքար է Հայաստանում օրինականության վերահաստատման համար։ Ուզում եմ ավելացնել նաեւ, որ մեր կողմից ամեն ինչ կարվի որպես ի կատարումն ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարության, որ դատախազի սպանությունը պատճառ չպիտի դառնա նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման խոչընդոտմանը… Այն առաջին դրվագները, որ ներկայացվել են, առայժմ որեւէ հիմք չեն տալիս որոշակի ենթադրություններ անելու համար։ Պարզ իրավական նորմ է. սպանությունը պիտի ապացուցվի։

Ս.Դ. Հնչակյան կուսակցություն Է. Սողոմոնյան (ատենապետ)

– Մենք մեղադրում ենք ցանկացած բռնություն։ Հ. Խաչատրյանին, ինչպես հայերն են ասում, հարյուր տարի ճանաչում էի որպես ԱԺ-ի իրավաբանական ծառայու

թյան ղեկավար, սահմանադրական դատարանի դատավոր եւ որպես դատախազ։ Ինձ թվում է, որ մեր պետության ղեկավարները ամեն ինչ պիտի անեն, որպեսզի այս երեւույթների դեմը առնվի։

ԻՄ-ը հետո կխոսի

Հանրապետության գլխավոր դատախազի սպանության փաստի առնչությամբ ԻՄ-ի դիրքորոշումը պարզելու մեր հարցմանը կազմակերպության փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը ոչինչ ասել չի կարող, քանի որ ինֆորմացիա դեռ չունի։ Այնուհետեւ խնդրեց սպասել, մինչ ինքը կփորձի ինչ-որ բան ճշտել (գուցե ԻՄ նախագահի՞ հետ)։

Շատ չանցած նորից հայտնվելով, ուղղակի տեղեկացրեց, որ ներկա դրությամբ ավելացնելու ոչինչ չունի եւ եթե դրա անհրաժեշտությունը լինի, կուսակցությունն իր դիրքորոշումը կշարադրի մամուլով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31