Լրահոս
Օրվա լրահոսը

Լիզա Ճաղարյանին էլ դեռ տիկ չեն հանել Անհուշ բերդում

Փետրվար 19,1999 00:00
datairavakan

Խոսրով Հարությունյանը եկավ դատարան

Դատական նիստի սկիզբը խոստումնալից էր։ Վահագն Մկրտչյանը ներկայանալով Արաբկիրի համայնքի դատարան, սպասասրահում կանգնած Լիզա Ճաղարյանին հաճոյախոսեց այսպես. «Ես գիտե՞ս, չէ, քեզ ինչքան եմ սիրում»։ Հետեւեց Լիզայի պատասխանը. «Ես էլ ինձ դժբախտ էի զգում, կարծում էի, չես սիրում»։

Պատասխանող կողմ ճանաչված ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, Վլադիմիր Նազարյանը, Վահագն Մկրտչյանն անմիջապես հրավիրվեցին դատավոր Ա. Առաքելյանի աշխատասենյակ։ Սուրճ էլ տարվեց։ Չհրավիրվեցին, բնականաբար, «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի նախկին գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանն ու նրա պաշտպան Ժուդեքս Շաքարյանը։

Դատական նիստը սկսվեց «թույլատրվում է տեսանկարել» որոշմամբ։ Սահմանվեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը. լսել նախ հայցվոր կողմին, ապա՝ պատասխանողին։ Կողմերին ծանուցվեց նրանց իրավունքները։ Լիզա Ճաղարյանը պնդեց իր հայցը. «Կներեք, որ հռետոր չեմ։ Պատգամավոր էլ չեմ:», եւ ասաց, որ իր աշխատանքից ազատման հրամանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36, 280 հոդվածների պահանջները։ Նա ասաց, որ հրամանից պարզ չէ, թե որ հիմքով է ինքն ազատվել աշխատանքից, եւ ինչու են խախտվել օրաթերթի կանոնադրության պահանջները։ Նա խնդրեց իրեն վերականգնել աշխատանքում։ Հարկադիր պարապուրդի դիմաց էլ Լիզա Ճաղարյանը պահանջեց Խոսրով Հարությունյանից բռնագանձել հասանելիք աշխատավարձը, որպես բարոյական վնաս՝ 5 լումա։

Հարցուպատասխանների ժամանակ իրար բախվեցին հիմնադիրի իրավունքներն ու համահիմնադրի պարտականությունները (ոչ վերջիններիս՝ իրավունքները)։ Ըստ Խոսրով Հարությունյանի տրամաբանության. «Այն ատյանը, որը նշանակում է, իրավասու է եւ ազատման մասին որոշում տալու», որը ըստ էքս-խմբագրի պաշտպանի՝ «Սխալի նախադեպը չի կարող արդարացնել երկրորդ սխալը»։ Հետո սկսվեցին տիպաբանության շուրջ հարցերն այն մասին, թե օրինակ «Հայաստանի Հանրապետութիւնը» «ո՞ր տիպին կարելի է վերագրել»։ Այս հարցում էլ պարզվեց, որ «կանոնադրության մեջ չկա այդ մասին, ինչը հայցվորի մեղքը չէ բնավ»։

«ՀՀ» անկատար կանոնադրություն է մատուցվել ինձ,- ասաց Լ. Ճաղարյանը,- եթե կանոնադրությունն անկատար է, դա չի նշանակում, որ ես չեմ կարող իմ արժանապատվությունը պաշտպանել»։ ԱԺ նախագահն ի լրումն այս վիճելի հարցի ասաց. «Ես համոզված եմ, որ որպես կազմակերպաիրավական տիպ՝ օրաթերթը բյուջետային հիմնարկ է»։

Ինչ վերաբերում է Լ. Ճաղարյանին աշխատանքից հեռացնելուն, պրն Հարությունյանը պնդեց, որ այո, Լիզա Ճաղարյանը հեգնել է պետական կառույցը, «խաղացել» առանձին պատգամավորների հեղինակության հետ։ «Առանձին պատգամավորն» էլ Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանն էր, որին պաշտում եւ սիրում է Տավուշի ողջ ազգաբնակչությունը։

Փորձենք «չթաքցնել» Լիզա Ճաղարյանի հանցանքը, որը ծանրակշիռ «ապացույցների» տեղեկանքի ձեւով ներկայացվեց դատարանին։

Լիզա Ճաղարյանը մեղադրվում է. նրա օրոք ԱԺ-ի «դեմ» տպագրվածի համար, «Քաղաքական «չաստուշկա» ընտրողների պատվերով», «Ներկայացումն ավարտվեց, պարոնայք, կարող եք ծխել», «Ուղտի պարը կամրջին», «Խորհրդարանը կորցնում է ինքնատիրապետումը», «Ճեպընթաց զրույցներ առանց կանգառի», «Մարզպետ ունենք, աշխարհը չունի», «Արտահերթ էր, անցավ-գնաց, բայց մնաց նստվածքը», «ԱԺ-ից հնչող կոնյակաբույր վայնասուն», «Երկրապահները մտածում են եւս մեկ անգամ ֆրակցիափոխվել…» հրապարակումների համար։

Փաստորեն, հոկտեմբերի 9-ին հրավիրված խորհրդակցության արդյունքում է «քաղաքական որոշում» կայացվել, ինչպես ասաց ԱԺ խոսնակը։ Լ. Ճաղարյանին, ի դեպ, չեն հրավիրել այդ խորհրդակցությանը եւս։ Խ. Հարությունյանը նիստի կեսից, թիկնապահի ուղեկցությամբ գնաց «ժամադրության»։ Առանց այն էլ Լ. Ճաղարյանի «մեղքով» Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպումը հետաձգվել էր մեկ ժամ։

Նիստը կշարունակվի այսօր։ Երեկ կիսատ մնացած հայցվոր կողմի հարցերից. «ԶԼՄ օրենքը» «Հայաստանի Հանրապետութեան» համար առանձին է գրված, մեզ համար առանձի՞ն, հասարակական կարծիքի վկայակոչումների հիմքում ընկած են վիճակագրական լուրջ ուսումնասիրություննե՞ր»։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728