Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐՈՆԻՍԼԱՎ ԳԵՐԵՄԵԿԸ ԼԱՎԱՏԵՍ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

Նոյեմբեր 26,1998 00:00
eahk

Եվ ուզում է ԵԱՀԿ գագաթաժողովն անցկացնել Ստամբուլում

Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի, ԼՂՀ նախագահի, ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների, մեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների եւ, իհարկե Պարույր Հայրիկյանի (ոչ թե ԻՄ նախագահ, այլ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ) հանդիպելուց, ԵԱՀԿ նոր առաջարկները քննարկելուց, համաձայնագրեր եւ հուշագրեր ստորագրելուց հետո ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Բրոնիսլավ Գերեմեկը հանդիպեց նաեւ մամուլի ներկայացուցիչների հետ։

Պրն Գերեմեկը պատմեց այդ հանդիպումների եւ դրանցից ստացած տպավորությունների մասին։ Կարելի է ենթադրել, որ հանդիպումները չափազանց լուրջ էին՝ մանավանդ, եթե նկատի ունենանք, որ կողմերը զրուցել են ոչ թե անգլերեն (միայն Վարդան Օսկանյանն է անգլերենին լավ տիրապետում, սակայն նրան էլ երբեմն ճիշտ չեն հասկանում), այլ այն թարգմանչի միջոցով, որը թարգմանում էր մամուլի ասուլիսը։

Թեեւ հայերեն թարգմանությունը փոխարինվեց ռուսերենով, սակայն որակը դրանից առանձնապես չբարելավվեց։ Թեեւ ադրբեջանական կողմը մերժել է ԵԱՀԿ նոր առաջարկները, դրանք համարելով հայանպաստ, սակայն պրն Գերեմեկը կարծում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը կփոխվի, քանի որ ներկայացվածը վերջնական փաստաթուղթ չէ, այլ ընդամենը բանակցային գործընթացը սկսելու հիմք։ Պրն Գերեմեկի կարծիքով, Հայաստանը եւս պետք է փոխի իր դիրքորոշումը, սակայն այս դեպքում ԵԱՀԿ հերթական գագաթաժողովը Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ։ Սկզբնապես որոշելով այդ գագաթաժողովն անցկացնել Թուրքիայում, կարծել են, թե որեւէ մեկը դեմ չի արտահայտվի, եւ այդ առաջարկը կընդունվի։

Պատասխան տալու վերջին ժամկետը լրանում է այսօր՝ նոյեմբերի 26-ին, եւ պրն Գերեմեկը հուսով է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կընդունի գագաթաժողովը Ստամբուլում անցկացնելու առաջարկը։ Ամենահետաքրքիրը, սակայն, պրն Գերեմեկի այն հայտարարությունն էր, թե ինքը դեմ է ազգային պետական անկախությանը, որը հակասում է երկու կողմերի շահերին։ Այդ դեպքում առաջանում են խնդիրներ կապված դրամի, բանակի եւ ոստիկանության, մաքսային եւ հարկային քաղաքականության հետ։ Նման խնդիրներ չեն ծագի «միասնական պետություն» տարբերակի դեպքում։ «Ես առաջարկել եմ էթնիկ կազմավորումներին տալ հատուկ կարգավիճակ»,- հայտարարեց Լեհաստանի ԱԳ նախարարը։ Հարցը, սակայն, նրանում է, որ առանց ազգային պետական անկախության, ընդհանուր դրամով, ոստիկանությամբ, բանակով, արտաքին քաղաքականությամբ այս «միասնական պետությունը» սկսում է հիշեցնել «մինի ԽՍՀՄ», որտեղ խորհրդային հանրապետություններն ունեին «հատուկ կարգավիճակ»։

Մինչդեռ պրն Գերեմեկը ողջունում է Հայաստանի եւ ԼՂՀ անկեղծ ցանկությունը՝ ԵԱՀԿ այս առաջարկները հիմք ընդունել բանակցությունները վերահսկելու համար։ Նա խոսեց նաեւ Լեհաստան-Հայաստան առեւտրատնտեսական կապերի կարեւորության մասին, ասելով, թե հայկական կոնյակը շատ հայտնի է Լեհաստանում, իսկ Հայաստանը լավ շուկա է լեհական արտադրանքի համար։ Այսօր լեհ դիվանագետը մեկնեց Բաքու։ Բայց մինչ Բաքուն, նա հասցրեց ծանոթանալ Մատենադարանին։ «Մշո ճառընտիրին» եւ մեր ժողովրդի բազմադարյա պատմության այլ ոգեղեն կոթողների հետ ծանոթությունը, կարծում ենք պրն Գերեմեկին կդարձնի ավելի հայասեր եւ մենք մեր մարդը կունենանք ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30