Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴՐԵ՞ՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

Հունվար 29,1999 00:00

ԿԱԴՐԵ՞ՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ Լուրջ թե կատակ, բայց լսել ենք, որ կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցները, որոնց գլխին կառուցվածքային փոփոխությունների հարահոսում աշխատանքից ազատման վտանգն է կախված, ընկեր-բարեկամների շրջանում հուսահատ դաշնակցականներ են փնտրում։ Կուսակից ընկերների միջնորդությունները որքանո՞վ ազդեցություն կունենան նախարար Լեւոն Մկրտչյանի որոշումների վրա, չենք կարող ասել։ Բայց վերջինս արդեն առիթ ունեցել է այս կարգի շահարկումներին ի պատասխան հայտարարել, որ չի պատրաստվում, հասարակական կարծիքի «խաթեր» լավ մասնագետին մերժել միայն նրա համար, թե դաշնակցական է։ Ոչ դաշնակցական լավ մասնագետներն էլ հաստատ չեն անտեսվի։ Սակայն շահարկումներ հաստատ կլինեն ու ոչ միայն կուսակցական թեմայով։ Աշխատանքից ազատված ոչ մի պաշտոնյա չի ընդունի, որ պատճառն իր թույլ կարողություններն են եւ հիմնավոր ու անհիմն կմեղադրի իրեն չգնահատող ղեկավարությանը։ Չնայած վերջիններս էլ մեզ երես չեն տվել հենց մասնագիտական կարողությունների հիման վրա ընտրություն կատարելու սովորույթով։ Բայց այս նախարարության հետ մի քանի տարի շփվող լրագրողը մի բան հաստատ գիտի. հայտնի ասույթը ձեւափոխելով ասեմ՝ նախարարության այդ աշխատակազմի հետ հետախուզության չէի գնա։ Այնպես որ, նախարարի ձեռնարկած փոփոխությունները, անկեղծ ասած, սրտովս են, թեպետ ոչ մի երաշխիք չկա, թե արդյունքում ձեւավորվածն ավելի լավը կլինի, քան նախորդը։ Քանի դեռ համեմատության համար ոչ մի հիմք չկա եւ ազատված որեւէ պաշտոնյայի մտքով չի անցել խմբագրությանը բողոքել անարդարացի որոշումից, ներկայացնում ենք այս առնչությամբ պաշտոնական պարզաբանումները։ Դրանք խնդրեցինք ներկայացնել կրթության եւ գիտության փոխնախարար Միհրան Ստակյանին, որը լուծարային հանձնաժողովի նախագահն է։ Վերջինիս հիմնավորմամբ կադրային փոփոխությունները պայմանավորված էին նախարարության լուծելիք խնդիրների փոփոխությամբ, որոնք նոր մարդիկ էին պահանջում։ Որոշ վարչություններ ընհանրապես լուծարվել են, ինչպես ասենք՝ ծրագրամեթոդականը, մի մասը միավորվել է, ստեղծվել են նորերը՝ հավատարմագրման եւ լիցենզավորման ծառայությունը, տեսչական բաժինը, սփյուռքի բաժինը եւ այլն։ Ուժեղացվել է իրավական բաժինը՝ այն հիմնավորմամբ, որ «իրավական հարցերի շրջանակը լայնանում է՝ կապված արտաքին կապերի մեծացման, պետական ու ոչ պետական ուսումնական հաստատությունների հետ»։ Ընդհանուր առմամբ, այս փոփոխությունների արդյունքում նախարարության 138 աշխատակիցներից 124-ն են մնացել, եւ այդ նոր կազմն արդեն հաստատված է։ Պրն Ստակյանի հավաստմամբ, «աշխատում ենք առավելագույնս օգտագործել աշխատանքային օրենսդրության դրույթները»։ Հնարավոր երկու՝ լուծարման եւ կրճատման տարբերակներից առաջինի դեպքում աշխատանքից ազատվածների նկատմամբ «պարտավորությունները այնքան էլ մեծ չեն, բայց կա բարոյական գործոն»։ Ըստ դրա էլ նախարարության կենտրոնական ապարատից հեռացվածներին առաջարկվում է կրթական համակարգում (ուսումնարաններ, բուհեր, դպրոցներ) այլ աշխատանք։ Պրն Ստակյանի հավաստմամբ բոլորին էլ առաջարկել են այլ աշխատանք՝ ըստ իրենց նախասիրությունների, եւ նույնիսկ նրանց, ովքեր ազատվել են թոշակային տարիքի հիմնավորմամբ։ Վերջիններս տասնյոթն են։ Սակայն, ինչպես պրն Ստակյանն ասաց եւ ինչպես հանդիպածս աշխատակիցները բողոքեցին, գրեթե բոլորն ուզում են մնալ կենտրոնական ապարատում եւ հրաժարվում են այլ առաջարկներից։ Պրն փոխնախարարին առավել զարմացրել է, որ շատերը նախընտրում են տեսչական աշխատանքը, ըստ նրա՝ «ձեզ հայտնի պատճառներով»։ Կարծում ենք, որ ընթերցողներին էլ են լավ հայտնի այն պատճառները, որ այդքան գրավիչ են դարձնում տեսուչի աշխատանքը։ Այնուամենայնիվ, զրուցակիցս վստահեցրեց, որ «դա մեզ որոշ չափով զգուշացնում է, եւ այդ կադրերի ընտրության հարցում պետք է լինենք շատ զգույշ, ընդգրկենք հնարավորին չափ անաչառ եւ հմուտ մասնագետների»։ Չնայած բարեփոխվելու ցանկությանը՝ նախարարության կենտրոնական համակարգը կթարմացվի միայն տասը-տասներկու նոր աշխատակիցներով։ Պրն Ստակյանը նաեւ տեղեկացրեց, որ նախկին կառուցվածքով բոլոր վարչություններում ու բաժիններում խախտված էր պաշտոնային դրույքների բնականոն ընթացքը։ «Բոլորը դարձել են կամ առաջատար, կամ առաջին կարգի, կամ գլխավոր մասնագետներ»։ Վերականգնվել է ընդունված ձեւը (այսինքն, կան նաեւ երկրորդ կարգի մասնագետներ), ինչը որոշակի դժգոհությունների տեղիք է տվել, որովհետեւ «նրանք համարում են, որ արդեն հասել են այդ մակարդակին՝ չնայած շատերի մասնագիտական մակարդակը հաճախ չի համապատասխանում գրաված պաշտոնին»։ Եվ հաճախ ողջ աշխատանքն անում են վարչության պետերն ու նրանց տեղակալները, քանի որ գլխավոր ու առաջատար մասնագետները գործից գլուխ չեն հանում։ Պրն Ստակյանի ներկայացմամբ. «Մենք աշխատել ենք հնարավորին չափ ազատվել այն աշխատակիցներից, ովքեր արդյունավետ չեն աշխատում»։ Մեր այն հարցին ի պատասխան՝ եղե՞լ են աշխատանքի գնահատման հստակ չափանիշներ, փոխնախարարն ասաց, որ իրենք ատեստավորում չեն կատարել՝ չնայած նման դեպքում դա անում են։ Իսկ ընտրության համար հաշվի են առել արհմիության կարծիքն ու վարչության պետերի գնահատականը։ Ընդունվեց, որ «մենք դեռեւս չունենք հստակ մի համակարգ, որ քանակական ցուցանիշների արդյունքներով գնահատենք ինչ-որ մեկի աշխատանքը»։ Այն հարցին՝ շա՞տ կլինեն աշխատակիցներ, որոնք կփորձեն դատարանի միջոցով վերականգնվել աշխատանքի ու որքանո՞վ է նրանց աշխատանքից ազատելը պաշտպանված օրենքով, այսպիսի պատասխան ստացանք. «Կարծում եմ, որ մենք կունենանք երկու-երեք դեպք, բայց մեր դիրքերը բավականին ամուր են այս տեսակետից։ Բացի դրանից, մենք աշխատում ենք հարցերը լուծել ոչ թե վարչական կարգով, այլ մարդկանց աշխատում ենք տեղավորել այլ աշխատանքի, որ դժգոհություններ չլինեն»։ Ըստ պրն Ստակյանի՝ այլ բան է, երբ աշխատակիցները գերագնահատում են իրենց հնարավորությունները եւ ռեկտորից ու պրոռեկտորից ցածր պաշտոնի չեն համաձայնվում։ Աշխատանքից ազատումը նաեւ վարչության պետերին է բաժին հասել. հինգ նոր վարչության պետ պետք է նշանակվի, բայց անուններ պրն Ստակյանը չհամաձայնվեց տալ, քանի դեռ նշանակման հրամանները չեն եղել։ «Տուժած» միակ՝ գիտության գծով փոխնախարար Արամ Շահինյանին փոխարինողի անունն էլ չբացահայտվեց։ Այս առնչությամբ ասվեց. «Աշխատում ենք արտաքին գիտական կապերը ուժեղացնել, վերակենդանացնել գիտական աշխատանքները՝ հիմնականում արտասահմանյան գրանտներ ստանալու ուղղությամբ»։ Սրանից բխող այն հարցին, թե այդ առումով պրն Շահինյանի աշխատանքներն անբավարա՞ր է գնահատվել, ի պատասխան ասաց. «Մեր նախկին փոխնախարարը մասնագիտական ուժեղ ուղղվածություն ուներ, քանի որ մենք մեր աշխատանքի ուղղվածությունը փոխեցինք, ուղղակի անհրաժեշտ էր նոր մարդիկ ընդգրկել»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել