Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքաշինության նախարարը կատարում է քաղաքական պատվեր» Ռուբեն Եգորյան

Փետրվար 04,1999 00:00
qaxaqashinutyun

 Քաղաքաշինության նախարար Ֆ. Փիրումյանի ներկայացմամբ եւ վարչապետի որոշմամբ հաստատվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության նոր կառուցվածքը, ըստ որի կազմալուծվում է նախարարության Զարգացման եւ արտաքին կապերի վարչությունը, որը ղեկավարում էր պատգամավոր Էդվարդ Եգորյանի կրտսեր եղբայր Ռուբեն Եգորյանը։

Վերջինս «Առավոտին» հայտնեց, որ իր ղեկավարությամբ մշակվել են Հայաստանի համար կարեւոր, ստրատեգիկ նշանակություն ունեցող հայտնի մի շարք ծրագրեր՝ «Հայաստանի Հանրապետության սահմանների եւ սահմանամերձ գոտու պաշտպանության հայեցակարգը», «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ամրացման ծրագիրը», «Հայաստանում տարածքային զարգացման հայեցակարգը», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր կառուցվածքի (մարզային) սխեման», «Խաչմերուկ» ծրագիրը, «Հայաստանի ազգային զեկույցը», որը ներկայացվեց Ստամբուլում կայացած HABITAT II ՄԱԿ-ի գագաթնաժողովին ՀՀ կառավարության կողմից եւ այլն։

Միաժամանակ պրն Եգորյանը բազմաթիվ անգամ ներկայացրել է Հայաստանի տարածքային զարգացման խնդիրները միջազգային բազմաթիվ կոնֆերանսներում, ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովում։ Ստորեւ ներկայացնում ենք Ռուբեն Եգորյանի բացատրությունները կատարվածի վերաբերյալ.

Վարչության կազմալուծումը քաղաքական պատվեր էր, որը ստիպված էր իրականացնել Հայաստանի ամենահարմարվող եւ ամենակամակատար նախարարը։ Ես որեւէ անձնական պրոբլեմ չեմ ունեցել նախարարի հետ։ Ես փորձել եմ զբաղվել միայն գործով, որեւէ մեկի համար անձնական պրոբլեմ չեմ ստեղծել։ Կարծում եմ, որ նույնը կասի ինքը՝ քաղաքաշինության նախարարը։

Զարգացման եւ արտաքին կապերի վարչությունը տարիներ շարունակ եղել է նախարարության լավագույն վարչություններից մեկը, որը աշխատել է բարձր արդյունավետությամբ թե՛ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի մշակման, թե՛ միջազգային երկկողմ ու բազմակողմ համագործակցության ծրագրերի իրագործման եւ թե՛ ամենօրյա օպերատիվ հանձնարարականների կատարման գործում։ Դա հայտնի է թե՛ նախարարին, թե՛ նախարարության աշխատակիցներին, թե՛ շատ ու շատ այլ անձանց, եւ ոչ ոք չի կարող ժխտել այդ փաստը։ Վարչության լուծարումը չի տրամաբանված եւ չի հիմնավորվում, որպես կառուցվածքային բարեփոխումների հետեւանք, քանզի Հայաստանի մյուս նախարարությունները (համարյա բոլորը) ունեն արտաքին կապերի վարչություն, զարգացած բոլոր երկրների համապատասխան նախարարություններն ունեն նմանատիպ ստորաբաժանումներ, նոր կառուցվածքի ոչ մի վարչություն ի վիճակի չի լինելու իրականացնել աշխատանքների այն ծավալները, որն իրականացնում էր մեր վարչությունը՝ հատկապես միջազգային կազմակերպությունների հետ վարվող համագործակցության հարցերում, քանզի այդ մակարդակը ձեռք էր բերվել վարչության աշխատողների շուրջ 9 տարվա ամենօրյա համառ եւ ինտենսիվ աշխատանքի շնորհիվ։

Եվ, վերջապես, ծիծաղելին այն է, որ այս վարչությունը ստեղծվել էր նախկին շինարարության նախարարության կազմում, որը հիմնականում զբաղվում էր շինարարական ծրագրերի իրականացմամբ, իսկ քաղաքաշինության ֆունկցիոնալ նախարարության կազմից դուրս է մղվում ընդարձակվելու փոխարեն։ Քաղաքաշինության նախարարությունը հենց զարգացման եւ միջազգային ծրագրերով պիտի զբաղվի։

Նախարարությունը եւ Հայաստանն այդ վարչության կազմալուծումով կորցնում են մեծածավալ ինֆորմացիոն բազա եւ փորձառություն ունեցող, ստրատեգիկ խնդիրներ դնող, լուծող, ինտելեկտուալ լուրջ պոտենցիալ ունեցող մի թիմ։ Կորցնելով այդ կապիտալը, այն նորից կարելի կլինի վերականգնել տարիների ընթացքում միայն։

Այսպիսով, վարչության կազմալուծման միակ տրամաբանական արգումենտ մնում է քաղաքական պատվերի առկայությունը։

Ինձ աշխատանքից ազատելը պատվիրել են նրանք, ովքեր նախարարից բարձր են պաշտոնով։

Նպատակը Էդվարդ Եգորյանի եւ «Հայրենիք» պատգամավորական խմբի թուլացումն է կամ ուղղության փոփոխությունը։

Իհարկե, նաեւ հիշել են իմ հոդվածները՝ նվիրված «Սելիմ», «Խաչմերուկ» եւ «TRACECA» ծրագրերի համեմատական վերլուծություններին, որոնցում ես հիմնավորում էի, որ «Սելիմ» ծրագիրնառաջնային չէ, եւ «TRACECA»-ին նվիրված Բաքվի կոնֆերանսում վարչապետի ներկայացրած առաջարկները կարող են Հայաստանին տանել ինքնամեկուսացման։

Այնուամենայնիվ, իշխանության այս քայլը գնահատում եմ որպես կարճատես մի քայլ։

Երբ ես դուրս էի եկել Վանո Սիրադեղյանի դեմ ընտրական պայքարի, ես իմ աչքի առաջ արդեն ունեի աշխատանքից պատվերով ազատվելու հնարավորությունը։ Ես այդ զգացումը ապրել եմ արդեն, քանզի Վանոյին այն ժամանակ սատարում էին պետական բոլոր պաշտոնյաները, նախկին նախագահը, այն ժամանակվա վարչապետը (այսօրվա նախագահը), այն ժամանակվա ֆինանսների նախարարը (այսօրվա վարչապետը), պաշտպանության նախարարը, ՆԳ եւ ԱԱ նախարարը, ինքը՝ Փիրումյանը եւ այլք։ Սակայն այն ժամանակ ինձ գործից հանելու պատվեր չտրվեց, իսկ այժմ լուծարեցին ամբողջ վարչությունը։ Այնպես որ, ես հոգեբանորեն պատրաստ էի։

Ափսոս է տարիների ընթացքում վարչության կուտակած միջազգային փորձի, ծրագրերի մշակման եւ ինֆորմացիայի տիրապետման կապիտալի կորուստը թե՛ պետության եւ թե՛ նախարարության համար։ Բայց վարչության աշխատակիցները բոլորն էլ պրոֆեսիոնալ են եւ իրենց գործը միշտ էլ կգտնեն։

Իմ հետագա անելիքների մասին։ Կավարտեմ եւ կպաշտպանեմ դոկտորական դիսերտացիան, կպատրաստվեմ նաեւ ԱԺ ընտրություններին։

Կփորձեմ առաջադրվել ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հրապարակը ներառող տարածքում, ուր նաեւ բնակվում եմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728