Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵԳԱՍԸ՝ ԹԵՎԵՐԸ ԿՏՐԱԾ ՁԻ

Փետրվար 04,1999 00:00
dzi

Երբ Վիետնամի պատերազմի ժամանակ ծերուկ Սթայնբեքը ամերիկյան ռմբակոծիչներից խորհրդանշական կրակեց Վիետնամի վրա, աշխարհի առաջավոր մտավորականները, այդ թվում նաեւ խորհրդայինները, որոնց համար հարմար առիթ էր եւս մեկ անգամ հայհոյելու «կապիտալի աշխարհի կամակատարներին», խորհրդայինների թվում նաեւ Հայաստանի պետական մտավորականները քննադատեցին ցնդած ծերուկին՝ ախր վիետնամցիներն էլ մարդ են:

Վիետնամցիներն էլ, ամերիկացիներն էլ, հայերն էլ, թուրքերն էլ, Աստծո ստեղծած այս երկրի վրա ապրող բոլոր մարդիկ էլ մարդ են, իսկապես, եւ դժբախտությունը մնում է դժբախտություն: Մարդկային դժբախտություն: Իսկ մտավորականի պարտքը հենց այդ դժբախտությունը զգալն է, դժբախտների պաշտպանությունը: Որովհետեւ մտավորական նշանակում է ազատ, ստեղծագործ միտք: Եւ որքան տվյալ հասարակության մեջ մեծ է ազատ եւ ստեղծագործ միտքը, այնքան այդ հասարակությունը զարգացած է եւ քաղաքակիրթ:

Ցնդած ծերուկին իսկապես պետք էր տեղը դնել. համամարդկային արժեքները որեւէ առնչություն չունեն բռնության, պատերազմների, անազատության հետ: Բայց Հայաստանի մտավորականությունը, հատկապես նրա պոպուլյար մասը չի կրում այդ արժեքները: Սա բացահայտվեց արձակագիր, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հարցում: Եւ այն արվեստագետ-մտավորականների հարցում, ովքեր փորձեցին պաշտպանել նրան: Այդ պաշտպանության փորձերը, իհարկե, թույլ էին ու անհամոզիչ լայն զանգվածների համար: Դրա պատճառն էին Սիրադեղյանի իմիջը, նրա գործունեությունը, ինչպես նաեւ այն, որ ԽՍՀՄ օրոք նա չէր մտնում պաշտոնական մտավորականության փաղանգի մեջ: Անծայրածիր երկրում, ի թիվս տնտեսական ու սոցիալիստական մյուս նվաճումների, ստեղծվեց մտավորականության մի տեսակ, որին թույլատրված էր մի քիչ ազգայնականություն, մի քիչ այլախոհություն, ըստ այդմ՝ լայն ժողովրդականություն զանգվածների շրջանում: Սրանց միջոցով վերահսկվում էր ազգային հանրապետությունների հասարակական կյանքը, ազգային-հասարակական տրամադրությունները: Հայաստանում այս տեսակը մեկ այլ խնդիր էլ ուներ՝ Սփյուռքի տրամադրությունների վերահսկումը եւ ներթափանցումը Սփյուռքի կազմակերպությունների մեջ:

Եւ իզուր չէ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այս շերտը ոչ միայն չհեռացավ ասպարեզից, այլեւ նոր դեր վերցրեց՝ իր հեղինակությամբ Հայաստանի հանրային միտքը կախված պահել իմպերիայի կաղապարներից: Նրանք հանգիստ հանգրվանեցին Սփյուռքի կուսակցություններում ու կազմակերպություններում, որոնք վաղուց արդեն (խոսքը դրանց վերնախավերի մասին է) դադարել են ինքնուրույն-ազգային քաղաքականության կրողներ լինել: Լինելով խորապես դոտացիոն խավ ու կեղծ արժեքների կրողներ՝ այս խումբը գուցե չի էլ պատկերացնում, թե որքան վնաս է հասցնում հասարակական մտածողությանն ու այլասերում նրա կողմնորոշումները: Կարծում ենք, ընթերցողին պարզ է, ում մասին է խոսքը: Անուններ, սակայն, կարիք չկա տալ, քանզի հանրային միտքն ավելի ու ավելի, նոր սերնդի պայմաններում, ազատվում է վնասակար կաղապարներից եւ գուցե մի քանի տասնամյակ անց կունենա առողջ դրսեւորումներ:

Տգեղ է, երբ բանաստեղծը, դասախոսը, փիլիսոփան պահանջում են գանգամաշկ: Թեկուզ՝ ամենավերջին սրիկայի գանգամաշկը: Վա՛յ այն ժողովրդին, որի մտավորականությունը արյունռուշտ է: Մեր ժողովրդի ճակատագիրն այդ պատճառով է դառը, եւ գրեթե չկան լուսավոր, հզոր ժամանակներ: Մեր պատմիչներից մեկը ժամանակին նույնիսկ արդարացնում էր դիակապտողներին ու թալանը: Մեկ ուրիշը՝ ցավի պոռթկումի մեջ՝ թքում էր աշխարհի երեսին: Մտավորականը, բանաստեղծը Աստծո թարգմանն է: Եւ երբ նա դիակապտություն կամ արյուն է քարոզում, նրա ժողովուրդը դատապարտվում է արյան ու թալանի: Սա աշխարհի օրենքն է, եւ բացառություն չեք կարող գտնել: Մտածե՛ք այս մասին:

ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Վանո Սիրադեղյանը, իհարկե, տգեղ, անհասկանալի քայլ կատարեց՝ հեռանալով Հայաստանից: Նրան պաշտպանող մարդիկ անհարմար վիճակի մեջ հայտնվեցին: Անհարմար վիճակի մեջ հայտնվեց Հրանտ Մաթեւոսյանը՝ Գրողների միության նախագահը: Եւ հավաքվեց դոտացիոն գրողների հոտը, որոնց համար գրականությունը լոբի է ու ալյուր, համամարդկային արժեքները՝ անձնական հարաբերություններ, եւ որոշեց դատապարտել: Ու զարմանում ես՝ ինչպե՞ս կարող էր մի մարդ այսքան կրքեր բորբոքել: Կամ այդ մարդն էր շատ հզոր, կամ այս մարդիկ են փոքր ու մանրահոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728