Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆԻ «ԶԱՊԸ» ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԲԵՆԶԻՆԻ

Նոյեմբեր 06,1998 00:00

Վաղուց արդեն ապացուցման կարիք չի զգում այն բանաձեւը, ըստ որի՝ թղթի վրա գրված օրենքի հոդվածն այլ բան է, իրական կյանքը՝ բոլորովին այլ։ ՀՀ համապատասխան օրենքի 29 հոդվածը՝ «Հաշմանդամներին տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրությունը» հռչակում է. «Տեխնիկական կամ այլ միջոցները հաշմանդամին տրամադրվում են վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով։ Հաշմանդամին ըստ վերականգնման անհատական ծրագրերի նախատեսված տեխնիկական կամ այլ միջոցներ չտրամադրելու դեպքում ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգով վճարվում է փոխհատուցում։ Վերականգնման անհատական ծրագրին համապատասխան տրանսպորտային միջոց ստացած հաշմանդամին ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով վճարվում է փոխհատուցում այդ միջոցի տեխնիկական արտահերթ սպասարկման եւ նորոգման համար, արտահերթ տրամադրվում է վառելանյութ»։

Այսքանը՝ օրենքի սահմաններում, իսկ իրականում, մեծ թվով հաշմանդամ վետերաններ արդեն մի քանի տարի է՝ վառելանյութ չեն ստանում։ Պատճառը ինչպես միշտ խիստ պատճառաբանված է՝ փող չկա։ Երեւան քաղաքի Անդրանիկի 92 շենքի 66 բնակարանի բնակիչ Ալբերտ Հարությունյանն առաջին «Զապորոժեց» ավտոմեքենան ստացել է 1981-ին, այնուհետեւ այդ մեքենան փոխարինվել է նորով՝ 1990 թվականին։ Վերոհիշյալ ավտոմեքենայի համար պարոն Հարությունյանն արդեն չորս տարի է չի կարողանում ստանալ վառելանյութ։ Եվ չորս տարի շարունակ վառելանյութ չլինելու պատճառը փող չլինելն է։ Ընդ որում, ՀՀ նախագահին, վարչապետին ուղղված քաղաքացու դիմումները ետ են ուղարկվել տեղերում լուծվելու։ Եվ վետերան-հաշմանդամին պատասխանվել է, որ «ՀՀ սոցապ նախարարությանը 1997 թ. հոկտեմբերի 27-ին թիվ 281/2 վճարման համաձայնագրով կենտրոնի 163028106876 հաշվին փոխանցվել է 149671 դրամ, որը մինչեւ օրս կենտրոնի նշված հաշվին չի մուտքագրվել։ Այս մասին հայտնվել է եւ սոցապ նախարարություն, եւ հիմնադրամ… Հարցերի վերջնական լուծումը ստանալուց հետո միայն կարող ենք բավարարել Ա. Հարությունյանի օրինական պահանջը»։

Այս պատասխանը քաղաքացի Հարությունյանը ստացել է այս տարվա օգոստոսի 25-ին, Շահումյանի տարածքային կենսաթոշակային բաժնից։ Ավելի ուշ, արդեն այս տարվա հոկտեմբերի 12-ին, սոցապ նախարարության հաշմանդամների եւ վետերանների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը գրել է. «ՀՀ նախագահի աշխատակազմից ստացած Ձեր դիմումի կապակցությամբ պարզաբանվում է, որ գործող օրենսդրության համաձայն ՀՊ հաշմանդամներին ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ վառելիքի ծախսերի փոխհատուցման գումարը Դուք մինչեւ այժմ չեք ստացել կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոններին հիմնադրամի կողմից ֆինանսավորում չլինելու պատճառով, ինչի մասին ժամանակին տեղեկացվել է։ Այսօրվա դրությամբ ֆինանսավորման հարցը լուծվել է եւ ինչպես մեզ հայտնեցին, Դուք կարող եք ստանալ Ձեզ հասանելիք ամենամյա դրամական փոխհատուցման գումարը»։

Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն վետերանի մեքենան դեռեւս վառելանյութ չունի։ Հուսահատ պապիկը խմբագրություն այցելելուց հետո պետք է դիմեր նաեւ ՀՀ նախագահին առընթեր վերահսկողության ծառայություն։ Ի դեպ, այս ծառայությանը պարոն Հարությունյանը մեկ անգամ արդեն դիմել է եւ ստացել է այսպիսի պատասխան՝ «Ձեր դիմումը «21» ԲՀՆ 5146 գրությամբ ուղարկվել է ՀՀ սոցապ նախարարություն, որտեղից կստանաք պատասխան»։ Ընթերցողը հավանաբար կմտածի «ինչ էկզոտիկ» կորած-մոլորած հիշողություն է՝ մեքենայի համար կտրոնով վառելանյութ ստանալը։ Սակայն վետերաններին հատուկ ուշադրություն է հարկավոր, թեկուզ՝ «էկզոտիկ»։ Եթե կառավարությունը որոշում է միջոցներ չլինելու պատճառով հետաձգել «Վետերանների մասին» օրենքի ընդունումը, պատվովճարի վճարումներից ժամանակավորապես ազատվելու նպատակով, իսկ վետերանները ի նշան բողոքի փորձում են բլոկադայի ենթարկել ԱԺ շենքը, ապա զարմանալի չէ նամակների այս առատությունը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30