Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆՈՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ

Դեկտեմբեր 02,1998 00:00
Arshak Sadoyan

Հայաստան են ներմուծվել մեծ քանակությամբ դրամարկղային սարքավորումներ, ինչի պարտադիր ներդրումը ոչ միանշանակ մոտեցումներ է առաջացրել Ազգային ժողովում։ Դրա վերաբերյալ իր տեսակետն «Առավոտին» ներկայացրեց պատգամավոր Արշակ Սադոյանը.

– Դրամարկղային սարքավորումների ներդրումը բավականին վտանգավոր նախադեպ է ստեղծում ու նոր հնարավորություններ տալիս հարկային տեսուչներին, որպեսզի փող աշխատեն, այսպես ասած՝ արդեն մեքենայացված տարբերակներով։ Փաստորեն, գտնվել է ձեւ, որպեսզի հնարավոր լինի խուսափել հաստատագրված վճարների համակարգից եւ գործողության մեջ դնել հարկային տեսուչների կամքը։ Նրանք ստուգելու են, թե այսպես կոչված «կասային ապարատները» լա՞վ են աշխատում, արդյոք, թե՝ ոչ։ Փորձելու են հետեւել նաեւ, թե, արդյո՞ք, գրանցվեց կատարված ցանկացած գնում, թե՝ ոչ։ Այդ ամենը, շատ հասկանալի է, այնպիսի ահավոր հնարավորություններ է ստեղծում հարկային տեսուչների համար, որ նրանք օգտագործելով, այսպես ասենք, մեխանիզացիայի հնարավորությունները, իրենց ձախ եկամուտներն առնվազն եռապատկելու շանս ձեռք բերեն։

– Բայց պրն Սադոյան, եթե էլեկտրոնային ցուցիչներով այդ սարքավորումները գործի դրվեն օրենքի տառին համաձայն, հարկային տեսուչը ձախ եկամտի ի՞նչ հնարավորություն պետք է ունենա։

– Խոսքս ավելի պարզեցնեմ, այն վերաբերում է ոչ թե կշեռքներին, այլ այն սարքավորումներին, որոնք ժամանակին օգտագործվում էին մեր խանութներում ու վաճառքի չեկեր էին տպում։ Մեզանում չկա առեւտուր անելու այն մշակույթը, որ գնորդը կտրոն պահանջի իր գնած ապրանքի դիմաց, որն, ասենք, սիգարետ է կամ օղի։ Այդ դեպքում, թաքուն կանգնած, բեղեր կպցրած հարկային տեսուչը, տեսնելով, որ կտրոն չեն տալիս, մոտենում է եւ ասում՝ էսքան մուծվի, որ ես քո մասին չհայտնեմ։

Օգտվելով պատեհ առիթից, որ խորհրդարանում էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր, հարկային տեսչության պետ Սմբատ Այվազյանը, խնդրո առարկայի վերաբերյալ զրուցեցինք նաեւ նրա հետ։

Smbat Ayvazyan

– Այն կարգը, որը սահմանվել է՝ չարաշահումների շատ փոքր հնարավորություն է տալիս։ Բայց, բոլոր դեպքերում, վարչարարությունը, իբրեւ հարկային տեսչության պետ եմ հայտարարում, այն աստիճանի հսկողության տակ պետք է պահվի, որպեսզի որեւէ հարկային տեսուչ նույնիսկ չմտածի էլ այս խոշոր պետական միջոցառման ընթացքում սեփական-անձնական խնդիրները լուծել։ Մի խոսքով՝ ես դա բացառում եմ։

– Իսկ եթե, այնուամենայնիվ, խախտումներ լինեն, դուք այդ անձանց կպատժե՞ք։

– Իհարկե, օրենքի ամբողջ խստությամբ։

– Այսինքն, դուք երաշխավորում եք, որ նման բան տեղի չի՞ ունենա։

– Այո՛, իհարկե։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031