Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ՓԱՓԱԶՅԱՆԻ ՆՈՐ ՇՐՋԱՆԸ

Մարտ 09,1999 00:00
dashnakahar

ԱՄՆ-ում ապրող նշանավոր դաշնակահար Արթուր Փափազյանի համերգները Հայրենիքում կարեւոր իրադարձություն են՝ այնքան կարեւոր, որ դրանց արժե անդրադառնալ: Ցավոք, հնարավորություն չունեցա նրա կատարմամբ լսելու Շոպենի կոնցերտները դաշնամուրի եւ նվագախմբի համար, ուստի մի քանի նկատառում նրա մենահամերգի մասին, որում հնչեցին լեհ կոմպոզիտորի 24 պրելյուդը եւ 24 էտյուդը: Նման ծրագիր մեկ համերգում կատարելու համար, բացի զուտ երաժշտական օժտվածությունից, անհրաժեշտ են ամուր նյարդեր եւ արտիստական մեծ կամք: Որպես երկրորդական, բայց շատ կարեւոր հանգամանք նշեմ, որ դրա համար պետք է նաեւ որակյալ համերգային դաշնամուր, որը «Արամ Խաչատրյան» դահլիճում չկա: Համերգասրահում դրված «Ստեյնվեյը» բավականին նոր է, 80-ականների վերջին գնված, բայց տեսել է 92-94 թվականների ցուրտ ձմեռները, ինչպես նաեւ անհարգալից հարվածներ է կերել գործիքը տեղափոխող բանվորներից: Մեր սփյուռքահայ մեծահարուստները պատրաստ են միլիոններ ծախսել ամեն մի հիմարության վրա, բայց հաստատապես կխնայեն շատ ավելի համեստ գումար՝ դահլիճին նորմալ գործիք նվիրելու համար:

Մեկ համերգում 48 բարդագույն ստեղծագործություն կատարելու տիտանական աշխատանքը Արթուր Փափազյանը կատարեց ընդհանուր առմամբ պատվով: Ճիշտ է, սկզբում նյարդերը տեղի էին տալիս, եւ մինչեւ 5-6-րդ պրելյուդը զգացվում էր համերգային հուզմունքը եւ կաշկանդվածությունը: Եթե խոսենք թերությունների մասին, ապա որոշ էտյուդների կատարման ժամանակ ականջ էին ծակում թեթեւամիտ-անհամոզիչ արագացումները եւ հուզական կեղծ ալիքները:

Բայց այդ ամենը խամրում է իսկապես նշանավոր երաժշտի ֆենոմենալ ձեռքերից հորդացող մագնետիզմի առաջ: Մեկուկես տարի առաջ կայացած համերգների հետ համեմատած՝ Արթուր Փափազյանը, իմ տպավորությամբ, ավելի լուրջ էր. նրա մոտ, կարծում եմ, նոր, ավելի արդյունավետ շրջան է սկսվում, երբ մի կողմ է դրվում դափնեկրի եւ վիրտուոզի արտաքին փայլը եւ քայլ է կատարվում դեպի ավելի իմաստալից, «ականջով լսած» պիանիզմ:

Համերգի ավարտին մեծ երգչուհի Գոհար Գասպարյանը հուշամեդալ հանձնեց դաշնակահարին: Տարբեր սերնդի մեր աստղերը արժանի են միմյանց:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031