Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔ ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 17,1998 00:00
lurer

ԽՈՍՔ ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Ընթերցողին ենք ներկայացնում «Առավոտի» դեղին էջերը, որոնք կոչված են վերջապես պարզություն մտցնել հաճախակի շոշափվող այն հարցում, թե որն է իրականում «դեղին մամուլը»։ Բարեկամաբար խնդրում ենք այս էջերի հերոսներին՝ ըմբռնումով մոտենալ եւ չդիմել դատարանների եւ մետաղաձողերի օգնությանը, ընկալելով այս հրապարակումները որպես «դեղնության» առաջին փորձ։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության գլխավոր խմբագիր Հրայր Թամրազյանին խնդրում ենք ուշադիր կարդալ այս չորս էջը՝ որոշելու համար, արդյոք դրանք, արեւմտյան չափանիշներով, բավականաչա՞փ «դեղին» են։

«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ… »

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկինը պատվիրել է մի հուշանվերային կարպետ, որի վրա լինի Մաշտոցյան այբուբենը։ Ենթադրվում է, որ առաջին տիկնոջ այդ քայլը հետապնդում է նաեւ ուսուցողական նպատակ։

ՀՕԽ-Ի ԿՈՒԺՆ ՈՒ ԿՈՒԼԱՆ

1,5 ամիս առաջ կանանց հասարակական կազմակերպությունները հանդիպեցին հանրապետության առաջին տիկին Բելա Քոչարյանի հետ (Ընդունելությունների տանը)։ ՀՕԽ-ի ատենապետ Ալվարդ Պետրոսյանը հանդիպման վերջում առաջին տիկնոջը նվիրեց փոքրիկ կուժ։ (Ասում են՝ ներսում ոսկյա խորհրդանշական մատանի է եղել)։

– Ի՞նչ իմացաք, որ կուժ նվիրելը մեր ադաթն է եղել,- ասել է տիկին Բելան։

Իսկ մատանի՞ն…

ԻՍԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ…

Վերջերս մի հեռուստահաղորդման ժամանակ վարչապետի կինն ասաց, որ բնակվում են երկու սենյականոց բնակարանում։ «Առավոտը» կարողացավ պարզել, որ վարչապետն ապրում է ոչ թե երկու, այլ երեք սենյականոց բնակարանում։ Հավանաբար, պարոն վարչապետը իր կնոջը ցույց չի տվել իրենց բնակարանի երրորդ սենյակը եւ փաստաթղթերը։

ՈՒՍՏԻ ԿՈՒԳԱՍ, ՂԱՐԻԲ ԲԼԲՈՒԼ

Հայկական մշակույթի օրերը Գերմանիայում ներկայացնողներին դիմավորելիս լսվել են «Պա՜պա, պա՜պա» անզուսպ ու կարոտալից բացականչությունները։ Եթե դուք էլ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը լինեիք, ձեր որդին էլ հոլանդիաներում կրթություն ստանար, նույն կարոտով դուք էլ կնետվեիք ձեր «ղարիբ» որդու գիրկը։

ԿԵՑՑԵ ՍԱՍՈՒՆԸ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Շառոյաններին շառ անող աղբյուրների, հայ դարավոր մշակույթին արված շառը, այն է՝ Ռոլանդ Շառոյանին մշակույթի նախարար նշանակելը, դրականորեն անդրադարձավ նրա քրոջ ընտանիքի կյանքում, որովհետեւ այս տարի տարբեր բուհեր (մշակութային թեքումով) ընդունվեցին նրա քրոջ ուստրն ու դուստրը…

ՆՈՐ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ

Հայ արվեստին ու արվեստագետներին վերջերս այսպես է բարեմաղթում Օհան Դուրյանը. «Փորձանքից, շառից ու շառոյաններից հեռու»….

ԱՅՍ ՕՐԵՐԻ ՀԱՐՑԸ

– Ինչո՞ւ ՍԻՄ-ին պաշտոն չտվին։

– Որովհետեւ,- ասել է Հրանտ Խաչատրյանը,- Ռոբերտ Քոչարյանին սատարող կազմակերպություններից միայն ՍԻՄ-ը մասնակցեց մաքուր ձեռքերով։

«ԲԱՆԴԻ՛Տ»

Ինչպես եւ կարգն է՝ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական հեռագիր է ուղարկել Եվգենի Պրիմակովին՝ Ռուսաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Բայց նրանց միջեւ փոխհարաբերությունները բնավ ջերմ բարեկամական չէին անվանի այն անձինք, որոնք տարիներ առաջ՝ գերիների հերթական փոխանակման ժամանակ, օդանավակայանում ականջալուր էին եղել, թե ինչպես է Ռուսաստանի արտգործնախարարը ի խորոց սրտի «արտահայտվում» ԼՂՀ նախագահի հասցեին։ Որակումները գրաքննությամբ չէին անցնի։

ՎԱՐՔ ՄԵԾԱՑ

ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին մեծ մասամբ ուղղակի «կամանդույուշչի» են անվանում, սակայն ընդունված է նաեւ նրան «44» կոչել։ Ասում են, որ դա ռադիոկապի միջոցներով նրա հետ խոսելու նշանաբառն է։ Ու միայն «Սյամոյին» չսիրողներն են, որ նրան «Իժո» են անվանում։ Բացատրությունը երեւի թե անտեղի է։ «Կամանդույուշչիի» նախկին գործունեության մասին ասում են, թե խորոված պատրաստող է եղել ու մի ժամանակ էլ՝ ավտո լվացող։ Այս կապակցությամբ բերնե-բերան անցնող մի պատմություն էլ կա, թե ինչպես է պրն Բաբայանը մի հանդիպումից դուրս գալով մատն իր մեքենային քսել ու կշտամբանքով ասել (մատը ցցած). «Բա մենք սենց էի՞նք մեքենա լվանում»։

Կոնյակի պատիվը բարձր են պահում հյուսիսում

Հայաստանի ժողովրդահայրենասիրական կազմակերպությունների միության երկու անդամների՝ Հայկոմկուսի 1-ին քարտուղար Սերգեյ Բադալյանին եւ «Հայկանդուխտ» ավանդապաշտական-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանին Մոսկվա, միջազգային խորհրդակցության էին հրավիրել ընկերներ Ռիժկովն ու Զյուգանովը։ Ուտուշ-խմուշի ժամանակ Ադրբեջանի ժողովրդահայրենասերները ընկերներ Զյուգանովին եւ Ռիժկովին են նվիրել ընկեր Լենինի արձանիկը եւ հպարտացել, որ իրենք առաջինն են ԺՀ-ին նվեր տալիս։

– Դուք ուշացել եք,- պատասխանել է ընկեր Զյուգանովը,- որովհետեւ առաջին նվերը հայերինն էր՝ «արմյանսկի կոնյակ»։ Հայկական կոնյակն իր ճակատագրական օրերին էլի բարձր է պահել մեր պատիվը հյուսիսում…

Բոլոր հանդիպումներին ամենաակտիվ ծափ տվողը եղել է Սուրեն Զոլյանի մայրը՝ Սեդա Վերմիշեւան։

Ապրի փեսան

Գյուղնախարար Վլ. Մովսիսյանի տիկինն այս ուստարվանից ղեկավարելու է ակադեմիայի ասպիրանտուրայի վարչությունը (գյուղինստիտուտի)։ Բնական է, որ հանրահայտ Վլ. Մովսիսյանը թույլ չէր տա իրեն, որ իր սիրասուն կինը աշխատեր ԳԱ-ի տարիներով չնորոգված շենքի գյուղական պայմաններում։ Ուստի, ամռանը, ի տարբերություն այլ բուհերում տիրող քննական եռուզեռի (գյուղակադեմիան ազատված էր այդ հոգսից), այնտեղ շինարարական «քննաշրջան» էր. գլխավոր մասնաշենքը վերանորոգվում էր։

Ըստ լուրերի, այն կապ չունի ՀՀ նախագահի նախընտրական ծախսերի, նպատակային գյուղվարկերի հետ։ Ասում են, վերանորոգման «պատրվակը» գյուղնախարարության «Ագրոպրեսը» ԳԱ տեղափոխելն է եղել…

Բարձրաստիճան վեճ

Ըստ որոշ լուրերի, գյուղնախարար Վլադիմիր Մովսիսյանը իմանալով, որ վարչապետը կոնյակի գործարանը վաճառելուց առաջ որպես դուստր ձեռնարկություններ դրանց է միացրել նաեւ Արտաշատի, Արմավիրի եւ Մրգաշենի գործարանները եւ միասին վաճառել, կատաղությունից պարզապես հայհոյել է Դարբինյանին: Վերջինս, ինչպես ասում են, տակ չի մնացել: Թե ինչ միջոցներով է հաջողվել ստանալ Մովսիսյանի լռությունը , պատմությունը չի հիշատակում, սակայն վերջերս ավելի ու ավելի են հաճախացել շշուկներն առ այն, որ Արմեն Դարբինյանը գյուղնախարարի հարմար թեկնածու է փնտրում:

ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ ՄԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Արմավիրի շրջանի Զարթոնք գյուղում տեղադրված է համակարգիչ եւ լազերային տպիչ։ Այդ եզրակացության կարելի է գալ, կարդալով Արմավիրի մարզպետ Հերոյանին գովերգող նամակները, որ ստորագրված են Զարթոնքի աշխատավորները։ Սպասում ենք, որ մարզպետի համառ ջանքերով յուրաքանչյուր զարթոնքցու տանը կտեղավորվի լողավազան, սաունա ջագուզի, ինչպես նաեւ արբանյակային անտենայով «Ֆիլիփս» հեռուստացույց։ Մոտ ապագայում նախատեսվում է Զարթոնք գյուղը դարձնել զբոսաշրջիկների ուխտավայր։

«ՈՒԴՈՅԻ» ՄՈՏ՝ ԹԵԿՈՒԶ ԱՌԱՆՑ «ՈՒԴՈՅԻ»

Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի մտերիմներն այս ամառ նրա իսկ հրավերով մեկնել էին Սեւան հանգստանալու, սակայն ճանապարհին պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են նրանց մեքենան, պահանջել են փաստաթուղթ՝ «ուդո…»։ Մեծ է եղել ՆԳ աշխատակցի զարմանքը, երբ մտերիմներն ասել են.

– Հա, հա, Ուդոյի մոտ ենք գնում…

Պարզվել է, որ մարզում սիրելի մարզպետին «Ուդո» են կոչում։

ԲԱՐՁՐԱՇԽԱՐՀԻԿ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԵՐ

Հարսնացու ճարելու գործը խիստ հեշտացրել է PTP-ի «Սեր առաջին հայացքից» հեռուստահաղորդումը։ Տարածքային ինքնակառավարման նախարար Դավիթ Զադոյանի որդին, օրինակ, իր հարսնացուին այսպես է «գտել»։ Միայն թե հաստատ համոզված լինելու համար, որ հարսնացուն հենց այն կլինի, ինչը պետք է «հայ օջախին», երիտասարդ Զադոյանը իր հետ խաղի է տարել… իր սեփական հարսնացուին։ Տեսնես ի՞նչ է արժեցել հայր Զադոյանին այս ներկայացումը։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ ՄՏԵԼ Է ՓԱԿՈՒՂԻ

Հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության գործի հետաքննությունը մտել է փակուղի։ Պաշտոնական վարկածի համաձայն, իր տաբելային (հաշվացուցակային) ատրճանակով դատախազին սպանել եւ այնուհետեւ ինքնասպանություն էր գործել դատախազության աշխատակից Արամ Կարապետյանը։ Գործը վարող քննչական խումբը Ա. Կարապետյանի աշխատասենյակի եւ բնակարանի խուզարկությունից հետո խիստ գաղտնի էր պահում հայտնաբերված փաստաթղթերից մեկը։

Փաստաթուղթը գրել է անձամբ Ա. Կարապետյանը, եւ թվագրված է՝ 1998 թ. փետրվարի 21։ Խոսքը գնում է հենց նույն՝ «Մակարով» տիպի տաբելային ատրճանակի մասին։ Իր զեկուցագրում Ա. Կարապետյանը նշում է, որ իր ատրճանակը ս.թ. փետրվարի սկզբներին անհետացել է իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանից։ Զեկուցագրում նշվում է, որ «կորուստի» մասին ինքը անմիջապես տեղյակ է պահել իր անմիջական ղեկավարությանը եւ եւս երեք աշխատակիցների։

Չստուգված լուրերի համաձայն, այդ երեքից երկուսը իրենց գրավոր ցուցմունքներով հաստատել են այս փաստը։ Գործը վարող քննչական խմբին դիմել են Արամ Կարապետյանի եւս չորս-հինգ ընկերներ, որոնք իրենց ցուցմունքներով պատրաստ են հաստատել տաբելային զենքի կորչելու փաստը։ Քննիչներն ամենատարբեր պատճառաբանություններով հրաժարվում են քրեական գործին կցել նրանց ցուցմունքները։ Դարձյալ չճշտված լուրերի համաձայն, ղեկավարությունը գործը վարող քննիչներին սպառնացել է պաշտոնանկ անել եւ դատի տալ խուզարկությամբ հայտնաբերված զեկուցագրի մասին ինֆորմացիայի արտահոսքի պատճառով։

ՀՈՎՍԵՓ ԱՂՎԱՆՅԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆ՝ ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

Ողջ կյանքը հանուն հայրենյաց սիրո բանտերում ու աքսորավայրերում անցկացնելով՝ Պարույր Հայրիկյանը չի հասցրել մի կարգին կրթություն ստանալ։ Չնայած բանաստեղծություններ ու երգեր գրելուն դա չի խանգարում, բայց այնուամենայնիվ մի քանի տարի առաջ մեծն հայրենասերի սրտում բուռն ցանկություն է ծնվում բարձրագույն կրթություն ստանալ անկախ ու ինքնորոշված Հայաստանի մայր բուհում։ Սակայն վերջինիս անխիղճ ղեկավարությունը բոլորովին չի գնահատում մեծ ազգասերի հայրենանվեր ծառայություններն ու չի բավարարում նրա այդ փոքրիկ ցանկությունը, քանի որ պարոն Հայրիկյանը չի կարողանում ապացուցել, որ գոնե միջնակարգ կրթություն ստացել է։

Այն հաստատող ավարտական վկայականի բացակայությունը դեռ չկրթվածության ապացույց չէ։ Գուցե մարդն ունի, բայց… կորցրել է։ Ինչեւիցե, այս տարի եւս, արդեն ՀՀ նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանը մեկ անգամ էլ է որոշում փորձել բախտը, բայց չար, թեկուզեւ հավաստի, լեզուները պնդում են՝ որ դարձյալ անարդյունք։

Ոճիր եւ պատիժ

Գեւորգ Վարդանյանը (այսուհետ Ժոկո) իր սիրուհուն՝ Նունեին, առաջին անգամ տեսավ Մոսկվայի հյուրանոցներից մեկում։ Պարզվեց, որ Նունեն միայնակ է. նրա նախորդ ընկերոջը՝ Ռուսաստանի գողական հեղինակություններից մեկին, սպանել էին մի քանի ամիս առաջ։ Նունեին՝ հյուրանոցային համար ուղարկված թանկարժեք նվերներն ու ծաղիկները երկար ժամանակ մերժվում էին, հավանաբար նկատի ունենալով Ժոկոյի տարիքային տարբերությունը։ Նունեի սիրտը «կոտրեց» նրա համար ուղարկված զամբյուղ-ծաղկեփունջը, որտեղ ծաղիկներից կախված էին ադամանդներ, յուրաքանչյուրը մի քանի հազար դոլար արժողությամբ։ Նրանք տեղափոխվեցին Հայաստան, սակայն մեծարժեք նվերների շարքը չպակասեց։

Վերջերս Ժոկոն եւ Նունեն «Էլեկտրալյուքս» խանութում Նունեի տան համար գնումներ են կատարել եւ վճարել 10 հազար դոլար։ Սակայն հայկական ազգային ավանդույթները ոտնահարելը եւ մեր պետության հիմքը կազմող ընտանիքը քայքայելու փորձերը երբեւէ չեն կարող անպատիժ մնալ։ Ժոկոյի աղջիկներից մեկը, հոր նկատմամբ վրեժխնդրությամբ լցված, քարով հարվածել եւ կոտրել է հոր մեքենայի դիմապակին։ Բարեբախտաբար տուժողներ չեն եղել։ Գեւորգ Վարդանյանը Հրանտ Բագրատյանի կառավարությունում զբաղեցնում էր պետնախարարի պաշտոն, իսկ այժմ ՊՆ նախարարի տեղակալն է թիկունքի գծով։ Պարոն Վարդանյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ծառայության պետ Դավիթ Վարդանյանի աներձագն է։ Այդ պատճառով էլ Դավիթ Վարդանյանը երբեւէ ստուգումներ չի անցկացնի, պարզելու՝ թե որտեղից Գեւորգ Վարդանյանին այդ փողերը, երբ ՊՆ-ում աշխատավարձը 25-30 հազար դրամ է։

ՆՈՐ ՊԱՇԱՐՆԵՐ

Չնայած հանրապետությունում ոսկու պաշարների առկայությանը, Երեւանի ոսկերչական գործարանը յուրաքանչյուր ամիս շուրջ 100 կիլոգրամ ոսկի է գնում Եվրոպայից։ Նրա հիմնական արտադրանքն էլ առաքվում է ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Լիտվա եւ այլ երկրներ։ Ըստ հավաստի տեղեկությունների, գործարանը արտասահմանյան ֆիրմաներից ստացել է 10-15 միլիոն դոլարի պատվերներ։

ԳԼԽԻՆ ՋՈՒՐ ԵՆ ԼՑՆՈՒՄ, ՁԱՅՆ ՉԻ ՀԱՆՈՒՄ

Սոցապ նախարար Գագիկ Եգանյանն, ասում են, շատ խելոք եւ անաղմուկ հարեւան է։ Տնից ձայն-ծպտուն չի լսվում, ոչ ինքն է կնոջ վրա գոռում, ոչ էլ կինն է նրա վրա ձայն բարձրացնում։ Հարեւանների վկայությամբ Եգանյանների գլխին վերեւի հարկի բնակիչները որքան էլ ջուր են լցնում, առաստաղը նախշում, նախարարը չի դժգոհում եւ հաշիվ չի պահանջում։ Այսպես անաղմուկ եւ անշշուկ ապրելն էլ երեւի իր հմայքն ունի։

ՀԼԱ ՄԻ ԴՈ՛Ւ ԶՆՆԻ…

«Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ծառայության զննման պետ Աշոտ Խալաթյանը, որն այդ պաշտոնը վարում էր շուրջ 1 տարի եւ 25 տարի էլ, ի դեպ, աշխատել է ավիացիայի համակարգում՝ պաշտոնանկ է արվել։ Նրա տեղը նշանակվել է Սամվել Հարությունյանը՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի 25-ամյա որդին։

ՄԵՐ ԲԱԺԻՆԸ

1994-95 թթ. սեփականաշնորհման ծրագիրն ընդունելուց հետո հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մեկական վաուչեր բաժանեցին։ Խոսվում էր, որ տպագրվել է 4 մլն վաուչեր։ Դրանք բաժանվում էին մութ ու ցրտաշունչ տարիներին։ Սերտիֆիկատների բաշխման ժամկետները անընդհատ փոփոխվում էին։ Ի վերջո հեշտացվեց նաեւ դրանք ստանալու կարգը, եւ շատերը տիրացան արտասահման մեկնած իրենց մերձավոր հարազատների վաուչերին։ Հետո արդեն խորհրդարանի ընդունած «ՀՀ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1995թ. ծրագրի կատարման հաշվետվության մասին» ՀՀ օրենքի 5.1.1. կետում հայտարարվեց, որ բաշխվել է 3 մլն 151 հազար 45 վաուչեր։

Սեփականաշնորհման ընթացքում բնակչությունը դրանք ներդրեց կամ վաճառեց։ Կառավարությունը պարբերաբար տեղեկացնում էր, որ մարված վաուչերները ոչնչացվում են։ Որոշակի կասկածներ, այնուամենայնիվ, կային։ Խոսվում էր այն մասին, որ մեկ անգամ մարված վաուչերները վերադառնում են շրջանառություն։ Եվ ահա սեփականաշնորհման նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ մարվել է 3 մլն 170 հազար 646 վաուչեր։ Ծիծաղելի է, բայց արդեն մարվել է 19 հազար 500-ով ավելի, քան բաժանվել է։ Այս մասին՝ ավելի մանրամասն «Առավոտ»-ի առաջիկա համարներից մեկում։

Ա. Գ. ԱՏՈՄԱՅԻՆ ԿՈՍՏՅՈՒՄՆԵՐ

Ատոմակայան են այցելել միջուկային անվտանգության գծով գերմանացի մասնագետներ՝ ՀԱԷԿ-ի ռեակտորի անվտանգության ցուցիչը ստուգելու նպատակով: Տնօրենի համապատասխան տեղակալը նրանց ուղեկցել է ռեակտորի մոտ, բացատրել, որ վթարային իրավիճակներում իրենք կարող են մտնել ռեակտորի հատվածը եւ աշխատել, քանի որ համապատասխան կոստյումներ են գնել՝ 25 հազար դոլարի: Գերմանացիներն ուրախանում են եւ խնդրում ցույց տալ կոստյումները: Նրանք ապշում են, երբ տեսնում են այդ հատուկ հագուստը, որը ոչ այլ ինչ է լինում, քան սովորական ակվալանգ: Եվս մի քանի հարց տալուց հետո գերմանացիները վարորդին խնդրում են իրենց շտապ հասցնել Երեւան, որտեղից հաջորդ օրն իսկ ճողոպրում են իրենց անվտանգ հայրենիքը:

Շուտով Գերմանիայից լուր է ստացվում, որ տեղի մի կազմակերպություն մեր ատոմակայանին է հատկացրել ռեակտորի անվտանգության ստուգման համար նախատեսված լաբորատոր սարքավորումներ եւ մեքենաներ: Արագընթաց մայրուղով շարժվող շարասյան մեջտեղից հանկարծ դուրս է գալիս մի մեքենա եւ կանգնում ձախ՝ ամենաարագընթաց շարքում: Ուղեկցող ոստիկանները, բնականաբար, ամենավատ տարբերակն են կասկածում եւ տագնապ հայտարարում ճանապարհով մեկ, եւ շատ զարմացած են մնում, երբ պարզվում է, որ վարորդը ուղղակի միզել է ուզում: Նման կանգառներ կատարվում են ոչ մեկ անգամ: Լուր կա, որ գերմանական կազմակերպությունը իր գործընկերներին հորդորել է ոչ մի դեպքում գործարքների մեջ չմտնել հայկական ատոմակայանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930