Հայ երաժշտասերին ծանոթ, աշխարհում միակ Bel Suono (իտալերենից՝ գեղեցիկ ձայն) ռուսական դաշնամուրային տրիոն, որը հանդես է գալիս դասական քրոսովերի պրոգրեսիվ ժանրում, ընթացիկ տարեսկզբից նշում է իր հիմնադրման 15-ամյակը` հոբելյանական մեծ շրջագայությամբ: Հերթական կանգառը Երևանն էր: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգի ընթացքում դաշնամուրային տրիոյի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին տրիոյի դաշնակահարների ստեղծած օրիգինալ երաժշտությունից, դասական գլուխգործոցների վերամշակումներից, համաշխարհային և խորհրդային կինոյի սաունդթրեքներից մինչև համաշխարհային ռոք ու փոփ դասականների անսպասելի մեկնաբանություններ: Դիրիժորական վահանակի մոտ էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ասիստենտ Յարոսլավ Բիչկովը:
Aravot.am-ի հետ զրույցում Bel Suono-ի հիմնադիր, պրոդյուսեր Լեյլա Ֆաթախովան, որը մասնագիտությամբ դաշնակահար է, Տաշքենդի կոնսերվատորիայի շրջանավարտ, շոու բիզնեսում է ավելի քան քառորդ դար, նշեց, որ տրիոյի գործունեությունը, ոճը, դասականների նկատմամբ հարգանքն է, ինչը ներկայացված է ժամանակակից, վիրտուոզ և հուզականորեն լիցքավորված հնչողությամբ, որը գրավում է տարբեր ազգերի լայն լսարանը: Հատուկ նշեց, թե տրիոյի այսօրվա կազմը՝ Կիրիլ Գուշչինը, Անտոն Մոսենկովը և Նիկիտա Խաբինը, Մոսկվայի կոնսերվատորիայի և ասպիրանտուրայի շրջանավարտներ են, հեղինակավոր միջազգային մրցույթների բազմակի դափնեկիրներ, կոմպոզիտորներ և իմպրովիզատորներ:
Կարդացեք նաև
Դաշնակահարներին ուղեցինք ընդամենը մեկ հարց՝ ինչպե՞ս հայտնվեցիք տրիոյում և ի՞նչ է ձեզ համար Bel Suono-ն:
Անտոն Մոսենկով .«Վաղուց եմ ծանոթ Bel Suono-ին, որի աշխատանքներում ներգրավված էր ընկերս՝ Վասյա Օպալևը: Նրա շնորհիվ հաճախ էի ներկա լինում տրիոյի համերգներին: Ելույթներից մեկից հետո ետնաբեմում շնորհավորեցի դաշնակահարներին: Այնտեղ ռոյալ կար ու բնավորությանս համաձայն, ինչպես ասվում է՝ ինձ վրա չկարողացա և հանպատրաստից սկսեցի նվագել: Այն ավարտելուն պես պրոդյուսեր Լեյլա Ֆաթախովան գովաբանեց իմ նվագը: Անկեղծ ասած՝ անչափ ուրախացա, երախտապարտ էի նման որակումներ լսել անձամբ պրոդյուսերից: Իսկ կարճ ժամանակ անց լուր տարածվեց, թե տրիոյի դաշնակահարներից մեկը հեռանում է: Ես հասկացա, որ նման հնարավորությունը չի կարելի բաց թողնել: Վասյան շատ օգնեց ինձ և մեծ դեր խաղաց այս պատմության մեջ, ինչի համար միշտ շնորհակալ և երախտապարտ եմ իրեն: Ասեմ, որ նրա խորհրդի շնորհիվ էր, որ Լեյլան հրավիրեց ինձ լսումների և ընդհանուր քասթինգի: Այդպես ես միացա խմբին: Ուրախ եմ ու երջանիկ ամեն օր»:
Նիկիտա Խաբին. «Տրիոյին միանալու իմ պատմությունն ինձ համար ընդմիշտ կմնա առեղծված, թեպետ ոմանց համար դա կարող է բավականին հեշտ թվալ: Հրավերի զանգը ստացա պրոդյուսերից: Գիտեք, հաջողակ եմ, քանի որ հենց կոնսերվատորիան ավարտելուց հետո սկսեցի աշխատել տրիոյում, մասնակցելով հետաքրքիր նախագծերի իրականացմանը՝ տարբեր ժանրերում ու ոճերում: Վերջերս էլ սկսել եմ ավելի հաճախ մտածել, թե ինչպես արդյունավետ օգտագործել տարբեր ժանրերում արդեն կուտակած իմ փորձը: Իհարկե ուրախ եմ, որ հնարավորությունը ի սկզբանե ստեղծվեց այստեղ ստեղծագործելու»:
Կիրիլ Գուշչին. «Ինձ տրիոյի կազմին, գործունեությանը ծանոթացրել է ընկերս՝ Մաքսիմը: Միմյանց ճանաչում էինք դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներից, ապրելով հարևան հանրակացարաններում: Սկզբնական շրջանում նախագծի անունն անգամ չէի լսել: Հիմա հիշողություն է դարձել այն իրողությունը, որ Լեյլան երկար ժամանակ տատանվում էր՝ ինձ հրավիրե՞լ, թե՞ ոչ: Վերջապես որոշում կայացրեց՝ հրավիրել: Ինձ համար Bel Suono-ն, առաջին հերթին՝ համարձակ փորձ է: Այն ապացուցում է, որ նույնիսկ մեր փոփոխվող ժամանակներում հնարավոր է ստեղծել ինչ-որ նոր, թարմ և ժամանակակից բան՝ հիմնված համաշխարհային երաժշտական մշակույթի դարավոր ավանդույթների վրա: Սա անկասկած, իմ երազանքի աշխատանքն է»:
Յարոսլավ Բիչկովին էլ ուղղված հարցին, թե ինքը ֆիլհարմոնիկում աշխատանքային շուրջ երկու տարվա ընթացքում մշտապես շփվել է հայ և դասական երաժշտության հետ՝ ղեկավարելով դրանք: Արդյոք այս համերգը Bel Suono-ի հետ բարդ չէ՞ր թեկուզ այն պատճառով, որ դաշնակահարների տրիոն ստեղծագործությունների մեկնաբանման ընթացքում, հավանաբար դիմում էր իմպրովիզի, դիրիժորը պատասխանեց. «Շնորհակալ եմ հարցի համար: Հանդիսատեսից յուրաքանչյուրի մոտ, վստահ եմ, կառաջանա այս հարցը: Տրիոյի հետ փորձերն անցկացրել ենք գրականության, նոտաների առկայությամբ: Այո, հնարավոր է հանդիսասրահից տպավորություն ստեղծվի, որ դաշնակահարները իմպրովիզ են անում: Չէ՛, այդպես չէ»: Բիչկովը հատուկ շեշտեց Բաբաջանյանի «Նոկտյուրնի» և Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարի»՝ դաշնակահարների բարձրարվեստ, վիրտուոզ մեկնաբանությունը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Bel Suono-ն և Հայաստանի ֆիլհարմոնիկը ելույթի պահին




















































