Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿՆ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԲԱՑԵՐԸ ՀՄԱՅԻՉ ԺՊԻՏՈՎ ԷՐ ԼՐԱՑՆՈՒՄ

Սեպտեմբեր 16,1998 00:00
Kasya Abgaryan

Կասյա Աբգարյանի ճեպազրույցին երեկ ներկա բազմաթիվ լրագրողների մեջ առանձնահատուկ էր արցախցի ճանապարհորդ Սերգեյ Մարտիրոսյանը, որ նստել էր առաջին շարքում։ Աշխարհե-աշխարհ ոտքով ման գալով՝ ուր ասես չես հայտնվի։ Իզուր չէ, որ ասում են՝ «Հարցնելով Բաղդադ կհասնես»։

Նախագահի այցելություններ

Սովորականի պես նախագահի խոսնակը նախ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի այս շաբաթվա ընդունելությունները, այցելությունները։ Ասենք նշվեց, որ սեպտեմբերի 16-ին նախագահն այցելելու է Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով է պատճառաբանված այս այցելությունը. «Ուրեմն, բժշկական կենտրոնը սրտաբանական ռեգիոնալ կենտրոն է։ Եվ իրենց արդյունքները շատ լավն են։ Տարածաշրջանի ամբողջ տարբեր երկիրներից գալիս են սրտաբանական հարցերով։ Եվ պարզապես պիտի գնա, ինքը ավելի լավ մոտիկից ծանոթանա իրենց աշխատանքի հետ»։ Ամենայն հավանականությամբ, նախագահն այսօր նաեւ ընդունելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Ճշտելու փորձեր

«Ճշմարիտ կամ հավաստի՞ են այն լուրերը, որ ռուսական կողմը պատրաստվում է հայ-թուրքական սահմանից հանել ռուս սահմանապահներին»,- «Ազգի» այս հարցին տիկին Կասյան պատասխանեց. «Այդպիսի ստույգ ինֆորմացիա մենք չունենք եւ ոչ մի համապատասխան մեկնաբանություններ չենք կրնա տալ»։ «Լուրեր կան, որ առաջիկայում նախագահի վարչակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունենալու։ Հատկապես շեշտվում է վարչապետը, մի քանի մինիստրներ, այդ թվում՝ նաեւ Գառնիկ Նանագուլյանը»,- սա էլ «Գոլոս Արմենիի» թղթակցի հարցի ճշգրիտ վերաշարադրանքն է, որին խոսնակն այսպես արձագանքեց. «Վարչապետի հետ կապված լուրը բացարձակապես սուտ է։ Իսկ կադրային փոփոխություններ միշտ են լինում՝ այնպիսի մասնավոր հարց չկա։ Պարզապես բնական աշխատանքային գործընթացք է դա» (հիշեցնենք, որ մենք խոստացել էինք չխմբագրել խոսնակի արտահայտությունները։ Նաեւ նույնությամբ ենք մեջբերում լրագրողների հարցերը)։

«Գոլոս Արմենիի» թղթակիցը նաեւ նախագահի կնոջ՝ Բելա Քոչարյանի առնչությամբ հետաքրքրվեց. «Ընդհանրապես ինչո՞վ է նա զբաղվում։ Բացի նրանից, որ տնայնագործությամբ է զբաղվում՝ որեւիցե հանրօգուտ աշխատանքով զբաղվո՞ւմ է»։ Որքան այս հարցն էր լավը, նույնքան լավն էր եւ պատասխանը. «Ինքը ընդհանրապես չի աշխատում։ Ինքը, ինչպես գիտեք, բժիշկ է»։

ԼՂՀ քաղաքացիներին տրվելիք անձնագրերի վերաբերյալ տեղեկությունը ճշտելու խնդրանքին ի պատասխան այնպիսի պարզաբանումներ հետեւեցին, որոնք լիակատար դարձրին այս նուրբ խնդրում խառնաշփոթը. «Ղարաբաղի բնակչության այն մարդիկ, որ պետք է ճամփորդեն՝ իրենք այսօր ունեն միայն սովետական փասփորթ։ Եվ միջոց չունեն ճամփորդելու իրենց ունեցած անձնագիրերով։ Նրա համար է, որ մենք Հայաստանի կողմից տրվում է իրենց հատուկ կարգավիճակով փասփորթ՝ անցագիր, որ շատ նմանատիպ է՝ գույնը, ձեւը»։

«Հայքի» թղթակիցն էլ անդրադարձավ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի այն բացահայտմանը, թե 1997-ի դեկտեմբերին բանակցություններ էին սկսել, որոնց արդյունքում 1998-ի փետրվարի 12-ին նաեւ ուժային կառույցների ղեկավարների հետ միասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պիտի պահանջեին։ «Տեղյա՞կ էր արդյոք այդ մասին այն ժամանակվա վարչապետ՝ այսօրվա հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե դուք պատրաստ չեք հարցին պատասխանելու՝ ես ձեր ներողամտությունն եմ հայցում եւ ավելի ուշ ձեզ կանհանգստացնեմ այդ հարցով»։ Խոսնակը ներողամիտ ժպիտով թույլատրեց. «Ավելի շուտ անհանգստացրեք ինձ»։

«Խորհրդավոր ընթրիքի» մնացորդները

«Հայոց աշխարհում» օրերս եղավ հաղորդագրություն ՀՀՇ-ի պատրաստած… այսպես… հանրապետության ներքին վիճակը լարելու եւ այլնին ուղղված քայլերի մասին։ Ինչպիսի՞ արձագանքներ կան աշխատակազմում այս վերաբերյալ»,- «Երկիրի» թղթակցի այս հարցին Կասյա Աբգարյանն այնպես պատասխանեց, կարծես վստահ էր այդ լուրի ճշմարտացիությանը (չնայած հրապարակման մեջ նշված շատ անձինք արդեն հերքել են այն). «Գիտեք, քանի որ Հայաստանը բռնած է ժողովրդավարության ճանապարհը՝ տվյալ հասարակական խումբ կամ անձ կրնա ոեւէ ժամանակ խոսքի ազատությամբ ժողովներ գումարել եւ քննարկել տարբեր հարցեր։ Եվ նրանից դուրս ոչ մի ուրիշ մեկնաբանություն չկա մեր կողմից»։

«Առավոտի» հարցն էլ էր լրագրային այդ «բադիկին» վերաբերում, որի նպատակն ակնհայտորեն առավել հաջողակ մրցակցին վարկաբեկելն է. «Այն ամբողջը, որ Դուք ասացիք նախընտրականի շրջանին՝ չէի կրնար ասել, որ ճիշտ ինֆորմացիա է։ Բայցեւայնպես հետաքրքիր է այն հանգամանքը, որ ես իսկապես… ինձ փորձում են, ասենք, մեղադրել կոմունիստական աշխատանքի ձեւի մասին (մեր հարցի վերաշարադրանքը զետեղել ենք առաջին էջում, եւ կարող եք համոզվել, որ նման որեւէ մեղադրանք չէր հնչել- Ա. Ի.), երբ որ ես այդ դպրոցից չեմ անցել։ Ընդհակառակը, եկած եմ ԱՄՆ-ից։ Շատ ավելի դեմոկրատական աշխատաձեւ եմ փորձում իրականացնեմ այստեղ։ Եվ այսինքն, դա նշանակում է՝ ես միայն կրնամ հենվիլ ստույգ աղբյուրների վրա։ Եվ ուրիշ բան չի կարելի անել»։ Սակայն մեր մատնանշած արարքների պատասխանատվությունը երբեւէ դրանց հեղինակները չեն ստանձնում, իսկ մրցակցին վարկաբեկելու համար միջոցների մեջ խտրություն չդնելով ԱՄՆ-ում էլ ոչ ոքի չես զարմացնի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Մինչեւ հոկտեմբերի 1-ը խոսնակն այլեւս ճեպազրույց չի անցկացնելու, քանզի նախագահի հետ ԱՄՆ է մեկնելու, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենալու ՄԱԿ-ում, հանդիպելու է 6 հազարից ավելի ամերիկահայերի հետ (ըստ Կասյա Աբգարյանի), մասնակցելու Քըրք Քըրքորյանի կազմակերպած ընդունելությանը, որին ներկա կլինի նաեւ Շառլ Ազնավուրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930