Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ ԷՔՍՏԵՐԻԵՐՈՒՄ

Հունվար 19,1999 00:00
yntaniq

Միջին հայաստանցի ընտանիքի մասին, թվում է, կարող է պատկերացում տալ այն պարտադիր վճարումների փունջը, որը յուրաքանչյուր բնակչի առջեւ դնում է պետությունը։ Իսկ ինչո՞ւ՝ թվում է։ Այդ վճարումների գումարը իսկապես արտացոլում է միջին ընտանիքի սոցիալական վիճակը, միայն թե՝ չվճարումների դեպքում։

Այն բոլոր ընտանիքները, որոնց դիմեցինք այս հարցով, լավագույն դեպքում իրենց վճարումները կատարել են 1996-ի համար։ Ընտանիքներ կան, որ 5-10 տարի ջրի վարձ չեն մուծում եւ աշխատում են այդ մասին նույնիսկ չհիշել, այնքան դա իրենց համար անհնարինի ոլորտներում է։ Առանձին դեպքերի կանդրադառնանք, սակայն հիմա փորձենք տալ միջին ընտանիքի օրինակելի պատկերը, եթե նա պարտաճանաչությամբ ամսեամիս հիշում է, որ այս արեւի տակ ապրելն այնքան էլ անվճար չէ։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ապրող միջին ընտանիքը բաղկացած է 4,7 մարդուց։ Այդ 4,7-ից լողանում եւ ջուր է խմում ոչ միայն 4-ը, այլեւ 0,7-ը։ Այնպես որ, յուրաքանչյուրի համար ամսական 420 դրամ մուծելով, այդ ընտանիքի բյուջեն նիհարում է 1974 դրամով։ Եվ 470 դրամ անհրաժեշտ է հանել բյուջեից՝ միայն մաքրասիրության, իսկ ավելի կոնկրետ՝ աղբահանության համար։ Կարեւոր չէ, որ երբեմն աղբը բակերում կամ հետնաբակերում շաբաթներով մնում է, մինչեւ անտանելի «անուշահոտության» հասնելը։ Յուրաքանչյուր բնակչից 100- ական դրամ գանձվում է, հավանաբար, աղբը տնից դուրս հանելու իրավունքի համար։ Կարո՞ղ էին, չէ, ասենք, թույլ չտալ աղբն ընդհանրապես տնից հանել եւ պարտավորեցնել այն «իրացնել» ըստ հայեցողության։ Ի՞նչ է եղել, որ սա էլ նվաճում է։

Երեւանում կան շենքեր, որոնց բնակիչներն իրենց ԲՇՏ-եր ինչ-որ սպասարկման վարձ են մուծում։ Այդ «ինչ-որ» բնորոշումը իրենք՝ բնակիչները տվեցին, քանի որ ոչ մի կերպ չեն պատկերացնում, թե ինչ սպասարկումների դիմաց են վճարում։ Նրանք չեն հասկանում, ԲՇՏ-ում էլ նրանց բացատրում են, որ շքամուտքի դուռ ու լուսամուտ կարող է կոտրվել, բազրիքները նույնպես երբեմն կոտրվում են, հին աստիճանները քանդվում են, իսկ խողովակները երբեմն այլեւս չեն դիմանում իրենց «փտած» վիճակին։ Այս ամենն, իհարկե, տեղի է ունենում, ոչ ոք չի ժխտում։ Նույնիսկ ավելին. այս ամենը չափից ավելի հաճախ է տեղի ունենում։

Բայց հենց այդ նույն՝ սպասարկման վարձ մուծող բնակիչներին, մի փտած խողովակը նորով փոխարինելը, նստել է ոչ ավել, ոչ պակաս՝ 400 ԱՄՆ դոլար։ Այդ գինն առաջարկել ու այդքանով նրանց «սպասարկել» է հարազատ ԲՇՏ-ն։ Ասենք, որ հարեւան շենքի բնակիչներն ավելի հնարամիտ են գտնվել եւ իրենք են վարպետ գտել։ Վերջինս «բարիշել» է 90 ԱՄՆ դոլարով։ Մենք, իհարկե, ոչ 400, ոչ էլ նույնիսկ 90 դոլարը չենք մտցնում միջին ընտանիքի ծախսերի փաթեթի մեջ. պետությունը դրանց համար ընդամենը ամսական 260 դրամ է նախատեսել։ Միջին ընտանիքն էլ իր հարեւան մյուս միջինի հետ թող «տեղավորվեն» խողովակի պետական արժեքի մեջ։ Եվ ոչ միայն խողովակի։ Ծիծաղելի է նույնիսկ ասել, բայց այս գումարով շքամուտքի պատերն էլ պիտի սպիտակեցվեն եւ յուղաներկվեն։ (ԲՇՏ-երն, իհարկե, արդարանում են, թե «ձմեռը պաձեզդի լուսամուտներին ցելաֆան ենք քաշել»։ «Ճիշտ է,- հաստատում են բնակիչները,- միայն թե 1993 թ.»։ Եվ միայն այդ)։

Նման մաքուր եւ իսկապես «շքեղ» մուտք ունեցող բնակարանում ամոթ է, որ հեռախոս չլինի։ Հասկանալի է, որ թարմ վերքը քչփորելն այնքան էլ կոռեկտ չէ, սակայն միջին ընտանիքը պիտի մոռանա, որ մինչեւ անցյալ տարվա վերջը հեռախոսային կապն իրեն ամսական 600 դրամ է արժեցել։ Այսուհետեւ այս հաճույքը ընտանիքի դրամապանակից կքամի 900 դրամ։ Մի քանի ամիս հետո թվային կայանների հեռախոսատերերն իրենց ծախսերի շարքում մի հոդված էլ կավելացնեն, անունը պայմանականորեն դնում ենք՝ օրական 4 րոպեից ավելի հեռախոսից օգտվելու վարձ։ Բայց դա ամիսներ հետո, երբ կգտնվեն բաժանորդներին ինքնակամ «մուծվելու» պարտադրող կամ համոզող մեխանիզմները։ Իսկ առայժմ հեռախոսային բաժանորդները լավ կանեն կրճատեն Երեւանից դուրս իրենց ծանոթ-բարեկամների թիվը կամ լավագույն դեպքում «սառեցնեն» հարաբերությունները։ Հակառակ դեպքում ազգական-ծանոթի բնակավայրի հեռավորության աճմանը զուգընթաց աճում են նաեւ միջքաղաքային խոսակցությունների դիմաց վճարումները։ Համարենք, որ միջին ընտանիքը ամիսը մի անգամ զանգահարում է Մոսկվա՝ հորաքրոջը, երկու անգամ՝ Ախալքալաքի քեռուն, մի երեք անգամ էլ Արտաշատի տատիկի ողջությունից է տեղեկանում։ Ուզի-չուզի, մինչեւ 1000 դրամ հասցնում է։ Հիշեցնենք՝ միջին ընտանիքը։

Դեռեւս կան ընտանիքներ, որոնք շարունակում էին օգտվել, այսպես կոչված, «պատի ռադիոներից»։ Մինչեւ դա էլ դարձավ թանկ հաճույք. ամսական 50 դրամ մուծելու փոխարեն, այժմ «քյասիբի ռադիոյի» ունկնդիրները պարտավոր են վճարել 100 դրամ։ Շատերն ընդհանրապես կտրել են տալիս գիծը եւ ապրում «ականջները դինջ»։ Վերջինս այնքան էլ չի հաջողվում, եթե հասարակ մահկանացուի բնակարանը գտնվում է վերելակ ունեցող շենքում։ Բնակչի գլուխը ցավեցնում է ոչ այնքան անսարք վերելակի աղմուկը, որքան դրա ծախսած էներգիայի դիմաց վճարումը։ Այն շենքերում, որտեղ վերելակների համար առանձին հաշվիչներ կան, դրանց ցուցմունքը բաժանվում է շենքի բնակարանների թվին։ Եվ ամենքից գանձվում է իր բաժինը։ Իսկ որտեղ հաշվիչներ տեղադրված չեն, յուրաքանչյուր բնակարան ամսական վճարում է 400 դրամ։

Այս բոլոր գումարները (որոնք արդեն կազմեցին 5070 դրամ) ոչինչ են՝ համեմատած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների հետ։ 4,7 հոգանոց ընտանիքը ամսական (տարվա կտրվածքով) օգտագործում է 250 կվտ էլեկտրաէներգիա (հաշվի են առնվում ձմեռվա պլյուսներն ու ամառվա մինուսները)։ Այդ հաշվարկով միջին ընտանիքը էներգիայի համար իր բյուջեից բաց է թողնում մոտավորապես 7000 դրամ։ Եթե հաշվի առնենք, որ միջին ընտանիքի երկու անդամ բյուջետային հիմնարկում է աշխատում, ուրեմն՝ նրանց 20 հազար դրամի հասնող աշխատավարձի 12070 դրամը ծախսված է «էն գլխից»։ Մնացած, մոտավորապես 8 հազարով էլ թող հոգան մյուս երկուսի սննդի եւ հագուստի հոգսերը։ Էն 0,7 մարդն էլ թող ինքը իր գլխի ճարը տեսնի։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031