Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՒԺԱՆ-50

Դեկտեմբեր 01,1998 00:00
Merujan

Կիրակի օրը «Գոյակ» ակումբում 80 հրավիրյալների փոխարեն Մերուժան Տեր-Գուլանյանի՝ ավելի քան 100 լավագույն բարեկամները նշեցին «Ար» հեռուստաընկերության նախագահի ծննդյան 50-ամյակը։ Մասնակիցների առատությանը հավանաբար նպաստել էր այս հանդիսության վերաբերյալ «Հայլուրի» ստույգ տեղեկատվությունը. ակնհայտ էր, որ ոմանց ներկայությունն իսկական անակնկալ էր հոբելյարի համար։

Մերուժան Տեր-Գուլանյանը, դիմավորելով հյուրերին, համբուրվեց բոլորի հետ անխտիր։ Իրեն հատուկ սրտաբացությամբ նա քաջալերում էր առանց այն էլ ուտել-խմելու եւ ուրախանալու պատրաստակամությունը չթաքցնող ներկաներին։ Մատուցվեց, մասնավորապես, Սաղամո լճի ձուկ։

Հարազատներից ու գործընկերներից բացի, Մերուժան Տեր-Գուլանյանին շնորհավորելու էին եկել նաեւ Ալբերտ Բազեյանը, Էդվարդ Եգորյանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, գրող Աղասի Այվազյանը, նկարիչ Վարուժան Վարդանյանը, Հենրիկ Իգիթյանը, ջազմեն Մալխասը, բանաստեղծ Արմեն Շեկոյանը, փոքր-ինչ ուշացումով՝ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը…

Հատկանշական է «Արի» փոխնախագահ Վահրամ Մարտիրոսյանի կերպափոխությունը. ներկայացնելով «Հետագիծ» ծրագրի պարոդիան՝ Մերուժան Տեր-Գուլանյանի դերում նա հայ ժողովրդի պատմության ամենափառահեղ շրջան անվանեց Ջավախքը, ամոթալի շրջան՝ մնացածը։ «Գոյակը» մինչեւ ուշ գիշեր նշում էր այս հոբելյանը։

Հաջորդ օրը Մերուժան Տեր-Գուլանյանը հայտնաբերեց, որ ստացած նվերների ճնշող մեծամասնությունը գրիչներ են։

ԵՐԵՔԸ՝ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Անցած շաբաթավերջին «Փուլման» ռեստորանում պետք է հանդիպեին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովի ներկայացուցիչ պրն Մագնուսոնը եւ այդ ատյան մեկնող ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները։ Սակայն, քանի որ այնպես էր ստացվել, որ ռեստորանում միմյանց հանդիպել են նաեւ Արմեն Մարտիրոսյանն ու Հովհաննես Իգիթյանը, նրանք տարբեր պատրվակներով հրաժարվելով ռեստորանային սեղանի շուրջ նստելուց, իրենց անբարյացակամությունը միմյանց նկատմամբ ցույց տալով, պրն Մագնուսոնից ներողություն խնդրելով հեռացել են։ Սեղանի շուրջ մնացել են երեքը՝ եվրոպացի հյուրը, Գայանե Սարուխանյանը եւ Հրաչ Գրիգորյանը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031