Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «առնետավազք» մարդկության համար, թե՞ հերթական վարակի դեպք․ ինչ է հայտնի հանտավիրուսային բռնկման մասին ու ինչ է պետք անել վարակից խուսափելու համար

Մայիս 18,2026 09:30 Share

Զբոսանավերում վարակիչ հիվանդությունների բռնկումները նորություն չեն։ Սակայն վերջերս հոլանդական առագաստանավում արձանագրված հանտավիրուսի բռնկումը մասնագետների կողմից «անսպասելի է» որակվել՝ լուրջ անհանգստություն առաջացնելով, քանի որ հանտավիրուսի առաջին բռնկման դեպքն է նավում։ Նավերում սովորաբար ավելի տարածված են աղեստամոքսային վարակները, ինչպիսին նորովիրուսն ու աղիքային ցուպիկն են, թեև շնչառական վարակներն էլ են երբեմն բռնկումներ առաջացնում, ինչպես Քովիդ 19-ը՝ պանդեմիայի հենց առաջին օրերին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մայիսի 6-ի հայտարարության համաձայն՝ բռնկումն առաջացրած վիրուսը պատկանում է անդյան տիպին։

Ըստ ԱՀԿ-ի՝ մայիսի 13-ի դրությամբ գրանցվել է հիվանդության 11 դեպք, որոնցից երեքը մահվամբ են ավարտվել։

Ի՞նչ է հանտավիրուսը և ինչպե՞ս է այն փոխանցվում մարդուն

Հանտավիրուսը պատկանում է կրծողների միջոցով փոխանցվող հանտավիրուսների (Hantaviridae) ընտանիքին։ Կենդանիները կարող են կրել վիրուսը՝ առանց հիվանդանալու և այն արտազատել մեզի, արտաթորանքի ու թքի միջոցով։ Այդ արտազատումներից վիրուսը կարող է օդում տարածվել աերոզոլային մասնիկների ձևով և ներշնչվել մարդու կողմից։ Վարակումը հնարավոր է նաև աղտոտված սնունդ օգտագործելու կամ վարակված մակերեսին դիպչելուց հետո բերանին ձեռք տալու դեպքում։

Բնության մեջ գոյություն ունի հանտավիրուսի ավելի քան 40 տեսակ, որոնք պայմանականորեն երկու խմբի են բաժանվում՝ «Հին և Նոր աշխարհի» հանտավիրուսներ։ «Հին աշխարհի» հանտավիրուսները տարածված են Եվրոպայում և Ասիայում և հիմնականում առաջացնում են արյան մակարդելիության ու երիկամների ֆունկցիայի խանգարումներ։ «Նոր աշխարհի» վիրուսներն առավել հաճախ հանդիպում են Ամերիկայում և հիմնականում առաջացնում են թոքերի այտուց՝ վիճակ, երբ հեղուկը կուտակվում է թոքերում։

Վարակման հետևանքները կարող են չափազանց ծանր լինել, հատկապես «Նոր աշխարհի» վիրուսի շտամներով վարակվելու դեպքում։ Ասիայում և Եվրոպայում վարակների 1-15 տոկոսն ավարտվում է մահվամբ, մինչդեռ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում հանտավիրուսային դեպքերի գրեթե կեսը մահացու ելք է ունենում։

Վարակի աշխարհագրական տարածվածությունն անհամաչափ է։ Հանտավիրուսով վարակման տարեկան գրանցվող դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Ասիային և Եվրոպային։ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում տարեկան արձանագրվում է ընդամենը 150-300 դեպք, հիմնականում՝ Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում և Բոլիվիայում։ ԱՄՆ-ում տարեկան հայտնաբերվում է 15-50 դեպք։

Համաճարակի պատճառ դարձած հանտավիրուսի կոնկրետ շտամը որոշում է ոչ միայն մահացության հավանականությունը, այլև այն, թե ինչպես է տարածվում վիրուսը և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն դրա տարածումը զսպելու համար։

Մարդկանց մոտ հանտավիրուսներով պայմանավորված հիվանդությունների երկու հիմնական խմբեր կան՝ Հանտավիրուսային հեմոռագիկ տենդը երիկամային համախտանիշովը  և Հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշը (հանտավիրուսային թոքային համախտանիշ) ։

Կլինիկական դրսևորումներ

Երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդի դեպքում սկզբնական ախտանշաններն ի հայտ են գալիս հանկարծակի և ներառում են՝

  • ուժեղ գլխացավ,
  • մեջքի և որովայնի ցավեր,
  • ջերմություն,
  • դող,
  • սրտխառնոց,
  • տեսողության մթագնում։

Այլ ախտանշաններ կարող են լինել դեմքի կարմրությունը, աչքերի բորբոքումը, ցանը։ Հետագա փուլում կարող է դիտվել զարկերակային ճնշման նվազում և սուր երիկամային անբավարարություն։ Մահացության մակարդակը տատանվում է 1%-ից – 15% է։

Հանտավիրուսային թոքային համախտանիշի վաղ ախտանշանները ներառում են՝

  • հոգնածություն,
  • ջերմություն,
  • մկանային ցավեր, հատկապես ազդրերի, հետույքի, մեջքի և երբեմն ուսերի շրջանում։

Կարող են նաև դիտվել գլխացավ, գլխապտույտ, դող, սրտխառնոց, փսխում, փորլուծություն և որովայնային ցավեր։ Շնչառական ախտանշանները՝ հազ և շնչահեղձություն, կարող են ի հայտ գալ վարակվելուց 4–10 օր անց։ Հաղորդվում է, որ մահացությունը կարող է հասնել մինչև 40%-ի։

Առհասարակ հանտավիրուսային վարակի դեպքում ինկուբացիոն շրջանը կարող է տևել 1-8 շաբաթ։

Հանտավիրուսային վարակի հատուկ բուժում չկա, հիմնական մոտեցումը աջակցող բուժումն է։ Կարևոր է, որ հիվանդները հնարավորինս շուտ դիմեն բժշկական օգնության։

Կանխարգելում

Վարակման կանխարգելման հիմնական ռազմավարությունը կրծողների դեմ պայքարն է։ Վարակի տարածումը կանխելու համար բնակչությանը խորհուրդ է տրվում՝

  • Պարբերաբար պահպանել ձեռքերի հիգիենան, հատկապես բերանին, քթին կամ աչքերին դիպչելուց առաջ։ Ձեռքերը պետք է լվանալ օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան շփելով։ Եթե լվացվելու հնարավորություն չկա, արդյունավետ այլընտրանք է 70–80% սպիրտ պարունակող ախտահանիչով ձեռքերի մշակումը։
  • Վերացնել կրծողների սննդի աղբյուրներն ու բների տեղերը բնակավայրերում։
  • Կենդանիների կերը ճիշտ պահել և զգուշորեն օգտագործել, որպեսզի այն չդառնա կրծողների սնունդ։
  • Աղբն ու սննդի մնացորդները նետել ամուր փակվող աղբամանների մեջ և ամեն օր դատարկել դրանք։
  • Շենքերում, բակերում ու տներում պահպանել մաքրություն հատկապես աղբամանների շրջանում, աստիճանահարթակներին։

Ինչպես է հանտավիրուսը փոխանցվում մարդկանց

Հանտավիրուսը սովորաբար կենդանիներից մարդուն է փոխանցվում այն իրավիճակներում, երբ վարակված կրծողների մեզը, արտաթորանքը կամ բնի նյութերը հայտնվում են օդում, օրինակ՝ գոմը մաքրելու կամ տարածքներն ավլելու ժամանակ։ Սակայն մարդիկ կարող են վարակվել նաև այն դեպքում, երբ վարակված կրծողի թուքը, մեզը կամ արտաթորանքը հայտնվում է մարդու մաշկի վերքերի վրա կամ հասնում է աչքերին, քթին ու բերանին։

Հանտավիրուսների մեծ մասը մարդուց մարդուն չի փոխանցվում, սակայն անդյան վիրուսը բացառություն է։

«Նոր աշխարհի» այս վիրուսը Արգենտինայում, Չիլիում և Ուրուգվայում գրանցված դեպքերի մեծ մասի պատճառն է։ Թե ինչու է հենց այս շտամը փոխանցվում մարդուց մարդուն, մինչդեռ մյուսները՝ ոչ, դեռևս հայտնի չէ։ Հետազոտություններից մեկը ենթադրում է, որ անդյան վիրուսն ունի յուրահատուկ դիմադրողականություն մարդու թքի հակավիրուսային բաղադրիչների նկատմամբ, որոնք, կարծես, չեզոքացնում են մյուս շտամները՝ մինչև դրանց տարածվելը։ Սակայն ամեն դեպքում անդյան վիրուսն այնքան էլ հեշտ չի փոխանցվում, ինչպես, ասենք, կարմրուկը կամ Քովիդ 19-ը, որոնք կարող են փոխանցվել նույնիսկ այն բանից հետո, երբ վարակված մարդը լքում է սենյակը։ Անդյան վիրուսը տարածվում է միայն սերտ շփման պայմաններում։

Այս պահին մասնագետները աշխարհի բնակչության համար վիրուսի տարածման ռիսկը ցածր են համարում՝ նշելով, որ «այս վիրուսները բավական վատ են փոխանցվում, և թեև վտանգավոր են, լայն տարածում չեն ստացել»։

Աղբյուրներ՝ ԱՀԿ, National Geographic, https://www.chp.gov.hk/

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031