Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԽ-ՈՒՄ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԲԱԶԵՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 11,1998 00:00
axavni

ՔԽ-ի՝ մաքուր ձեռքերով գործադիր քարտուղարը կատարեց իր պատմական առաքելությունը՝ կազմակերպելով նախկինների գնահատումը։ Հրանտ Խաչատրյանին այժմ փոխարինեց Հայաստանի սոցիալիստական ուժերի միության ատենապետ, «պրոֆեսիոնալ պատմաբան», 46-ամյա Ռուբեն Խուրշուդյանը, որն իր առաջին ճեպազրույցից ստացած տպավորության համաձայն՝ խուսափում է սուր ու կտրուկ գնահատականներից, ավելի շատ տեսաբանի խառնվածք ունի եւ իր խնդիրը մասնավորապես ռազմավարական հիմնադրույթների համագործակցաբար ծրագրավորումը եւ ներքաղաքական կայունությունն ապահովող հայեցակարգի մշակումն է ապահովում։

Քաղաքական գնահատականի առնչությամբ Ռուբեն Խուրշուդյանի առաջին հայտարարություններից մեկն այս էր. «Պիտի առանձին շնորհակալություն հայտնեմ Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ կարողացավ վեր կանգնել այն գայթից (՞), որ կարելի է գնալ վրեժխնդրության ճանապարհով։ Եվ առանձին շնորհակալություն պիտի հայտնեմ «Շամիրամ» կազմակերպությանը, որ խիզախություն ունեցավ ընդունել անցյալի սխալներն ու վրիպումները»։

ՔԽ-ի երեկվա նիստին մասնակցել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Գործադիր նոր քարտուղարի ընտրությունն ու ՔԽ-ի այլեւայլ նախաձեռնությունների վերաբերյալ նախագահի մոտեցումները պարզելը շուրջ 3 ժամ էր տեւել։ «Առավոտի» խնդրանքով Ռուբեն Խուրշուդյանը պարզաբանեց, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն հոգեհարազատ էր համարել ՔԽ-ի 7 ներկայացուցիչների ընդունած եզրակացությունը՝ նախորդ իշխանությունների քաղաքական ուղեգծի վերաբերյալ։ Եվ առաջիկայում, ՔԽ-ի եզրակացությունը հիմք ընդունելով, այս առնչությամբ հատուկ ուղերձով կամ ելույթով կդիմի ժողովրդին։ «Առավոտը» Ռուբեն Խուրշուդյանին խնդրեց նաեւ ներկայացնել, թե այն 3 կազմակերպությունները, որոնք հատուկ կարծիքով էին հանդես եկել քաղաքական գնահատականի վերաբերյալ՝ արդյոք այս նիստի ընթացքում փորձե՞լ էին Ռոբերտ Քոչարյանին ապացուցել իրենց դիրքորոշման իրավացիությունը. «Իսկապես այդ կազմակերպությունները փորձեցին վերահամոզել պրն Քոչարյանին։ Բայց մեր նախագահը սեփական համոզմունքներն ունի եւ իր կարծիքը չփոխեց»։

ՀԴԿ-ի, ԳիԱրՔՄի-ի եւ ՍԻՄ-ի այդ հատուկ կարծիքում նախորդ իշխանությունների վերաբերյալ «ապազգային» եւ նման որակումներ կան։ Լրագրողներից մեկը հիշեցնելով այդ փաստը՝ փորձեց պարզել, թե այդ գնահատականների վերաբերյալ ինչ վերաբերմունք է արտահայտել նախագահը։ «Պրն Քոչարյանը չմեկնաբանեց, մանրամասնորեն չանդրադարձավ այդ փաստաթղթին, քանզի այն չի ընդունվել ՔԽ-ի կողմից որպես հիմնարար փաստաթուղթ»,- պարզաբանեց պրն Խուրշուդյանը։ Ստացվում է, որ նախագահն անտեսել է 11-ից 3-ի կարծիքը։ Վերջիններից մեկի ղեկավարը, հիշեցնենք, որ նախագահի խորհրդականն է։

Շուրջ մեկուկես ժամ ՔԽ-ականները Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել էին էլեկտրաէներգիայի, բնակչության ավանդների եւ այլ նուրբ խնդիրների վերաբերյալ ՔԽ-ի եզրակացությունները։ «Նախագահը գտնում է, որ որոշ հարցեր բարձրացնելիս մենք պիտի զերծ մնանք որոշակի պոպուլիզմից,- պատմեց պրն Խուրշուդյանը։ -Այսինքն, սոցիալ-տնտեսական ծրագրերը չպիտի քաղաքական շահարկման նյութ դառնան»։ Իսկ հետեւած այն հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՔԽ-ն այլեւս չի անդրադառնա նման խնդիրների, պրն Խուրշուդյանը պատասխանեց. «Ընդհակառակը։ Զբաղվելու ենք այդ հարցերով։ Ուղղակի դրանք կլինեն ավելի մասնագիտացված, քան քաղաքականացված որոշումներ»։

«Քաղաքական խորհուրդը մի լավ ու բարի ավանդույթ ունի՝ մթնոլորտի, գաղափարների եւ վերջիվերջո՝ գործունեության հիմնական ուղղությունների հաջորդայնությունն է»,- հայտարարեց ՔԽ-ի նորընտիր գործադիր քարտուղարը։ Սակայն հաջորդայնության կամ ժառանգականության այդ սկզբունքն առաջին իսկ ճեպազրույցում խախտվեց։ Լրագրողի այն հիշեցմանն ի պատասխան, թե մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ճեպազրույցում Հրանտ Խաչատրյանը հայտարարել էր, որ նախագահի մասնակցությամբ նիստում պիտի ճշտվի ՔԽ-ի հայեցակարգը. այն ազդեցի՞կ ուժերի, թե՞ միայն նախագահին սատարող ուժերի խորհուրդ է, Ռուբեն Խուրշուդյանն ասաց. «Բացառված է, որ Քաղաքական խորհուրդը լինի միայն նախագահին սատարող կառույց»։

Ակնհայտ էր, որ այս հարցն այդ նիստի օրակարգում չէր եղել։ Սակայն մի դրական կողմ կա. ՔԽ-ի նոր գործադիր քարտուղարը հայտնեց իր ցանկությունը՝ այս կառույցը համալրել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին աջակցած ուժերով։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031