Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իրոք ուզում ենք համեմատվել

Դեկտեմբեր 22,1998 00:00
hayeli

Որքան էլ բարձր կարծիքի լինենք մեր մասին, պիտի ընդունենք նաեւ, որ, երբեմն, համարյա ավանդույթի ուժ ունեցող նաեւ հիմար սովորություններ ունենք: Դրանցից մեկը, որ հաստատ վերջին տարիներին ենք ձեռք բերել, յուրաքանչյուր ընտրությունից հետո լուրջ տեսքով պնդելն է, թե մեր գովական հայրենիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մի անհույս ասիական ծայրամաս, ուր ժողովրդավարություն չկա ու չի նախատեսվում, իսկ ընտրությունները զուտ ձեւական են, քանի որ բոլոր պարագաներում հաղթում է իշխանությունը:

Մենք վարժվել ենք այդ համեմատությանը ու դրա համար էլ պարզապես չենք մտածում այն մասին, թե որքանո՞վ է այն իրական: Մինչդեռ յուրաքանչյուրի հոգու խորքում հետզհետե ավելի ու ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ նման համեմատությունը մեծ վիրավորանք է ոչ թե մեր, այլ՝ ասիացիների հասցեին:

Այս միտքը հաստատելու համար հազիվ թե կարիք լինի հիշել ողջ Ասիան: Հաշվից հանգիստ կարելի է հանել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ասիական երկրների մեծամասնությունը, եւ առանձնապես Ճապոնիան, ուր հազիվ թե մտածեն նույնիսկ, որ ընտրություններում հաղթում է նա, ում օգտին «հաշվում» են ձայները: Տայվանում, ճիշտ է, պատգամավորները հաճախակի դնգստում են միմյանց, բայց քաջ հայտնի է, որ ժողովրդի ոչ մի ընտրյալ կռվի մեջ չի նետվել՝ սեփական շահերը պաշտպանելու նպատակով: Եթե այդպես լիներ, նա հաջորդ օրն իսկ խցանի պես դուրս կթռչեր խորհրդարանից: Ընտրված լինելն այստեղ ամենեւին չի նշանակում, թե քեզ ամեն ինչ կարող ես թույլ տալ:

Հեռավոր ափերից վերադառնանք, սակայն, մեր կողմերը եւ հիշենք մեր թեկուզ ամենամոտ հարեւանին՝ Իրանի Իսլամական հանրապետությանը: Հստակ հայտնի է, թե ովքեր են այդ երկրի ղեկավարները, ինչպիսի բարքեր են այնտեղ իշխում, ինչ կարգեր են հաստատված: Ինչպես եւ Հայաստանում, Իրանում իշխանության փոխանցման մեխանիզմը կարգավորված է մինչեւ վերջին պնդօղակը. ով ղեկավարում է պարահանդեսը, նա էլ երաժշտություն է պատվիրում: Հայկականի համեմատությամբ, սակայն, այդ երաժշտությունը սկզբունքային այլ հնչեղություն ունի: Երկրում տիրություն անող կրոնական վերնախավը դեռ բոլորովին վերջերս ոչ մի կերպ չէր ցանկանա նախագահ տեսնել անկանխատեսելի Խաթամիին, որը հայտնի է նաեւ իր արեւմտամետությամբ: Բայց ի՞նչ քայլերի դիմեցին երկրի գլխավոր կառավարիչները, որպեսզի հնարավորին չափ վստահելի ձեւով փակեն նրա ճանապարհը դեպի նախագահական աթոռ: Բնակչությանը անվճար սնու՞նդ բաժանեցին, թե՞ օգտագործված էլեկտրականության վարձը փակելու համար ձրի կտրոններ տվեցին:

Ղեկավար աշխատողները շարքայիններին սպառնացին հեռացմա՞մբ, եթե նրանք իրենց ձայները տային Խաթամիին: ,,Իսլամական հեղափոխության պահապաններին,, ավելորդ քվեաթերթիկնե՞ր բաժանեցին եւ կո՞ւյր ձեւացան, երբ նրանք, ներխուժելով ընտրական տեղամաս ու հաճախ սպառնալով նույնիսկ զենքով, դրանցով սկսեցին լցնել քվեարկության տուփերը: Առանց մեր հաստատման էլ ընթերցողը գիտի, որ Իրանում ոչ մի նման բան չի կատարվել: Կրոնական իշխանությունը, լինի այն հազար անգամ իսլամական եւ նույնքան՝ արմատական, իրեն, այնուամենայնիվ, իրավունք չվերապահեց միջամտել ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ արտահայտությանը: Այդ քայլին, թեկուզ մեզանում նույնիսկ դրան հիմա դժվար է հավատալ (շատերին է հայտնի, թե ոչ հեռու ժամանակներում կրոնական ինչպիսի ընտրություններ տեղի ունեցան Էջմիածնում), նրանք չդիմեցին եւ, ամենայն հավանականությամբ, երբեք չեն դիմի հենց թեկուզ կրոնական նկատառումներից ելնելով:

Այլ բան է, թե այդ նույն գերագույն կառավարիչները իրենց ինչպես են պահում ընտրություններից հետո… Բայց նույնիսկ այդ դեպքում, շեշտեմ, նրանք կտրուկ շարժումներ չեն անում, չեն փորձում կեղծել ընտրությունների արդյունքները: Ալժիրում, օրինակ, ոչ իշխանության օգտին ավարտված ընտրությունները պարզապես չեղյալ հայտարարվեցին, սակայն ոչ մեկի մտքով չանցավ կեղծել դրանց արդյունքները… Ցանկության դեպքում կարելի է նաեւ այլ օրինակներ բերել:

Բայց ասվածն էլ, թվում է, բավարար է մեր ընտրությունների վրա ասիականի պիտակ փակցնելու ժամանակավրեպ (մեղմ ասած) սովորությունից ազատելու համար: Եթե նույնիսկ աշխարհով մեկ տոտալիտար պետություն հռչակված Իրանում ընտրություններն անցնում են մի մակարդակով, որի մասին մենք նույնիսկ երազել չենք կարող անգամ մոտակա տասնամյակում, ապա հարկ է լրջորեն վերանայել մեր վերաբերմունքը ինչպես շրջակա աշխարհի, այնպես էլ անձամբ մեր եւ մեր ազգի նկատմամբ: Իսկ նրանց, ովքեր մեզ նման հիմար վիճակի մեջ են դրել, պատժել իրոք ասիական օրենքների ողջ անվերապահ դաժանությամբ:

Բայց ինչ էլ անելու լինենք, մենք, այնուամենայնիվ, այն ժողովուրդն ենք, որ առանց ինչ-որ մեկի հետ համեմատվելու չենք կարող: Այնժամ, աշխարհի ո՞ր մասում հաստատված ընտրական ավանդույթները համեմատենք այն տհաճ իրողությունների հետ, որոնք, ցավոք, արդեն մշտական գրանցում են ստացել մեզանում: Համեմատությունների համար միակ հնարավոր բնօրինակները, որքան էլ դրանք պարադոքսալ հնչեն, դարձյալ ասիականներն են, սակայն՝ աշխարհագրական այլ լայնությունների վրա հաստատված: Օրինակ՝ միջինասիականները, որոնց «ժողովրդավարության» յուրօրինակ բնույթը քաջ հայտնի է բոլորին, իսկ ժողովրդի կամքի անկեղծ արտահայտության խորհրդանիշը Թուրքմենբաշին է…

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031