Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. ԿԵՍՕՐԻՑ ՀԵՏՈ

Հունվար 29,1999 00:00

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. ԿԵՍՕՐԻՑ ՀԵՏՈ Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին «Եվ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եվ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։ Մ. ԳԱԼՇՈՅԱՆ «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։ ԴՅՈՒԱՄԵԼ Ուսանողական, հեռակա տեխնիկումում սովորելու տարիներին, հյուրանոցի, որտեղ իջեւանում էր, հարկերից մեկի հերթապահին էր սիրահարվել Բորիկը։ Մի կաղլիկ-չաղլիկ, բարեհոգի ու գեղեցիկ կնոջ, որը սովորեցնող ու փորձված-անարգելք սիրուց ազատ ժամանակ, արդեն մոր խնամք էր դնում նրա նկատմամբ։ Եվ Բորիկը չէր կարողանում կտրվել էդ կնոջից ու էդ տաք մթնոլորտից եւ, քննությունները հանձնելուց հետո, դեռ երկար օրեր մեծ քաղաքներից մեկի հյուրանոցի հերթապահի գրկում էր ննջում՝ գյուղ չէր վերադառնում, մինչեւ հայրը համագյուղացիների խորամանկ ակնարկներից զգացված-կասկածելով, իր մինուճար տղայի՝ «քաղաքում կապը կտրած քածի-մածի խելքին ընկնելու, գյուղում իրեն խայտառակելու» մտքերից ստիպված, հիշոցներով փոստից-փոստ ընկնում, զանգում եւ ծնողներին ու գյուղի ակումբը մոռացած երախտամոռ որդուն տուն էր բերում։ Եվ ամեն անգամ վերադարձին Բորիկը պատճառաբանում էր հորը, ամեն անգամ մի բանով պատճառաբանում, արդարանում էր։ Էդ օրն էլ ավտոբուսով ուշ գյուղ հասել, լիքը լցված-տարված, հիմա թեւի տակ դրված, ճմռթված ճամպրուկով իրեն գյուղի ակումբին էր տվել, որի տերն ու տնօրենը, ռեժիսորն ու սցենարիստն էր, եւ իբր, այս ամբողջ բացակա ժամանակ ակումբի բարձիթողի վիճակով էր մտազբաղ, ու գրադարանավարուհուն, մնացած բաժինների պատասխանատու աշխատակիցներին սաստող նկատողություններ էր անում նկատված թերությունների համար, սակայն մտքում ակնկալում էր, որ ակումբի գործերը պրծնելուց, գիշերով տուն գնալուց հետո, հայրը քնած կլիներ, ու էս պատմությունը հոր միջքաղաքային հեռախոսազրույց-հիշոցներով կվերջանար։ Սակայն հայրը մնացած դոմինոյասեր համագյուղացիների նման դոմինո էր խաղում ակումբի խաղասենյակում եւ ուրիշներին սաստող տղայի ձայնը լսելով, վեր էր թռել ու հայրավարի սեփական տղայի օձիքից էր բռնել, ասել էր՝ ի՞նչ էիր անում էնտեղ էսքան ժամանակ, ա՛յ տղա, հը՞, ի՞նչ էիր անում։ Եվ Բորիկն իրեն չէր կորցրել, եւ ինքը գյուղի մշակույթի տան տնօրենն էր ու բնավորությունն էր այդպիսին՝ ծանր, բազմաբովանդակ թեմաներ էր սիրում կիսատ-պռատ շոշափել, եւ համագյուղացիները ենթագիտակցորեն եւ ուղղակի հասկանում էին, որ ինքն էլ չի հասկանում «իր բացած թեմաների» իմաստը, եւ սիրում էին. մեծահոգի, բացսիրտ, բոլորին հասնող Բորիկին համագյուղացիները հարգում, սիրում էին, բայց նաեւ այդ թերության համար մինչ այդ օրը Կիսատ Լցած Կուժ էին դրել անունը, եւ իբր թե կիսատ լցած կուժը քայլքի տակին-գլխին լխկլխկում է, սակայն այդ օրվանից Բորիկին համագյուղացիները Րաֆֆի կնքեցին, ու մեղավորը հայրն էր, որ հարցը տվել ու դեռ ձեռքը տղայի օձիքին, հարցի պատասխանին էր սպասում։ Նաեւ իր ու հոր գլխին իզուր հավաքված համագյուղացիներն էին սպասում, եւ «գյուղին կուլտուրա դաստիարակող» տնօրեն Բորիկը չէր խեղճացել իր պատասխաններում ու թեթեւ, հանգիստ ասել էր, ասել էր՝ գնացել էի նաեւ Երեւան՝ Արմենի մոտ, եւ Արմենի հետ գիրք ենք գրում։ Ու հայրը հերթական խաբվելուց ջղայնացած, ասել էր՝ ի՞նչ գիրք, արա՛, ի՞նչ գիրք, ու Բորիկը, հոր գլխի վրայով, համագյուղացիների գլխների վրայով հանգի՜ստ, թեթե՜ւ նայել ու ասել էր՝ «Խամսայի մելիքությունների» երկրորդ հատորը։ Եվ հայրը ժամանակին հանքավայրի տնօրեն էր աշխատել, գյուղի բրիգադիր, կուսկազմակերպության քարտուղար, եւ լավ քթածակ ունեցող սովետի թրծված ակտիվիստների պես ու նման ամեն ինչից մի քիչ կարդացել ու ամեն ինչից մի քիչ հասկանում էր, եւ շատ լավ, ճարտար, պատրաստված խոսում էր՝ ասված բառերի արժեքին նշանակություն չտալով ու խոսքի ման չէր գալիս եւ ասել էր, ասել էր՝ գլխիս Րաֆֆի է՞ս դառել, ա՛ շան տղա, Րաֆֆին էդ գիրքը գրելու համար Ղարաբաղի չոլերն էր ընկել, Չանախչու տակ, Րաֆֆու Քարի մոտ թուրքերից էլ ծեծ կերել-ոսկե ժամացույցը կորցրել, դու գնացել Հայաստանի չոլերում կապը կտրած աղջիկների հետ պատիվդ կորցնելով ե՞ս Ղարաբաղի մելիքությունների մասին գիրք գրում։ Բորիկը շեկ, կարմրոտ, առողջ-ժեռոտ տղա է, դեռ չի հասցրել ամուսնանալ, դպրոցում լավ չէր սովորել, Ալիշանն ու Րաֆֆին, Վարուժանն ու Ծերենցը խառնում էր խնջույքներում ու միջոցառումներում արտասանած իր մեջբերումներում եւ ոտանավորներում, բայց հոգ չէ, հոգի դնելով, ճոխ, պատկերավոր շարժումներով, իր ուզած շեշտադրումներով ոտանավորներ էր արտասանում գրականության մեր մեծերից, նաեւ չգիտես՝ որտեղի՞ց, մեկը-մեկից տխուր, մելամաղձոտ երգեր գտնում, ծոր տալով երգում, ու խաղաղ օրերի կարոտը քաշող տղաներին էր լացացնում խրամատում։ Եվ գյուղի մշակույթի տան տնօրենը լինելով, կռվի տարիներին եւս պարտավորված էր «խոխեքի կուլտուրայից հետ չմնալու» մտասեւեռումից ու հենց՝ Րաֆֆին ո՞ւր է, մի բան արտասանի լսենք՝ «խոխեքը» ձայնում են, Բորիկը գնդացիրը մի կողմ շպրտում, վազում է՝ մեկ էլ ինձ Րաֆֆի եք ասել… բայց կիսատ է թողնում, երեւի բախտը բերել է, որ իրեն Րաֆֆի են ասում, ուրիշներին գեղջկավարի ավելի դիպուկ անուններ են կպցնում, իսկ ինքը գիտնական-գրողի անուն է վաստակել՝ շոյող է, ու ոգեւորված վրա-վրա է տալիս… Ալիշա՛ն. Հայո՜ց աշխարհիկ, գարունդ է հասել, Ահա գեղեցիկ գարուն քո եկել. Ո՜վ դու ի վաղուց մոռցված հայրենիք, Ո՜վ դու իմ սըրտիս անմոռաց տեղիք… Բորիկը երկրորդ ձեռքը տարածեց, խորը շունչ քաշեց եւ նոր թափ էր առնելու, սակայն Արսենը փռթկացրեց ու հռհռաց. կրթված, պատրաստված, սկզբունքային տղա է, կադրային զինվորական, մայոր, Լյովային կողքից օգնում էր քարտեզի նշագրումներում, նոր ստացված զենքի փորձարկումներում, բայց առաջարկված հրամանատարությունից հեռու կանգնեց՝ կկռվեմ մինչեւ վերջ ու կզոհվեմ, բայց հրամանատարության հետ գլուխ չունեմ՝ իմացածս հիշոցներն ինձ հերիքում են, նորերը սովորելու կարիքը չունեմ նոր շփումներում, ասել էր։ Մեծ քաղաքից չորս տարի է, ինչ եկել է Արսենը, կռվի ձենը լսել, թողել, եկել ու համագյուղացիների հետ կռվում է թուրքի դեմ, եւ կողքը նստած, իր հետ մեծ քաղաքից եկած, համագյուղացիներին միացած Արմենի ուսին եկավ ձեռքը, ուսին զարկեց ու ասաց՝ ի՜նչ էլ Հայոց աշխարհիկի գարունը հասել է էս ձմեռ ժամանակ. լոթի-փոթի-թաթալաբազ հհշականներո՜վ, ազնվացեղությունը կորցրած, դնչին տված եւ վիրավորվածությունից տեղում սահմանափակ պտույտներ տվող ձիուն նմանվող դաշնակներո՜վ, բլնգած-գարնան սիզախոտ-շուտ համակերպվող ռամկավարներո՜վ, սահմանի «փափուկ տեղերում» մի երկու օր գլուխ պահած, հիմա՝ հացի-մսի-պանրի- բրնձի-կարագի խանութների տեր դառած, զենքը կողքներից կախ կամ յուրայինների վզակոթներին դեմ տված «ֆիդայիններո՜վ», ժամանակին ուշքից գնացած, հիմա ուշքի եկող, հոխորտացող, պրոթեզները բերաններից թքոտող 60-ամյա կոմունիստներո՜վ կամ անունները վերափոխած կոմունիստներո՜վ՝ ջա՜ն Հայրենի՛ք, եւ ասաց՝ մի ուրիշ բան կարո՞ղ ես արտասանել, ու Բորիկը դեռ երկար տքնում էր, եւ Արսենը ծամածռություն, ուրիշին նմանակելու, նսեմացնելու, մականուն-մակդիր կպցնելու սովորություն չուներ եւ ուրիշների նման չասաց՝ Րաֆֆի, ասաց՝ Բորի՛կ, մի ուրիշ բան, սրտամոտ, կարո՞ղ ես արտասանել, եւ Բորիկն ասաց՝ ինչո՞ւ, դու գիտե՞ս, որ սա նաեւ գաղափարախոսական բանաստեղծություն է, սա հատուկ ընտրել եմ, որ տղաների սերը թեժանա Հայրենիքի նկատմամբ՝ վաղը կռիվ ենք տալու, սա հատուկ եմ ընտրել. բա սերունդն ինչպե՞ս է դաստիարակվելու առանց էս կարգի բանաստեղծության, եւ Լյովան գլխով հավանություն տվեց, ու Արսենը ասաց՝ ճիշտ ես ասում. առանց ուսումի, առանց հայրենասիրական գրականության սերունդը վայրենի ու խուժան է մեծանալու, դու ճիշտ ես ասում, բայց սերունդը նաեւ իր օջախով է մեծանում-դաստիարակվում, եթե հայրը լղոզված է, ճմռթված է, տասը երեսանի ու լպրծուն եւ լկստված է, ապա զավակը նույնն է լինելու, զավակը հորն է քաշելու, տանը ինչ տեսնի՝ այն է սովորելու, եւ քարոզը չի օգնելու, չի օգնելու։ Իսկ էս տղաներին պետք չէ, էս տղաներն արդեն մոր կաթի հետ են ստացել հայրենասիրությունը, չորս տարի զենքը ձեռքներին, զենքն ինքնակամ ձեռքներն առած տղաներին քարոզ կարդալ- շիրա տալ հարկավոր չէ, էդ նրանց պիտի կարդալ, ովքեր պոռոտախոս հայրերի հովանավորությամբ ու հետը կռավատի տակ մտել ու փեդ էլ դեմ տաս՝ դուրս չեն գալու, եւ Էդգարը քռքռաց. «Համա լավ ասացիր, փեդը ես դեմ կտամ»,- ասաց, ասաց՝ դու մի ուրիշ բան արտասանիր, Րաֆֆի, էն՝ «Կերուխումը», եւ Բորիկն ասաց՝ «Գինարբո՞ւքը»՝ Զարիֆյա՞ն, եւ Էդգարն անկրթվածությունից նեղվեց, վատ զգաց, ասաց՝ Ջհանդամյա՛ն, ի՞նչ ես քո կիսատ-պռատ գիտունությամբ ձեւեր թափում, եւ Բորիկը պատրաստակամ առաջ մղվեց, ձեռքը պատկերավոր առաջ մեկնեց. Լեցո՛ւր բաժակը՝ խմեմ Գինին անո՜ւյշ հեշտանքին. Ալ կծաղրե՛մ այս կյանքին Սրբությունները դժխեմ։ Լեցուր բաժակը՝ խմե՛մ Գինին հարո՜ւստ հեշտանքին. Գինով ըլլամ ու կյանքին Անմըտությունը երգեմ… Լեցո՛ւր, լեցո՜ւր, որ խըմեմ, ՄԱ՛ՀՆ է ահա աչքիս դեմ… Բորիկը լավ էր արտասանում ու երկար արտասանեց, եւ Էդգարն ասաց՝ օ՜ֆ, օ՛ֆ, էս անտեր գյուղի բինորվան մեր պապերը վատ տեղ են հիմնել՝ Աղդամի բերանին, երկու անգամ՝ 1905 եւ 1918 թվերին թուրքերը երկու անգամ էս գյուղը գրավել, թալանել ու հիմնահատակ քանդել են, մեր պապերն էլ հաստակողի անխելքությամբ նորից նույն տեղում հիմնել են։ Էս Աղդամից կատաղած քաղաք չկա, էս քաղաքը որ գրավենք, է՜, ա՛յ գինարբուքը էդ ժամանակ եմ կազմակերպելու։ Եվ Մոսին ասաց՝ այ ապուշ, ոտանավորի մեջ ուրիշ բան էր ասում, կերուխումի մասին չէր ասում, եւ Էդգարը վրա պրծավ՝ բա ի՞նչ էր ասում, ասում էր՝ գինին-օղին խմեմ, քիթ-բերանով ընկնեմ անո՜ւյշ հեշտոցին մեջ, եւ Մոսին ասաց՝ այ, ապուշ, հեշտանքին մեջ էր ասում, ու Կարոն ասաց՝ Էդգարը ճիշտ է ասում՝ գոմիկների համար տարբերություն չկա, եւ Ռոբիկն ասաց՝ Րաֆֆի՛, Քոթոյի հետ մի կարճ ներկայացում էլ կազմակերպիր, ու տղերքը հռհռացին՝ Քոթո-Մայիսն էլ հետները, եւ Մայիսն ասաց՝ կարողանո՞ւմ եք, դուք էլ խաղացեք, եւ Ռոբիկն ասաց՝ բայց ի՞նչ մտածեցիր, որ վրա տված բեմ դուրս պրծար ու թե՝ հուշարարն է ասում, եւ Արսենը էդ խաղաղ ժամանակներում գյուղում չէր ու Մայիսի՝ դերեր խաղալու մեջ անծանոթ էր եւ ասաց՝ ինչի՞ մասին եք ասում, եւ Արմենն ասաց՝ խաղաղ օրերին Բորիկը օրումեջ ներկայացումներ էր դնում, եւ գյուղի դերասան մասը չէր հերիքում ու Մայիսին էլ էր հրավիրել խաղալու, սա էլ սցենարն անգիր չէր արել եւ, երբ իր խաղալու հերթն էր եկել, պոլի փետը հրացանի տեղ ձեռքն են տվել ու մեջքին խփել եւ բեմ գցել, հուշարարն էլ սցենարն է ականջին կարդացել, ինքն էլ բարձրաձայն արտաբերել է դահլիճում նստած հանդիսատես-համագյուղացիներին՝ Մհե՛ր, Մհե՛ր՝ ասաց հուշարարը, եւ տղերքը նորից փորները բռնեցին, ու Էդգարն ասաց՝ ես էլ գիտեմ, էս գյուղում մենակ ես ու Գարիկն ենք դոդը, եւ Արսենն ասաց՝ բա ափսոս չի՞ գյուղն ու գյուղացիները. ռամիկ մարդիկ, ռամիկ խոսակցություններով՝ կովը մրսեց ու ցռեց, խոտը էս տարի պակաս է, մեր Լեւոնը Մոսկվայում Ալիեւին ասել էր՝ ի՞նչ ասացիր, եւ մի ուժեղ ապտակ է տվել Ելցինի առաջ, ու Ելցինը որպես տանտեր, վատ է զգացել, բայց աչքին հուպ տալով, ասել է՝ Լեւոն Հակոբի՛չ, չի՛ կարելի, ինքը քեզանից տարիքով մեծ, արյունը պակաս մարդա, օձը էն դմակը կախ ոչխարի ոտքից կծել է, ոտքը ուռել է եւ վայ թե՝ սատկի.- ամբո՜ղջ ժամերով, ամբո՜ղջ ժամերով քննարկում են հանգիստ ու կարեւոր, բա ափսոս չի՞ գյուղն ու գյուղացիները։ Իրենք՝ դպրոցի ներքնահարկում, ռմբակոծությունն ու հարձակումները՝ անպակաս, վաղը, մյուս օրը կենդանի կլինե՞ն, թե՞ չէ, սակայն անլեզու հայվանի տանջանքն ու սոված մնալն է իրենց ցավը, երկրի գլխավորին՝ հաստատակամության մեջ տեսնելը, զավակներին տրված խրատներում՝ հողը թուրքին չհանձնելու պայմանը, իրար լսելու, հարգելու իմաստն է իրենց խոսքերում՝ ռամիկ մարդն ուրիշ է՝ խաղերից, դիվանագիտությունից հեռու։ Որ խաղաղվեց, երեխաներիս, կնոջս վերցնելու եմ, գամ գյուղ, գալու եմ խոզ պահեմ, կով պա… եւ Էդգարը կտրեց, ասաց՝ մենակ, թե սուրճ չխմես, եղբոր նման, գյուղ գալուց հետո, եւ Արսենը զարմացած ասաց՝ ինչո՞ւ, Էդգարն ասաց՝ գիտե՛ս, չէ՞, ղարաբաղցին աչքաբաց ա. մոտը մի բաժակ սուրճ են խմում, ինքը չեմուչում անելուց հետո, երկուսն է խմում, խուժանի մեջ են գցում, ամենախուժանն է դառնում, խելացիների մեջ են գցում, ամենախելացին է դառնում, խաղ տվողների մեջ են գցում՝ ամենադիվանագետն է դառնում, կարող է՝ իսկականի՞ց աղվանցի ենք. ոչ հայ ենք եւ ոչ էլ ադրբեջանցի։ Եվ Մոսին ասաց՝ դե շաշ-շաշ դուրս մի տուր, էն օրն էլ մեկն ասմ ա՝ ասում են՝ ղարաբաղցի տղերքը՝ ոչինչ, բայց աղջիկներն ու կանայք լաչառ են՝ մինչեւ ամուսինը մի բառ կասի, իրենք տասն են ասում, ես էլ ճարս կտրած ասացի՝ ղարաբաղցի կանայք լաչառ են, է՜, որ առյուծ տղերք են ծնում ու թուրքի մերը լացացնում։ Բայց… Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել