Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 16,1998 00:00
Artur Bagdasaryan

Սեպտեմբերի 15 խորհրդարանական օրվա շուրջ կեսն անցավ փակ դռների ետեւում։ Ազգային ժողովը դռնփակ նիստով քննարկում էր համաներման հարցը, որի վերաբերյալ առաջարկություն էր ստացվել հանրապետության նախագահից։ Ի դեպ, մեկ շտրիխ եւս՝ պատգամավորներն առանձնակիորեն ակտիվ չէին այս հարցի քննարկումների ժամանակ եւ ինչպես սովորաբար, այս դեպքում եւս, նիստերի դահլիճը կիսադատարկ էր։

Ինչեւիցե, խնդիրը լուսաբանման կարոտ է, որովհետեւ բազմաթիվ մարդկանց ճակատագրեր է «շոշափում», եւ այդ պատճառով էլ զրույցի հրավիրեցինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին։

– Ակտիվ քննարկումներ ծավալվեցին։ Համաներումն, ըստ էության, տարածվելու է ավելի քան 1000 մարդու վրա։ Փաստաթուղթը հիմնականում ունի նույն բովանդակությունը, որոնցով համաներում է հայտարարվել նախորդ տարիներին։ Հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության շրջանում պետությունը նման քայլի է գնացել չորս անգամ։ Սա հինգերորդ համաներումը կլինի։ Այն տարածվելու է մինչեւ 3 տարի ժամկետով դատապարտված քաղաքացիների վրա։ Ամնիստիա է հայտարարվում նաեւ նրանց համար, ովքեր դատապարտվել են մինչեւ 5 տարի պատժաժամկետով, բայց մասնակցել են հայրենիքի սահմանների պաշտպանության գործին կամ եղել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ Հստակորեն սահմանված են այն հանցատեսակները, որոնց վրա համաներումը չի տարածվում։ Դրանք 49 պրիմ հոդվածում թվարկված հանցագործություններն են, որոնք որակվում են «ծանր» բնորոշմամբ։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը մի քանի առաջարկություն է ներկայացրել հանրապետության նախագահին՝ համաներումը կիրառել բռնադատվածների նկատմամբ, որն ընդունվել է։ Մենք խնդիր ենք դրել նաեւ հստակեցնել, թե որ գերատեսչություններն են փաստաթուղթ տալիս մարտական գործողություններին մասնակցած լինելու մասին։ Մենք պնդել ենք, որ հստակ գրվի՝ այդ փաստաթուղթը տալու իրավասություն ունի պաշտպանության նախարարությունը։ Առաջարկությունն ընդունվել է։ Կան նաեւ որոշ վիճահարույց հարցեր։ Մեր կարծիքով, համաներումը չպետք է տարածվի 112 պրիմ հոդվածով դատապարտվածների վրա, որով պատժաժամկետ է սահմանվում բռնի ուժով սեռական գործողությունների կատարման հարկադրած անձանց նկատմամբ։ Մենք կարծում ենք, որ համաներումը չպետք է տարածվի բռնաբարություն կատարած անձանց, ինչպես նաեւ 119/2 հոդվածով դատվածների վրա։

Այս վերջին հոդվածը պատիժ է սահմանում այն անձանց նկատմամբ, ովքեր ՍՊԻԴ հիվանդությամբ վարակելու միտումնավոր գործողություններ են կատարել։ Ընդունվել է նաեւ մեր այն առաջարկը, որ համաներումը չպետք է կիրառվի նրանց նկատմամբ, ովքեր ակնհայտորեն անմեղ անձանց քրեական պատասխանատվության են ենթարկել։ Այն չի տարածվելու հետաքննչական մարմնի միտումնավոր սխալ թույլ տված աշխատակցի՝ քննիչի ու դատախազի վրա։ Մի խոսքով՝ մեր առաջարկությունների հիմնական մասն ընդունվել է։ Ասեմ նաեւ, որ կոմունիստական ֆրակցիան ակտիվ էր հատկապես այն խնդրի քննարկման ընթացքում, թե համաներումը չպետք է տարածվի բռնաբարություն կատարածների եւ արվամոլների վրա։ Հանձնաժողովը համաձայն է կոմունիստների հետ։ Հանրապետության նախագահը, փաստորեն, ընդունեց մեր բոլոր առաջարկությունները, բացի մեկից։

– Բացի որի՞ց։

– Մինչեւ դեկտեմբերի 15-ն այս որոշումը ուժի մեջ է։ Փաստորեն, մերժվեց մեր ընդամենը մեկ առաջարկությունը, որ համաներումը չտարածվի 116 հոդվածի վրա։ Դրանով պատժաժամկետ է սահմանվում արվամոլության համար։

– Ուզում եք ասել, որ նախագահը պաշտպանո՞ւմ է արվամոլներին։

– Հազիվ թե։

– Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել…

– Ինչպես հիմնավորեց արդարադատության նախարարը, դա պայմանավորված է եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրվելու խնդրով։ Վերջում ասենք, որ խորհրդարանը 129 կողմ, 0 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով որոշեց խմբերից եւ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ տալով, ստեղծել հանձնաժողով, որը հետեւելու է համաներման ընթացքին։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930