Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴՊՐՈՑ ՊԱՀԵԼ»

Նոյեմբեր 12,1998 00:00
krtutyun

Քանի որ չկարողացավ մանկապարտեզ պահել

«Խնդրում եմ գյուղատնտեսության ոլորտից տեղափոխվեք կրթության ոլորտ»,- այս խոսքերով սկսեց իր զեկուցումը Լոռու մարզխորհրդի նիստում՝ մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալը, որի ելույթը հաջորդեց գյուղատնտեսության վարչության պետի ելույթին։ Իր ունեցած ողջ հնարավորություններով, զգալի պաթոսով նա պաշտպանության տակ առավ կրթության օրենքի նախագիծը, նշելով, որ նախագծի վերաբերյալ կան բացասական կարծիքներ։ Լուրջ տարաձայնություններ եղան այն բանից հետո, երբ զեկուցողը նշեց, թե նախագծով դպրոցները հանձնվում են համայնքներին, եւ, պետք է որ համայնքապետերը դրա համար ուրախ լինեն։

«Ես արդյո՞ք կարող եմ դպրոցի տնօրենին ղեկավարել»,- խոստովանեց մի գյուղապետ, որն, ըստ երեւույթին, այդ առումով իր կարողությունները թերագնահատելու լուրջ հիմքեր ուներ։ Նա նաեւ նշեց, թե «միջազգային օրենքները բերում են մեր երկրի վրա տարածում՝ առանց երկրի առանձնահատկությունները հաշվի առնելու»։ «Գյուղապետը չի կարող դպրոց պահել, քանի որ չկարողացավ մանկապարտեզ պահել»,- նշեց մեկ ուրիշ, առավել ուսյալ գյուղապետ եւ խնդիր առաջադրեց.- կոտրվել է դպրոցի ապակին, ի՞նչ պետք է անի գյուղապետը»։ Մի գյուղապետ էլ նշեց, թե «Ես մանկավարժ եմ, բայց ի վիճակի չեմ դպրոցի տնօրենին ղեկավարել»։ Ձայն-ծպտուն չհանեցին միայն այն գյուղապետերը, որոնք, հավանաբար, առհասարակ «մի կարգին» կրթություն չունեին եւ «ախորժակով» սպասում էին, թե ե՞րբ են օգտվելու իրենց տրվող մեծ հնարավորություններից եւ «տնօրինելու» տնօրեններին, չնայած զեկուցողը նշեց, դեռ որոշված չէ, թե տնօրենի նշանակման իրավասությունը ո՞ւմ վրա պետք է դրվի՝ համայնքապետի, մարզպետի՞, թե՞ նախարարության։

Տարաձայնություններ եղան նաեւ կրթության օրենքի այն դրույթի վերաբերյալ, համաձայն որի՝ բուհերի շրջանավարտները կարող են որակավորման տարբեր աստիճաններ ստանալ՝ կախված ուսման ընթացքում ցուցաբերած առաջադիմության աստիճանից։ «Էդ մա-գիս- տրոս է՜, ինչ է՜, մեզ համար խորթ հասկացություններ են»,- բողոքեց մի գյուղապետ: «Մագիստրոսը մեր միջնադարի լավագույն կոչումներից է եղել»,- դիրքերը չէր զիջում վարչության պետի տեղակալը, իսկ գյուղապետի այն հարցին, թե ինչո՞ւ չի վերցվում սովետական դպրոցի լավագույն փորձը, խնդրեց կոնկրետացնել, թե այդ փորձի «ո՞ր մասն է» առաջարկվում վերցնել՝ իբրեւ լավագույն։ Իսկ գյուղապետերից մի քանիսին հետաքրքրում էր այն հարցը, թե դպրոցները տեղակա՞ն միջոցների հաշվին են պահելու, թե՞ պետական։ Պատասխանեցին՝ «պետական»։ Զարմացավ. «Այդ դեպքում ո՞րն է դպրոցները համայնքների ենթակայության տակ տեղափոխելու նպատակը գյուղական վայրերում, որպեսզի գյուղապետերի ուսերին մի լրացուցիչ ծանրություն նույնպե՞ս դրվի, իբր մնացածներից շատ էին «գլուխ հանում»։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30