Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝ ՄԻԱ՞Կ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Մարտ 16,1999 00:00
gisherotik

Սոցիոլոգիական հետազոտությունները, ուսումնասիրությունները թանկ հաճույք են,հատկապես, Հայաստանի նման երկրի համար։ Սակայն հաճախ դրանք անհրաժեշտություն են, եթե պիտի հիմք ծառայեն շատ կարեւոր պրոբլեմների լուծման համար։ Արդեն տեղեկացրել ենք, որ կրթության ու գիտության նախարարությունը կրթական համակարգի ամենակարեւոր եւ, թերեւս, ամենախոցելի օղակներից մեկի՝ գիշերօթիկ հաստատությունների բարեփոխման ծրագիր է մշակում։

Դժվար է պատկերացնել նման ծրագրի կազմումը՝ առանց այդ համակարգի ներկայիս վիճակի մասին լիարժեք տեղեկությունների, որոնց վերլուծությունների հիման վրա միայն կարելի է մշակել արդյունավետ ծրագիր։ Նման համապարփակ ուսումնասիրություն դեռ չի կատարվել, սակայն ծրագրին աջակցող Համաշխարհային բանկի խորհրդատու Աննա Բերթմարի ղեկավարած խումբն անցյալ տարի ուսումնասիրություններ է անցկացրել Ստեփանավանի թիվ 21 եւ Վանաձորի թիվ 3 գիշերօթիկ դպրոցներում, եւ դրանց արդյունքներն արդեն որոշակի պատկերացում հաղորդում են այս համակարգի մասին։ Այդպես են կարծում նաեւ ուսումնասիրության հեղինակները, քանի որ պայմաններն ու պատճառները, որոնք բնութագրում են համակարգի ներկայիս վիճակը, ընդհանուր են Հայաստանի ողջ տարածքի համար։ Ուսումնասիրությունն իրականացնողները փորձել են պարզել այն գլխավոր պատճառները, որոնք ստիպում են ծնողներին իրենց երեխաներին ուղարկել գիշերօթիկ հաստատություններ՝ հանրակրթական դպրոցի փոխարեն։

Հարցման ենթարկվածների մեծ մասի պնդմամբ՝ երեխային գիշերօթիկ հաստատություններ ուղարկելու գլխավոր պատճառը սոցիալական ծանր պայմաններն են։ Դպրոցին առնչվող, նաեւ՝ սննդի եւ հագուստի համար անհրաժեշտ ծախսերը հոգալու անկարողությունը ստիպում է ծնողներին երեխաներին տեղավորել գիշերօթիկ դպրոցներում, որտեղ ուսումն ու սնունդն անվճար են։ Փաստորեն, գիշերօթիկները հիմնականում սոցիալական խնդիր են լուծում։ Այնպես որ, զարմանալի չէ գիշերօթիկ դպրոցներ հաճախող երեխաների թվի կտրուկ աճը, որ նկատվել է այս վերջին տարիներին։ Եթե 1995 թ. գիշերօթիկ էր հաճախում 8453 երեխա, ապա երկու տարի անց՝ 1997 թ., հանրապետության գիշերօթիկ դպրոցներում սովորում էր 10131 երեխա։

նաաաաաՄինչդեռ խորհրդային տարիներին գիշերօթիկները ծառայում էին այն երեխաների ուսուցումն ապահովելու համար, ովքեր տարբեր պատճառներով համարվում էին հանրակրթական դպրոցներ հաճախելու անկարող։ Խոսքն ամենից առաջ մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեցող երեխաների մասին է՝ չնայած կային նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար նախատեսված կրթօջախներ։ Վերջիններիս թիվն ավելացել է, իսկ արատներ ունեցող երեխաների համար նախատեսված գիշերօթիկներում եւս առողջ, բայց սոցիալապես անապահով երեխաներ են սովորում։

Ստեփանավանի թիվ 21 գիշերօթիկ դպրոցը նախատեսված է եղել տուբերկուլյոզով հիվանդ երեխաների համար, սակայն ուսումնասիրություն անցկացրածների կարծիքով՝ այն այսօր կարելի է սովորական գիշերօթիկ դպրոց անվանել։ Իսկ Վանաձորի թիվ 3 գիշերօթիկը մտավոր անկարող երեխաների համար է նախատեսված։ Ուսումնասիրող խմբի վկայությամբ, երբ իրենք այցելել են թիվ 3 գիշերօթիկը, մտավոր առողջ երեխաները ձեւացել են մտավոր անկարող։ Հետո, մոռանալով այցելուների ներկայությունը եւ վերադառնալով կիսատ խաղին, «վերածվել» են առողջ ու խելացի երեխաների։ Տղաներից մեկը պատմել է, որ իրենց զգուշացրել էին, թե տեսչական խումբ է գալու եւ պահանջել «մտավոր անկարողունակ» ձեւանալ։ Այս գիշերօթիկ դպրոցն ընդունվելու համար պետք է ներկայացնել երեխայի մտավոր անկարողունակությունը հաստատող փաստաթուղթ։ Դպրոցի բոլոր սաներն էլ ունեցել են նման փաստաթուղթ՝ թե՛ առողջները, թե՛ մտավոր անկարողունակները։ Ուսումնասիրողները եզրակացրել են, որ ծնողներն այդ փաստաթղթերը կաշառքով են ձեռք բերել բժիշկներից եւ հոգեբաններից։ Բացի այդ, հաճախ սովորելու դժվարություններ ունեցող եւ «իրենց լավ չպահող» երեխաներին նույնպես կարող են մտավոր անկարողունակի «կարգավիճակ» տալ, այսինքն՝ սխալ ախտորոշում անել։ Իսկ թե սովորողների ո՞ր մասն է անկարողունակ, որը՝ առողջ, ամբողջությամբ պարզել չի հաջողվել։

Անհամապատասխանություն է նկատվել նաեւ սովորողների թվի՝ կրթության եւ գիտության նախարարություն ներկայացված եւ իրական տարբերակների միջեւ։ Թե՛ Վանաձորի, թե՛ Ստեփանավանի գիշերօթիկները չափազանցրել էին նախարարություն ներկայացված թվերը։ Իրական հաճախումը շատ ավելի փոքր է եղել եւ երբ ուսումնասիրողներն այցելել են պաշտոնապես գրանցված սաների ընտանիքները, պարզել են, որ շատերը տարիներ շարունակ դպրոց չեն հաճախել։ Չհաճախող երեխաները փաստաթղթերով դպրոցից չեն ազատվել, քանի որ ֆինանսավորվում են այդ դպրոցները՝ ըստ երեխաների թվի։ Կեղծված է եղել նաեւ գիշերող երեխաների թիվը՝ էլի նույն դրդապատճառներով։

Մինչդեռ քիչ չէ այն երեխաների թիվը, ովքեր հատուկ կրթության կարիք ունեն, բայց ընդհանրապես դպրոց չեն հաճախում՝ ո՛չ սովորական, ո՛չ հատուկ։ Տուբերկուլյոզով հիվանդ լինելը հավաստող փաստաթղթեր են պահանջվում նաեւ թիվ 21 գիշերօթիկ ընդունվելու համար, սակայն այսօր վերջինս էլ դարձել է ապաստան սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար եւ, ուսումնասիրողների կարծիքով, այստեղ էլ ընդունելության հիմնական չափանիշը չքավորությունն է։ Ընդ որում, ծնողները շատ շնորհակալ են այդ դպրոցների տնօրեններից՝ իրենց նկատմամբ այդքան բարի լինելու ու ընդունելության հարցում ընդառաջելու համար։ Նրանց այնքան էլ չի մտահոգում, որ իրենց երեխաները սովորում են մտավոր կամ ֆիզիկական արատներով երեխաների համար նախատեսված դպրոցում ու ստանում ավարտական վկայական հենց նման կրթօջախներից։

Կան նաեւ այնպիսի ծնողներ, ովքեր նման դպրոցից ստացած վկայականը մեծ «արժանիք» են համարում, քանի որ հետագայում բանակից խուսափելու երաշխիք կարող է լինել։ Ընդունելության հստակ չափանիշների բացակայությունը կամ դրանց անտեսումը հաճախ բերում է նաեւ այնպիսի իրողությունների, երբ խախտվում են մտավոր կամ ֆիզիկական անկարողությունների «սահմանները»։ Մտավոր եւ ֆիզիկական անկարողության բազմաթիվ կարգեր բժշկական տեսանկյունից հիմնավորված չեն. օրինակ՝ ֆիզիկական անկարողությունների թվում ընդգրկված են շաքարախտը, կակազությունը, գիշերամիզությունը։ Բացի այդ, ասենք՝ թիվ 3 գիշերօթիկը թեպետ պաշտոնապես նախատեսված է մտավոր որեւէ անկարողություն ունեցող երեխաների համար, սակայն 30%-ը գրանցված է որպես միայն ֆիզիկական անկարողություններ ունեցող։

Տեղի սղության պատճառով մանրամասն չենք արդրադառնա մյուս պատճառներին, որոնք ստիպում են ծնողներին իրենց երեխաներին տեղավորել գիշերօթիկ դպրոցներում։ Միայն թվենք դրանք. գիշերօթիկ հաստատություններն են ընտրում աշխատող եւ երեխաներին խնամել չկարողացող ծնողները, կամ ծնողներից մեկը՝ մյուսի բռնակալ վերաբերմունքից երեխային ազատելու համար։ Գիշերօթիկները ապաստան են նաեւ մշտական խնամակալներից զրկված երեխաների համար։ Ոմանք էլ ընտրում են գիշերօթիկը, քանի որ այն ավելի մոտ է իրենց տանը, քան սովորական հանրակրթական դպրոցը։ Հենց այս իրողությունները պիտի հաշվի առնեն համակարգի բարեփոխման ռազմավարությունը մշակողները։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031