Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՕՐԵՆՔ, ԱՆԿՈՆՅԱԿ, ԱՆՎԱՐՔ…

Սեպտեմբեր 29,1998 00:00
Sahmanadrutyun

ՍԴ աշխատակարգային հերթական նիստը, որ հրավիրվել էր շաբաթ օրը, դռնբաց էր։ Հրավիրված էին դիմումատուների ներկայացուցիչներ, լրագրողներ, ՍԴ աշխատակազմի աշխատակիցներ։ Դռնբացության պատճառներից մեկը, ըստ ՍԴ նախագահի, ապատեղեկատվությունն էր, այն, որ քննության առարկան ոչ թե նորին գերազանցություն կոնյակի, այլ՝ ԱԺ 71 պատգամավորի դիմումը ՍԴ քննության ընդունել-չընդունելու հարցն էր։ Դիմումում նշված էր, որ ՀՀ ԱԺ 68 պատգամավոր ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի համապատասխան դիմել է հանրապետության նախագահին, 1998 թ. հունիսի 19-ին արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով։ Սակայն «ՀՀ նախագահը խախտել է պատգամավորների սահմանադրական իրավունքը՝ անգործության ձեւով հանդես բերել ՀՀ Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող վարքագիծ, որը ճիշտ նույնպիսի իրավախախտում է, ինչպես հրամանագիր ընդունելու միջոցով արտահերթ նստաշրջան հրավիրելու սահմանադրական պահանջ մերժելը»։ Ուստի նրանք խնդրում էին, ՀՀ նախագահի կողմից Սահմանադրության պահանջների խախտմանը տալ սահմանադրական գնահատական՝ որոշել նման վարքագծի համապատասխանությունը Սահմանադրությանը։

Օրե՞նք, վրիպա՞կ, թե՞ օրենք-վրիպակ

Հիշեցնեմ, որ ՍԴ քարտուղարությունը վերոնշյալ դիմումը ստացել էր 1998 թ. սեպտեմբերի 16-ին, գրանցել եւ ներկայացրել էր ՍԴ նախագահին։ Դիմումի ուսումնասիրությունը հանձնվել էր ՍԴ անդամներ Հ. Նազարյանին, Մ. Սեւյանին եւ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայությանը (պրն Համբարձումյան), որոնք էլ իրենց ելույթներում փորձեցին հիմնավորել դիմումի «չհիմնավորվածությունը», որ այն «ընդդատյա չէ», որ այն հասցեագրված է ոչ թե ՍԴ-ին, այլ՝ ՍԴ նախագահին, որ չեն պահպանվել «ՍԴ մասին» օրենքի 27 հոդվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ, 28 հոդվածի 3-րդ կետերի պահանջները, որ չէր ներկայացվել «դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը» եւ որ դիմումատուները պետք է նշեին «վիճարկվող ակտի տեքստը…»։ Ըստ էության, սակայն, այստեղ չկա վիճարկվող ակտ, կա նախագահի վարքագիծ, վարքագծի դրսեւորում, որը գործողություն է, բայց… ակտ չէ… ՍԴ փոխնախագահ Վ. Հովհաննիսյանի կարծիքով, «իրավաբանական ձեւի տեսակետից դիմումը ենթակա չէ քննության»։

ՍԴ նախագահի կարծիքով, դիմումում սպրդած սխալներն ու ձեւակերպումներն էլ ուղեկից հանգամանքներ են, սակայն պատմության համար անընդունելի են… դիմումատուներից՝ Վահագն Խաչատրյանը ընդմիջմանը մոտենալով Գագիկ Հարությունյանին, փորձեց առարկել, թե դրանք սխալներ չեն, այլ վրիպակներ, ինչին հետեւեց Գ. Հարությունյանի ռեպլիկը. «Ձեր համար օրենքն էլ է վրիպակ» եւ զայրացած հեռացավ…

Սահմանադրական փոխհրաձգություններ

Նիստին կողմերը չկարողացան խուսափել «սահմանադրական» փոխհրաձգություններից։ Դիմումատուներից Դավիթ Շահնազարյանի կարծիքով, «զեկուցողի (Հ. Նազարյան) ելույթում տարրական իրավաբանական մոտեցումը խախտվեց»։ Վահանգն Խաչատրյանը կոչեց. «Եկեք ադալժենիե չանենք», ինչին հաջորդեց ՍԴ նախագահի «Եկեք չխոսենք այնպես, ինչպես գրում եք»։ Է. Եգորյանն ասաց, թե ՍԴ-ն ունի քայլ օրինականության պաշտպանության համար ու «եթե ՍԴ-ն դիմումն ընդուներ, մեզ զերծ կպահեր ապագա նախագահի այսօրինակ վարքագծի դրսեւորումներից», ինչին նույնպես պատասխան գտնվեց. «ՍԴ-ի վրա բարոյական ճնշում մի գործադրեք, գիտեմ, որ գիտեք այն օրենքները, որոնց վրա ակտիվ աշխատել եք»։ Իսկ Արշակ Սադոյանի կարծիքով, «ՍԴ-ում աշխատելն ամենեւին չի նշանակում մտքի վարժանքների փորձարկում կամ ավելորդ գիտունիկություն…»։

Ինչեւէ ՍԴ-ն «գտավ», որ «որքան էլ հիմնավորված լինի պատգամավորների պահանջը, խորհրդարանական փոքրամասնության շահերի պաշտպանության առումով, միեւնույն է, ՍԴ-ն ՀՀ նախագահի հրամանագիր չընդունելով պայմանավորված, նրա վարքագծին ԱԺ պատգամավորների առնվազն 1/3-ի դիմումի հիման վրա գնահատական տալու լիազորություն չունի»։

Փաստորեն, ԱԺ 71 պատգամավորները (իրենց ընտրողների ձայներով) ձայն չունեն։ Եվ որ «մեղավոր» են, քանի որ իրենց առջեւ խնդիր են դրել գնահատական տալ հանրապետության նախագահի վարքագծին (ՀՀ նախագահի կողմից Սահմանադրության ոտնահարմանը։ Թեեւ ցանկացած իրավական երկրում Սահմանադրության առաջ հավասարապես պատասխանատու են շարքային քաղաքացուց մինչեւ թիվ մեկ պաշտոնյան։ Իսկ գուցե մենք իրավական երկիր չե՞նք…)։ Պարզվում է, որ ՍԴ-ն Սահմանադրության պաշտոնական մեկնաբանման իրավունք չունի, անգամ պետական իշխանության մարմինների միջեւ առաջացած վեճերի լուծման լիազորություն։ Ստացվում է, որ որեւէ ՍԴ այլ կազմով անգամ սույն սահմանափակ անպատասխանատվության սահմանադրությամբ չի կարողանա լուծել այս գլուխկոտրուկը (գուցե ժամանակին Եգորյանը հաշվի չէր առել այն հանգամանքը, որ ՀՀ-ն այլ նախագահ էլ է ունենալու, որի ապօրինի վարքագծի համար ինքն է հայտնվելու «սահմանադրական» փակուղու առաջ)։ Կոնյակի մասին դիմումը, այսպիսով, քննության առարկա չդարձավ…

Վաղն այլ արժեքներ են դրվելու Սահմանադրության «զոհասեղանին»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930