Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ էլ կստանաք

Փետրվար 10,1999 00:00
ahk

«Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանն «Առավոտին» տրամադրեց Առեւտրի համաշխարհային կազմակերպության պաշտոնյաների մի նամակը՝ Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ։ 1998-ի հոկտեմբերի 6-ին Սեսիլիա Կլեյնը Թոմ Թիլբերգին հասցեագրված նամակում գրում էր.

«Հայաստանն ունի նոյեմբերի 30-ին նախատեսված Աշխատանքային խմբի (ԱԽ) հանդիպում, սակայն մինչեւ այժմ ես չեմ տեսել նրանց պատասխանները՝ վերջին հանդիպման ավարտին մեր կողմից տրված հարցերի առնչությամբ։ Սա բարդություն է։ Գոյություն ունի «վեց շաբաթվա» կանոնը, որին կարող է դիմել ԱԽ-ի յուրաքանչյուր անդամ, եթե այդ փաստաթղթերը չեն առաքված։ Եթե նրանք այդ փաստաթղթերը մեր առջեւ դնեն հանդիպումից անմիջապես առաջ, ապա մենք նրանց համար չափազանց տհաճ իրավիճակ կստեղծենք այդ կապակցությամբ, իսկ հանդիպումը այնպիսի ծանրություն կունենա, ինչպիսին նրանք դեռ չեն տեսել։ Նրանք պետք է հետեւեն կանոններին։ Նման ձեւով իրենց պահող ԱՀԿ անդամակցության դիմորդները, որ կարծես կանոնները իրենց չեն վերաբերում, բազմաթիվ ձգձգումների են հանդիպում։

Արձանագրություն.

Մենք ոչ միայն չունենք պատասխանները վերջին հանդիպման առնչությամբ, այլ նաեւ, իմ գրանցումների համաձայն, նրանք ԱԽ վերանայման կապակցությամբ ոչինչ չեն ներկայացրել՝ սկսած 1997-ից։ Սա այս հանդիպման հիմնական բարդությունն է, քանի որ նրանք պետք է ներկայացնեն այն օրենքների նախագծերը, որոնք պետք է ԱՀԿ կողմից ԱԽ-ի վերանայմանը տրվեն, ինչպես նաեւ օրենսդրական ակտերի կիրարկման իրավիճակի վերաբերյալ ժամանակացույցը՝ կապված մեր բարձրացրած բոլոր խնդիրների հետ։ Սա հատկապես կարեւոր է, եթե նրանք անդամակցության եւ օրենքների կիրակման միջեւ միջանկյալ ժամանակահատված են ակնկալում։

Մենք ունենք նրանց վերանայված առաջարկը ծառայությունների մասով, եւ պատրաստ կլինենք քննարկել այն երկկողմանիների ընթացքում։ Սակայն դա չի լինի ու չի լինի հոկտեմբերին, այլ նոյեմբերին՝ ԱԽ հանդիպման նախօրեին։ Խնդրի բուն էությունն այն է, որ նրանք ակնկալում են մեզնից ամեն ինչ թողնել եւ պատրաստ լինել իրենց հանդիպելու՝ մի շաբաթվա ընթացքում, երբ մենք ունենք եւս երկու ԱԽ-ի հանդիպումներ։ Սա անհեթեթություն է։ Այդ մարդկանց իրականության զգացումը քննության կարիք ունի։

Ստանալու ենք մենք արդյոք գյուղատնտեսության մասով վերանայված աղյուսակները։ Կարծեմ, թե նրանք գյուղատնտեսության առնչությամբ մյուս երկրների հետ հոկտեմբերին հանդիպում են ակնկալում, սակայն հուլիսի հանդիպումներից հետո մենք դեռ չենք տեսել գյուղատնտեսության մասով վերանայված աղյուսակները։ Միգուցե ոչինչ չի փոխվել։ Կարող ես դու ինձ տեղեկություն տալ այդ մասին։ շ

Տարիֆների կապակցությամբ.

Ես հանձնարարականներ կտամ իմ աշխատակիցներին թղթի եւ պլաստմասսանների հարցով։ Ի վերջո, նախապատրաստել են արդյոք նրանք (հայկական կողմը) իրենց առաջարկներն արտահայտող համապարփակ աղյուսակը, որ կարող են քննության առնել իմ աշխատակիցները։ Այս պահին դա կարեւոր է։ Կապված «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» համաձայնագրի (ՏՏՀ) հետ, մենք նրանց ասել ենք, ասել ու ասել, որ նրանք պետք է իրենց ՏՏՀ աղյուսակները տրամադրեին ԱՀԿ տարիֆների գրասենյակ (Դենբի Միսուրելլի մոտ)՝ վերջնական տեսքի բերելու համար։ Եթե նրանք պետք է սպասեն մինչեւ վերջին րոպեն, ապա իրոք վատ բաներ են սպասվում։ Դրա ի մի բերումն ու եզրափակումը, նույնիսկ առանց էական խոչընդոտների առկայության, ամիսներ է խլում, եւ եթե նրանք պատրաստ չլինեն, ապա նրանց մեծ հիասթափություն է սպասում։ Իմ աշխատակիցները շտապողականությամբ չեն ու չեն աշխատի։ Կան չափազանց մեծ թվով այլ երկրներ, որոնք պատրաստակամ են իրենց տնային աշխատանքները կատարելու»։

Այս նամակը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք արտադրական ենթակառույցների գործունեությունը համակարգող նախարար Գագիկ Մարտիրոսյանին. «Առաջին անգամ պրն Եգորյանից լսեցի այդ նամակի մասին»։ Իսկ ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության համար գործադրվող ջանքերը գնահատելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան էլ պրն Մարտիրոսյանն ասաց. «Հայաստանի կառավարությունը, Ազգային ժողովը որոշակի աշխատանք կատարել են այդ ուղղությամբ։ Այս նամակից հասկանում եմ, որ բացասական է գնահատվում թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների աշխատանքը։ Բայց ակնհայտ է, որ մենք միջոցներ ձեռնարկում ենք օր առաջ ԱՀԿ-ի անդամ դառնալու համար։ Ես բոլորովին վերջերս եմ սկսել այդ հարցով զբաղվել եւ կարծում եմ, առաջիկայում հստակեցում եւ աշխատանքների կանոնակարգում կլինի։

Բայց նաեւ նշեմ. կարող ենք մենք էլ մի ուրիշ նամակ գտնել, որտեղ նշված կլինի, թե պատգամավորների իրականության զգացումն էլ կարգին չէ։ Ի՞նչ, բերենք խորհրդարանում կարդա՞նք»։

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Էդվարդ Եգորյանը հավելյալ ասաց. «Ահա մենք հրապարակեցինք մեր ունեցած նամակը։ Թող կառավարությունն էլ, Գագիկ Մարտիրոսյանի խոստման համաձայն, պատգամավորների իրականության զգացմանն առնչվող նամակ հրապարակի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728