Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Եվս մի ինքնասպանություն

Սեպտեմբեր 15,1998 00:00
shtap

Կիրակի օրը, սեպտեմբերի 13-ին, Եզնիկ Կողբացու եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում ոչ սովորական միջադեպ էր։ Գնալով ստվարացող մարդկանց խումբը, վա՜յ-վա՜յ անելուց ու զարմացական հառաչանքներից բացի, պատրաստակամության ռեալ փորձեր էր անում առաջին օգնություն ցույց տալու հենց նոր թիվ 2 նյարդաբանական հիվանդանոցի 4-րդ հարկից իրեն նետած կնոջը օգնություն ցույց տալու, որ վերեւից նայող բժիշկների կարծիքով դիակ էր, բայց դեռ շարժումներ էր անում ու կենդանության հույսեր ներշնչում։

Մինչ այսպես կանգնած հազիվ էինք մեզ զսպում, որ «դիակին» շուռ չտանք, ինչ-որ մի հումանիստ գտնվեց եւ ասաց, որ արդեն հայտնել է համապատասխան մարմիններին, այսինքն՝ մոտակա Սպանդարյանի տարածքի դատախազություն, եւ որ շուտով կգան ու նոր միայն իրավունք «կստանանք» կնոջն օգնելու։ Ինչեւէ, ներքեւիններիս երկար փնթփնթոցից ու բժիշկ պահանջելու բողոքներիցս հոգնած ու զզված, վերջապես վերեւից մի սպիտակ խալաթավոր տղամարդ իջավ, հետո մի կին, ձեռքերն անհույս դրեցին ինքնասպան եղած կնոջ զարկերակին ու պարզեցին, որ այլեւս չի բաբախում։ Դեպքից անցել էր արդեն 30 րոպե։

Մի տասը րոպե անց էլ եկավ դատախազության (Սպանդարյանի) նմանատիպ գործերով զբաղվող քննիչը (Ս. Հարությունյան), խիստ պատվիրելով, որ դիակին հանկարծ ոչ ոք չմոտենա, մինչեւ դեպքի մասին համապատասխան արձանագրություն կազմելը, ու չմոռացավ նկատել, որ դիակի ականջօղն ականջից ընկել է։ Հետո եկավ դատախազության վարչության պետը, նրա հետ այլ աշխատակիցներ ու սպասեցինք շտապօգնության դիակ տեղափոխող մեքենային։ Վերջինս ժամանեց եւս 20-25 րոպե անց։

Ի դեպ, իմացանք նաեւ, որ այս մեքենան միակն է քաղաքում, եւ սրանից ավելի օպերատիվ ծառայություն սպասել չէր կարելի։ Քննիչը դիակը մեքենայում տեղավորելուց հետո (չմոռանանք նաեւ, որ մինչ դիահերձարան ուղարկելը վարչության պետը ստիպեց, որ գտնեն նաեւ երկրորդ ականջօղը, որ հանձնեն կնոջ տղային, որը վերեւում աղիողորմ ճիչերով բոլորին հայհոյում ու հավատացնում էր, որ մայրն ինքնասպան երբեք չէր լինի) բարձրացավ բաժանմունք՝ բժիշկներից պարզելու՝ ինքնասպանությո՞ւն է դա, թե՞ ոչ։ Դիակ տեղափոխող մեքենան սպասեց այս վերջին արձանագրությանը, առանց որի տեղից շարժվել չէր կարող։ Ներքեւում եղողները դեռ քննարկում էին, թե խեղճ կինն ո՞ւմ դարդից է մեռել։

ԳՈՀԱՐ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930