Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏՔ ՉԷ՞

Նոյեմբեր 26,1998 00:00
gorcarar

Էնրիկե Վիվեր Կամինը, կարելի է ասել, այսօր Հայաստանում ապրող միակ իսպանացին է։ Հայաստան առաջին անգամ եկել է 1997 թ. գարնանը. «Չնայած ես այստեղ այնպիսի վատ պայմաններ տեսա, որ իմ ամենավատ երազում անգամ չէի տեսել, սակայն այստեղ ապրելն ինձ դուր է գալիս, ես ինձ արտասահմանցի չեմ զգում»։ Իսպանացի գործարար Էնրիկե Վիվեր Կամինը մեկ տարուց ավելի արդեն Երեւանում է եւ ղեկավարում է «Պրոդենաեքս» ՀՍՊԸ-ն, հայ-իսպանական ընկերության նախագահն է։ Նա մտադրություն ունի Հայաստանում իսպանական մշակութային կենտրոն ստեղծել, որը կախված չի լինի ո՛չ հայկական եւ ո՛չ էլ իսպանական կառավարությունից։

«Դա պիտի լինի մի կենտրոն, որը կգործի իր հաշվին, բայց որին ոչ ոք չի կառավարի կամ միջամտի, ոչ էլ կխանգարի։ Այդ կենտրոնում հնարավորություն կունենան հավաքվել մշակույթի բոլոր գործիչները, արվեստագետները եւ նրանք, ում կհետաքրքրի իսպանական մշակույթը»,- ասաց նա։ Ըստ նրա, Իսպանիայի կառավարությունը կարող է ֆինանսավորել Իսպանիայից հրավիրված մասնագետներին, որոնք լեզվի եւ մշակույթի տարբեր բնագավառների վերաբերյալ Հայաստանում դասընթացներ կանցկացնեն։ «Նաեւ Իսպանիայի կառավարության աջակցությունը կխնդրենք, որպեսզի Հայաստան ուղարկեն Իսպանիայի մասին գրականություն՝ առանց որեւէ շահ հետապնդելու, այդ կենտրոնի միակ նպատակը մշակույթն է լինելու։ Ոչ ոք չի վճարվելու կամ գումար աշխատելու։ Կենտրոնի միջոցով մենք կարող ենք Հայաստանից ուսանողներ ուղարկել Իսպանիայում սովորելու եւ հակառակը»,- ասում է Էնրիկե Վիվեր Կամինը։

Հայաստանում շատերն են ուսումնասիրում իսպաներենը եւ բացի այդ, շատերն էլ լրջորեն հետաքրքրվում են Իսպանիայով։ Իսպանացի գործարարի կարծիքով, իսպանական եւ հայկական մշակույթները մի շարք ընդհանրություններ ունեն եւ հատկապես այդ պատճառով պետք է այդ ընդհանրություններն ընդլայնել եւ զարգացնել։ Կենտրոնում հիմնականում գործելու են հայերը, իսկ Է. Վիվեր Կամինն իր դերը տեսնում է զուտ կազմակերպչական գործունեություն ծավալելու մեջ. «Ես կփորձեմ լուծել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ կենտրոնի գործունեության ընթացքում»։ Նա ցանկանում է, որպեսզի այդ կենտրոնը ոչ թե իսպանական կենտրոն, այլ Հայաստանում իսպանական մշակութային կենտրոն լինի։ Նրա կարծիքով, Հայաստանում բացակայում է իսպանական լուրջ գրականությունը, եւ նա պատրաստվում է Իսպանիայի կառավարության աջակցությամբ կենտրոնում գրադարան ստեղծել. «… Կենտրոնը միաժամանակ իր մեջ կունենա մշակույթի գրեթե բոլոր բնագավառներին վերաբերող նյութեր՝ քանդակագործություն, երաժշտություն, ճարտարապետություն, նկարչություն, գրականություն։ Կենտրոնը բաց կլինի բոլոր նրանց համար, ում կհետաքրքրի»։

Է. Վիվեր Կամինը մտածում է, որ Իսպանիայում նույնպես հնարավոր է նույնատիպ մի կենտրոն ստեղծել, մանավանդ որ, Իսպանիայի կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում մշակութային ցանկացած նախաձեռնությանը։ «Իսպանիայում այնքան էլ շատ չեն հայերը, կարծում եմ՝ մոտ 30 հազար։ Ի տարբերություն ուրիշ երկրների, Իսպանիայում հայերը ցրված են ամբողջ երկրով։ Ուրիշ երկրներում հայկական եկեղեցին նպաստում է հայերի՝ մի տեղում համախմբվելուն, իսկ Իսպանիայում հայկական եկեղեցի չկա։ Ցավոք, հայկական մշակույթը բոլորովին հայտնի չէ Իսպանիայում, որովհետեւ չկան համապատասխան կենտրոններ, մենք անգամ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Եթե Իսպանիայում հաջողվի ստեղծել նմանատիպ մշակութային կենտրոն, դա կհամախմբի հայերին, եւ Հայաստանով հետաքրքրվող իսպանացիներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ, ճանաչել,- ասում է նա եւ ավելացնում,- իսպանացիներին երբ ասում ես Հայաստան, հարցնում են՝ երկրագնդի ո՞ր մասում է գտնվում։ Դա շատ վատ է, բայց դրանում ես չեմ կարող մեղադրել ո՛չ իսպանացիներին, ո՛չ հայերին, պարզապես մեր երկու ժողովուրդներին մտերմացնելու եւ միմյանց ճանաչելու ուղղությամբ ոչինչ չի արվել»։

Իսպանիայի կառավարությունն այդ ուղղությամբ արդեն սկսել է քայլեր կատարել։ Դասախոս է ուղարկվել Երեւանի համալսարաններից մեկում դասավանդելու։ Իսպանական համալսարանները փորձում են կապեր հաստատել հայկական համալսարանների հետ։ Ի դեպ, Է. Վիվեր Կամինի ասելով, Իսպանիայում Հայաստանի մասին իմացողների մեծ մասը երաժիշտներ են, որովհետեւ Իսպանիայում ապրող հայերի մեծամասնությունը երաժիշտներ են։

ՀՀ մշակույթի նախարարությունում մշակույթը միայն որպես բիզնես են ընկալում

Մշակութային այս ծրագիրն, ինչ խոսք, մեծ հետաքրքրություն կառաջացնի մեզանում եւ մասնավորապես արվեստագետների եւ ուսանողության շրջանում։ Կհարցնեք՝ ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ չի բացվում այդ կենտրոնը։ Է. Վիվեր Կամինի հավաստմամբ, միակ խնդիրը, որ գոյություն ունի կենտրոնի ստեղծման հարցում՝ տարածքն է. «Միակ բանը, ինչով կարող է օգնել հայկական կառավարությունը՝ տարածք տրամադրելն է։ Եվ ինձ համար միեւնույն է, թե ինչպիսի վիճակում կլինի այդ տարածքը, հարկ լինի՝ կվերանորոգենք։ Երբեմն հարցնում են ինձ՝ ինչո՞ւ ձեր ուզած տարածքը չեք վարձակալում։ Լա՛վ, եթե ես կենտրոնի համար տարածք վարձակալեմ, քանի դեռ Հայաստանում եմ՝ վճարեմ, իսկ հետո, երբ Հայաստանից գնամ, անմիջապես կենտրոնը կփակվի, այլապես ո՞վ պիտի վճարի։ Չէ՞ որ կենտրոնն իմ սեփականությունը չէ, ես միայն գաղափարի հեղինակը եւ իրականացնողն եմ։ Եթե նույնիսկ ես Հայաստանից գնամ, կենտրոնը պետք է շարունակի գործել, չպետք է քանդվի։ Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ քաղաքապետարանը իրենց ենթակայության տակ տարածքներ ունեն, որոնք ընդհանրապես չեն օգտագործվում եւ դրանց մեծ մասը, եկամուտ ունենալու համար, վարձակալության են տալիս։ Ես բիզնես չեմ ուզում անել կենտրոնում, դա մշակույթ է, իսկ մշակույթը երբեք բիզնես չէ»։

Է. Վիվեր Կամինը կենտրոնի ստեղծման եւ տարածք տրամադրելու մասին փորձել է խոսել ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության որոշ աշխատակիցների հետ (տնտեսական գծով պատասխանատուի եւ այլն)։ «Մարդիկ, որոնց հետ խոսում էի, կամ ինձ իսկապես չէին հասկանում, կամ չէին ուզում հասկանալ։ Ասում էին՝ ի՞նչ բան է դա, եթե բիզնես չկա եւ որը փող չարժե։ Ես իրենց հարյուր անգամ բացատրեցի, որ ո՛չ պետությունից եւ ո՛չ էլ որեւէ մեկից գումարներ չեմ ուզում։ Միայն ուզում եմ, որ իմ իսպանական մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարի իրականացմանը աջակցեք։ Հայաստանում գիտեմ եւ տեսնում եմ շատերին, որոնք հանուն այս գաղափարի մեծ ոգեւորությամբ կհամագործակցեն եւ կնպաստեն կենտրոնի գործունեությանը։

Որեւէ բան ստեղծելիս պետք է իմանաս՝ որտեղ ես ստեղծում։ Հայաստանը մի երկիր է, որի բնակչության մեծ մասը գումար չունի։ Ես չեմ ուզում, որ այդ կենտրոնը ստեղծվի մարդկանց հատուկ մի շրջանակի համար, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ, որովհետեւ հաճախ հենց այդ մարդկանց, որոնք միշտ մտածում են գումարներ աշխատելու մասին, չի հետաքրքրում մշակույթը։ Այդ իսկ պատճառով, ես ուզում եմ ստեղծել մի կենտրոն, ուր ամեն մարդ առանց մեկ դոլար անգամ ծախսելու, կարողանա հաճախել ու օգտվել։ Իսպանիայում եւս շատ մարդիկ կան, որոնք համաձայն են աշխատել առանց գումարի։ Իսպանիայի կառավարությունը մեծ ծրագրեր ունի իսպանական մշակույթը իր երկրից դուրս տարածելու եւ զարգացնելու։ Իսպանական կառավարությունը ուղղակի իմաստով, ճիշտ է, գումար չի տա, բայց կարող է վճարել այնտեղից եկող մասնագետներին, մշակութային գրականություն ձեռքբերելու գործում»,- ասաց Էնրիկե Վիվեր Կամինը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30