Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. ԱԴԻԲԵԿՅԱՆ. «Նախագահը, այսպես ասած, իր տեղը չի գտել»

Նոյեմբեր 06,1998 00:00
Aharon Adibekyan

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը նոյեմբերի 5-ին Ժուռնալիստի տանը ներկայացրեց «Նախագահի 200 օրերը» փորձագիտական հարցման ամփոփագիրը։ Կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ հարցման նպատակն է եղել հետաքննել ՀՀ նախագահի գործունեության ծավալման արտացոլումը հասարակության գիտակցության մեջ։ Իսկ ինչու հատկապես այս պահին է որոշվել դա անել՝ պարոն Ադիբեկյանը տեղեկացրեց. քանի որ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե կես տարի հետո մեր պետությունում էական տեղաշարժեր կլինեն, ուստի «Սոցիոմետրը» որոշել է պարզել այդ «տեղաշարժերը» եւ գնահատել ՀՀ նախագահին։

Մինչ «Սոցիոմետրի» ներկայացրած թվերին անդրադառնալը՝ նշենք, որ Ահարոն Ադիբեկյանը, խոսելով Քաղաքական խորհրդի եւ Սահմանադրական հանձնաժողովի մասին, այն կարծիքն հայտնեց, թե ՔԽ-ում դեմք չկա եւ ստեղծված լինելով նախագահի կողմից, երբեք նրա մասնակցությանը չի արժանանում։ «Ես չեմ գտնում, որ մեր նախագահն այնքան զբաղված է, որ ժամանակ չունի, ուղղակի նրա եւ վարչապետի միջեւ ֆունկցիաները հստակեցված չեն։ Նա էլ է գնում գործարաններ, արդյունաբերական օբյեկտներ, վարչապետն էլ է գնում: Բաժանեք ձեր աշխատանքը, թող գոնե էս բլոկը նա անի, էս բլոկը դու արա։ Օսկանյանն էլ է գնում միջազգային հանդիպումների, նախագահն էլ, դե, էլի բաժանեք աշխատանքները։ Ուրեմն, նախագահը, այսպես ասած, իր տեղը չի գտել»,- հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը։

Պարոն Ադիբեկյանն այն միտքը հայտնեց, որ նախագահի վարքագծի որոշ գծեր վիճարկել են, այդ իսկ պատճառով տրվել է նաեւ հետեւյալ հարցը. «համապատասխանո՞ւմ է վարչապետի իմիջը Ձեր պատկերացրած նախագահի կերպարին», որին հարցվածների 35 տոկոսը պատասխանել է. «ոչ մի բանով», 45 տոկոսը՝ «որոշ գծերով», «լրիվ համապատասխանությունը»՝ 0 տոկոս է կազմում, «հիմնական կողմերով»՝ 12 տոկոս։ Այդ հանգամանքը պրն Ադիբեկյանը մեկնաբանեց թիմի թուլությամբ, իմիջմեյքերի, կամ մամուլի քարտուղարի գործունեությամբ։ «Սոցիոմետրի» դիտարկումների համաձայն, գարնանը կառավարության կազմում որոշակի փոփոխություններ են սպասվում։ Հարցումը հովանավորել է «Ժողովրդավարության աջակցման հիմնադրամը»՝ ավելի ստույգ, պրն Ադիբեկյանի խոսքերով, անգլիական մասնաճյուղը, որտեղ ինքը ընկեր ունի։ Հարցումն անց է կացվել սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը, որին մասնակցել են 414 փորձագետ։

Ըստ պրն Ադիբեկյանի՝ նմանատիպ հարցումները սովորական մարդկանց շրջանակում անցկացնելը արդյունավետ չի, ուստի հարցումը անցկացրել են ԱԺ պատգամավորների, կուսակցությունների ղեկավարների, նախարարությունների եւ մարզպետարանների աշխատակիցների ու մտավորականության շրջանակներում եւ հարցման ենթարկվածներին էլ կոչել փորձագետներ։ Ա. Ադիբեկյանն այն տեսակետը հայտնեց, թե փորձագետների կարծիքով կարելի է որոշել ողջ հասարակության կարծիքը։ Նախագահի ընդհանուր քաղաքական կուրսը դրական գնահատել են հարցման ենթարկվածների 38 տոկոսը, բացասական՝ 40 տոկոսը։ Ի դեպ, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե անձամբ պրն Ադիբեկյանն ինչպե՞ս է գնահատում նախագահի գործունեությունը՝ պրն Ադիբեկյանը պատասխանեց. «պոտենցիալ իմաստով՝ լավ, իրական գործունեությունը՝ անբավարար»։

«Սոցիոմետրը» փորձագետներին բաժանել է լավատեսների եւ հոռետեսների։ Առաջինների 7 տոկոսն էր նախագահի ընդհանուր քաղաքական կուրսը գնահատել անբավարար, իսկ հոռետեսների 16 տոկոսը, այն դեպքում, երբ այդ նույն կուրսը դրական գնահատել էին լավատեսների 19 տոկոսը, հոռետեսների 2 տոկոսը։ Փորձագետներին նման որակումների արժանացնելու հանգամանքն ասուլիսում բանավեճերի առիթ տվեց, եւ այդպես էլ պրն Ադիբեկյանի ոչ մի պատասխան համոզիչ չեղավ։ Կադրային քաղաքականության վերաբերյալ՝ հիմնականում հաջողված՝ գնահատել էին 0 տոկոսը, մասնակի հաջողված՝ 33 տոկոսը, լրիվ անհաջող՝ 15 տոկոսը, հիմնականում անհաջող՝ 38 տոկոսը։ Չմանրամասնելով ողջ հարցման արդյունքները, նշենք, որ նախագահի 6-ամսյա գործունեության գնահատականներն ամբողջապես եւ առաջին կտրվածքներով հաշվարկած, համաձայն հարցման, մոտ են իրար եւ նրանց միջինը կազմում է 2,5։ Արդյունքում «Սոցիոմետրը» նախագահի գործունեությունը արժանացրել էր բավարարի ներքին շեմին։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30