Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՓՉԱՑՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ

Նոյեմբեր 26,1998 00:00
drosh

Նոյեմբերի 20-22-ը Ստամբուլում կայացել է Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի (ԳՖՀ) կազմակերպած քննարկումը՝ «Հարավային Կովկասում տնտեսական համագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով, որտեղ Հայաստանը հրավիրյալ անկախ փորձագետի կարգավիճակով ներկայացրել են Արա Սահակյանը, Շավարշ Քոչարյանը, Բորիս Նավասարդյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Անդրանիկ Մանուկյանը։

Վերջին երկուսն էլ «Առավոտի» եւ «Ազատության» թղթակիցներին ներկայացրին համաժողովի որոշ մանրամասներ։ Անդրանիկ Մանուկյան. «Նախ ելույթ ունեցան Վրաստանի ներկայացուցիչները, որոնք ավելի շատ Անդրկովկասի պետությունների տնտեսական համագործակցության մասին էին խոսում։ Հետո ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հասանովը, որը քննարկումը բոլորովին այլ հուն տեղափոխեց։ Ելույթը զուտ քաղաքական էր եւ վերաբերում էր բացառապես Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը (եւ ոչ մի խոսք չեղավ քննարկվող այլ խնդիրների վերաբերյալ)։

Ե՛վ նա, ե՛ւ Ադրբեջանի այլ ներկայացուցիչները պնդում էին, թե մինչեւ Ղարաբաղի հարցը վերջնականապես չլուծվի եւ Հայաստանը չվերադարձնի գրավյալ տարածքները՝ տնտեսական համագործակցության մասին խոսք լինել չի կարող։ Հասանովը հայտարարեց, որ նույն կարծիքին է նաեւ Թուրքիան, որը շրջափակումը չի վերացնի՝ քանի Հայաստանը չի վերադարձրել գրավյալ տարածքները։ Ադրբեջանի նախագահի խորհրդականը պնդում էր, թե Ղարաբաղը Հայաստանի եւ Ռուսաստանի համար ռազմական բազա է Ադրբեջանի տարածքում։ Նրանք մեր նախագահին ներկայացնում էին որպես զենքը ձեռքին զինվոր, որն այսօր ղեկավարում է Հայաստանը։ Ի դեպ, Ադրբեջանի այլ ներկայացուցիչներն ազատ խոսում էին միայն նախագահի խորհրդականի բացակայությամբ, իսկ նրա ներկայությամբ պրոալիեւական ելույթներ էին ունենում եւ մեղադրում Հայաստանին։ Բայց անձնական զրույցների ընթացքում ասում էին, թե պետք է այս խնդրի լուծումը գտնել, այլապես խեղճ ժողովուրդն է տուժում. «Իշխանության կռիվ է, քաղաքական պայքար՝ ինչո՞ւ չի վերջանում»։

Պետք է նշեմ, որ ի պատասխան Դավիթ Շահնազարյանը շատ լավ ելույթ ունեցավ։ Իմիջիայլոց (այդ մասին նաեւ այնտեղ եմ ասել), չնայած Հայաստանը ներկայացնում էին նաեւ «խորը ընդդիմադիր» կուսակցությունների անդամները, բայց նրանք ամեն ինչ շատ ազնվորեն ներկայացրին եւ բոլորս մի մարդու պես մեր պետության շահերը եւ Ղարաբաղի խնդրի Հայաստանի տեսանկյունից լուծումներն էինք պաշտպանում։ Այլեւայլ հարցերի վերաբերյալ ոչ մի խոսք չեղավ։ Մի համաժողովի ընթացքում պատահած մի միջադեպ ներկայացնեմ։ Ադրբեջանի Ժողճակատի ներկայացուցիչ Մոլիզադեն մի կոպիտ օրինակ բերեց Ղարաբաղի վերաբերյալ։ Ասաց, որ երբ ադրբեջանցի լրագրողը Ղարաբաղում մենակ է մնացել մի հայ տատիկի հետ՝ վերջինս ասել է. «Միասին լավ ապրում էինք, ինչո՞ւ այսպես եղավ, շուտ մի բան արեք», բայց այդ պահին նրանց հայ ավտոմատավոր զինվոր է մոտեցել եւ նույն տատիկը սկսել է գոռալ. «Դուրս կորեք, Ղարաբաղը մերն է, Ադրբեջանի կազմում չենք լինելու»։

Սա այսպես մեկնաբանվեց, թե «Ղարաբաղի հասարակ բնակիչները ցանկանում են մեզ հետ ապրել՝ հայերդ ինչո՞ւ եք ուզում մեզ բաժանել»։ Որոշեցինք, թե որպես գործարար պիտի հակափաստարկներ ներկայացնեմ (ԱԺ «Երկրապահ» խմբի անդամ Անդրանիկ Մանուկյանը նաեւ «Արարատ-Լադա» ընկերության նախագահն է- Ա. Ի.)։ Ես էլ ասացի. «Հարգելի Մոլիզադե, եթե Ձեզ պատմել են, ապա ես անձամբ ինձ հետ կատարվածն եմ ներկայացնում։ Ես ադրբեջանցի եւ թուրք բազմաթիվ գործարար ընկերներ ունեմ։ Եվ հենց Ձեր ադրբեջանցի գործարարներն են ինձ ասում. «Մեր ինչի՞ն է պետք այդ Ղարաբաղը։ Ինչո՞ւ է Ադրբեջանի իշխանությունն այդքան կառչած այդ հարցից։ Թող այդ Ղարաբաղը հայերին տան, քանի որ այնտեղ հայերն են ապրում, մենք էլ իրար հետ նորմալ բիզնեսով զբաղվենք»։ Գերմանացիները նույնիսկ ծափահարեցին։ Նրանք էին ասում, որ այսօր Հայաստանում վաճառվող բենզինի կեսն ադրբեջանական է։ Ես օրինակ բերեցի, որ Հայաստանի շուկայում ապրանքների մեծ մասը թուրքական է։ Այսինքն, ոչ լեգալ տնտեսական համագործակցություն կա՛։ Եվ այն ուղղակի պիտի օրինականացվի։ Այդ համաժողովում Հայաստանի թիմը հաղթանակ տարավ։ Գերմանիայի ներկայացուցիչները նշում էին, որ «Դուք՝ ադրբեջանցիներդ, եթե չեք ցանկանում ղարաբաղցիների հետ խոսել՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի լուծումը եւ տնտեսական համագործակցությունը»։

Եվ նրանք էլ նշեցին, որ Հայաստանի ներկայացուցիչների տրամադրվածությունը Ադրբեջանի հանդեպ ավելի բարի է։ Եվ ադրբեջանցիներն այնքան էին դառնացած այս պարտությունից, որ հրաժեշտի ճաշկերույթին չմասնակցեցին։ Դավիթ Շահնազարյան. «Ադրբեջանը ներկայացնում էին թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր անձինք։ Եվ բոլորը միաբերան, միասնաբար հայտարարեցին, որ Հայաստանի հետ որեւէ տնտեսական համագործակցություն Ադրբեջանը բացառում է, քանի դեռ Ղարաբաղի խնդիրը չի կարգավորվել։ Հայաստանի ներկայացուցիչները հստակ այս տեսակետն արտահայտեցին, որ տարածաշրջանում 3 կարեւորագույն խնդիր կա՝ հակամարտությունների կարգավորում, տնտեսական համագործակցություն եւ ժողովրդավարական գործընթացների զարգացում եւ այդ 3 ուղղություններով պետք է զուգահեռաբար շարժվել, այլ ոչ փորձել այդ հարցերը հաջորդաբար լուծել։ Ադրբեջանն, ըստ էության, միայնակ մնաց իր կոշտ դիրքորոշման մեջ, քանզի մեր տեսակետը պաշտպանեցին թե՛ Վրաստանի ներկայացուցիչները, թե՛ համաժողովի կազմակերպիչ՝ Գերմանիայի պատվիրակության կողմից։

Եվ խիստ բացասաբար ընկալվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններից՝ դրանով իսկ շատ ապակառուցողական դիրք է գրավում։ Ըստ էության, մեկ անգամ եւս արձանագրվեց, որ Ադրբեջանն այսօր ընդհանրապես չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որեւէ տարբերակ ընտրել եւ այս վիճակը ձեռնտու է իրենց։ Դրանով իսկ Ադրբեջանը փորձում է տնտեսական պատերազմ ծավալել Հայաստանի դեմ, ճնշել Թուրքիային, որ նա էլ շարունակի շրջափակումը, տնտեսական սանկցիաները, եւ այդպիսով հաջողության հասնել։ Պետք է նշել, որ որոշակի հիմքեր ունեն այդպես վարվելու. այս տարվա առաջին 10 ամսվա ընթացքում Ադրբեջանում արդեն կատարվել է 1 մլրդ 200 մլն դոլարի ներդրում, որից միայն 500 միլիոնն է «նավթային»։

Սակայն միանգամայն պարզ է, որ նման քաղաքականությունն Ադրբեջանին որեւէ հաջողություն բերել չի կարող։ Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ մոտ ապագայում Ադրբեջանն ու Հայաստանը չեն ընդգրկվելու Եվրոխորհրդի կազմում, իսկ Վրաստանը նման հրավեր ստանալու է։ Եվ պատճառները հստակ նշվեցին՝ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կասկածելի լեգիտիմությունը, ժողովրդավարական գործընթացների եւ ընտրական համակարգերի վիճակը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ցավալի է, այնուամենայնիվ, որ մեր տարածաշրջանային լիդեր-պետության ընդգծված դերը ստանձնում է Վրաստանը, երբ նման հավակնությունները մինչեւ 1995-ն ուներ Հայաստանը։ Կարծում եմ, որ այս ամենը մեզ համար բավական բացասական անդրադարձ կունենա։ Ինչեւէ։ Սա այսօրինակ երկրորդ հանդիպումն էր, որեւէ փաստաթղթեր չեն ընդունվել։ Ընդհանուր միտումն այս էր, որ նման համաժողովները պիտի շարունակվեն։ Եվ մենք հստակ նշեցինք, որ նման ներկայացուցչությամբ հավանաբար քննարկումներն արդյունավետ չեն լինի եւ պետք է, մասնավորապես, ընդգրկվեն նաեւ Աբխազիայի, Օսեթիայի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Եվ այս մոտեցումն ընդունեցին ու պաշտպանեցին թե՛ Վրաստանի, թե՛ Գերմանիայի ներկայացուցիչները՝ եւ բացառությունն էլի Ադրբեջանն էր։

Կարծում եմ, հանդիպումների երրորդ փուլի մասին առայժմ խոսելը վաղ է։ Ի դեպ, ադրբեջանցիները մեզ առաջարկեցին ուսումնասիրել արաբ-իսրայելական հակամարտության լուծման ուղիները։ Ըստ էության, դեմ չենք այդ ուսումնասիրությանը, բայց սխալ ենք համարում դա այս գործընթացի շարունակություն դիտելը։ Կարելի է զուգահեռ նաեւ այդ ուսումնասիրություններն անել, տարածաշրջանի տարբեր պետություններ լրագրողների փոխադարձ այցեր կազմակերպել եւ այլն։ Բայց սրանք հարակից խնդիրներ են՝ կարեւորն ընդլայնված ներկայացուցչությամբ քննարկումները շարունակելն է»։

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30