Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԸ, ՄԱՅՐ ՀՈՂԸ ԵՎ… ՆՊԱՍՏԸ

Ապրիլ 01,1999 00:00
npast

Վերջին տասը տարիներին ժողովուրդն իր ուշադրությունը սեւեռել է երկու հարցի վրա, ե՞րբ կլինի հերթական օգնությունը եւ կբարձրացնե՞ն արդյոք թոշակները։ Վերջերս էլ սրանց է գումարվել ընտանեկան նպաստը, կտա՞ն, թե՞ ոչ։

Մտածում ես, ինչո՞ւ ընտանեկան նպաստ, ոչ թե՝ աշխատատեղ։ Վերջերս հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպես զոհված ազատամարտիկի կինը հայտարարեց. «Տվեք ինձ աշխատատեղ, ես կաշխատեմ եւ իմ հալալ քրտինքով կվաստակեմ իմ երեխաների հացը, շնորհակալ եմ ձեր օգնությունից, այն իմ երեխաներին չի զորացնում»։ Սա մի հզոր ապտակ էր իշխանությունների երեսին, բայց չգիտեմ՝ այն հասա՞վ նրանց։ Ըստ իս, շատ ավելի նպատակահարմար կլիներ, նպաստների անվան տակ փոշիացվող մեկ տարվա գումարը ներդրվեր եւ վերագործարկվեր Վանաձորի քիմկոմբինատը, որը կարող է բարձորակ ազոտական պարարտանյութ արտադրել գյուղատնտեսության համար։

Այսօր գյուղացին պիտի մտածի իր ունեցած հողով լոկ իր կարիքները հոգալու մասին, իսկ դրա համար հողին առանձնակի խնամք, պարարտացում հարկավոր չէ։ Վկայակոչելով Վանաձորի օդային զանգվածը աղտոտող քիմկոմբինատը, փոխանակ կարգավորելու այդ խնդիրը, միջոցներ գտնելու, փակեցին այն՝ հարցը համարելով լուծված։

Իսկ ահա թե ինչպիսի մոտեցում է հանդես բերվում ընտանեկան նպաստի նշանակման ժամանակ։ Օրինակ, վճարովի ինստիտուտում սովորող ուսանող ունենալու դեպքում եթե ընտանիքը ի վիճակի է 500-700 դոլարին համարժեք չափով դրամ մուծել որպես վարձ, այն կարիքավոր համարել չի կարելի։ Նպաստից զրկելը հենված է «եթե»-ների վրա։ Հաշվի չի առնվում այն հանգամանքը, թե ուսման վարձը վճարելուց հետո ինչ է մնում ընտանիքի մյուս անդամներին։ Գուցե ինստիտուտը տեղյակ լինելով ուսանողի ընտանեկան վիճակին՝ զիջումներ է անում կամ գուցե ուսման վարձի վճարումը իր վրա է վերցրել մի բարերար, իսկ ընտանիքը շարունակում է մնալ կարիքավոր։ Մեր կարծիքով, տվյալ դեպքում ճիշտ կլինի առաջնորդվել հետեւյալ սկզբունքով։ Պետք է ճշտել ընտանիքի ամբողջ եկամուտը (եկամուտներ հողից, կենսաթոշակներից, հնարավոր աշխատավարձից, անասուններից)։ Դրանից հանել ուսման վարձը (եթե ընտանիքն է այն վճարել) եւ մնացած գումարը բաժանելով ընտանիքի անդամների վրա՝ որոշել ընտանիքի կարիքավորության աստիճանը։

Ընտանիքի եկամուտների հաշվարկման մեջ ուզում եմ առանձնացնել հողից ստացվող եւ հաշվարկվող եկամուտների հիմնավորվածությունը։ Պարզվում է, որ հողից ստացվող եկամուտը հաշվարկված է հետեւյալ սկզբունքով։ Վերցնում են մինչեւ հողի սեփականաշնորհումը, այսինքն՝ մինչեւ 1991 թ., մեկ տարվա հաշվով մեկ հեկտար վարելահողի ստացվող արդյունքը, հանում սահմանված կադաստրային արժեքը եւ այն ընդունում են որպես մեկ հեկտարից ստացված եկամտի հիմք այս օրերի համար, ինչը սակայն հիմնավորված համարել չի կարելի։ Բանն այն է, որ 1986-1990 թթ. հողը պարարտացվում էր լիարժեք ձեւով։ Այսինքն՝ 1 հա վարելահողին աշնանը ցրտավարի համար տրվում էին 300-400 կգ ֆոսֆորական, 100-150 կգ կալիումական, իսկ գարնանը, ցանքից առաջ, նաեւ 200-300 կգ ազոտական պարարտանյութեր։ Այսինքն՝ հանրապետությունը այն տարիներին վարում էր կուլտուրական գյուղատնտեսություն՝ հենված գիտության նվաճումների վրա։ Եվ սրա արդյունքն այն էր, որ լեռնային շրջաններում 1 հեկտարից ստացվում էր 15-20, իսկ երբեմն նաեւ 25 ց հացահատիկի միջին բերք։

Իսկ ինչպիսի՞ն է հողագործության վիճակը հիմա։ Հողի սեփականաշնորհումից հետո արդեն ութ տարի հանրապետության ողջ տարածքում սեփականաշնորհված եւ ոչ մի հեկտար վարելահող ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերով չի պարարտացվել։ Հասկանալի է՝ շրջափակում է, չի գործում երկաթգիծը, իսկ այդ պարարտանյութերը ներմուծվում էին նախկին ԽՍՀՄ հանրապետություններից։ Բայց պարզվում է, որ հողը լիարժեք չի պարարտացվում նաեւ ազոտական պարարտանյութերով։ Սա այն դեպքում, երբ դրա հնարավորությունը հանրապետությունում կա եւ կախված է միայն մեզնից։ Այդ նույն տարիներին հողը չի պարարտացվել նաեւ օրգանական պարարտանյութերով, որովհետեւ գյուղացին գոմաղբը օգտագործում է որպես վառելիք։

Այս բոլորի հետեւանքն այն է, որ գյուղացին ծախսեր է անում, հողը վարում-ցանում, բայց մեկ հեկտարից ստանում է 5-7 ց բերք։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ լեռնային շրջաններում հեկտարից 10-12 ց միջին բերք է ստացվում, դրանք չհիմնավորված տվյալներ են։ Միայն այն փաստը, որ ամբողջ հանրապետությունում անջրդի եւ 8 տարի շարունակ չպարարտացված հողերը մշտապես զբաղեցվել են միայն հացահատիկային կուլտուրաների ցանքի տակ, բավական է համոզվելու համար, որ վիճակագրական տվյալներով ներկայացվող բերքատվության ցուցանիշները իրականությանը չեն համապատասխանում։ Այսօր էլ որեւիցե քայլ չի կատարվում կոմբինատը աշխատեցնելու ուղղությամբ։ Այնինչ, վերջինս կփակեր Վրաստանի ցածրորակ ազոտական պարարտանյութի ներմուծման ճանապարհը (որը չի բավարարում գյուղատնտեսության պահանջները նաեւ քանակի տեսակետից եւ ժամանակին էլ տեղ չի հասնում), նաեւ գործազրկության որոշ հարցեր կլուծեր։

Վերադառնանք ընտանեկան նպաստին։ Այն, որ ընտանեկան նպաստը նշանակելիս հիմք է ընդունվել նախորդ տարիներին հաշվարկված հողի կադաստրային արժեքը, միայն ընտանեկան նպաստի հարցում չէ, որ գյուղացիներին «նեղում» է։ Գյուղացուց հողի հարկ գանձելուց նույնպես հիմք է ընդունված նախորդ տարիների մեկ հեկտար վարելահողի կադաստրային արժեքը։ Նույն տարիների համար հաշվարկված կադաստրային արժեքից ելնելով, եկամուտից է գյուղացին վճարում կատարում նաեւ կենսաթոշակի ֆոնդին կատարվող հատկացումները (1 հեկտարից եկամտի 12 տոկոսի չափով)։

Գյուղացին տնքում է չհիմնավորված հարկերի եւ տուրքերի բեռի տակ, իսկ իրեն հնարավոր հասանելիքներից էլ, այդ նույն պատճառներով՝ զրկվում։

Որպես գյուղացու պահանջ ներկայացնում եմ հետեւյալը, նախ անհրաժեշտ է ճշտել մեկ հեկտար վարելահողի կադաստրային արժեքները՝ ներկա պայմաններից եւ փաստացի եկամուտներից ելնելով։ Երկրորդ, կառավարությունը, ի լուր ամենքի, հայտարարի Վանաձորի քիմկոմբինատի վերագործարկման մասին իր որոշումը։

ԽԱՉԻԿ ՄԱԼԱԼՅԱՆ

Արագած, Ծաղկահովիտ

Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տարածաշրջանային սոցիալական ծառայության 5 աշխատակիցների միջոցով պարզեցինք, որ եթե մինչեւ 1998 թ. դեկտեմբերի 31-ը մեկ կովից ստացվող եկամուտը հաշվարկվում էր 2500 դրամ, ապա 1999 թ. հունվարի 1-ից այն բարձրացվել եւ հասել է 6100 դրամի։ Գուցե թե Նոր տարվա գիշերը հայ գիտնականներին հաջողվել է ստեղծել մի նոր կերատեսակ, որով կովերին կերակրելիս նրանց կաթնատվությունը միանգամից մոտ երեք անգամ ավելանում է։ Եվ որ այդ կերակրատեսակի արտադրությունը այդ նույն գիշերվա ընթացքում կազմակերպել է գյուղատնտեսության նախարարությունը՝ հանրապետության անգործության մատնված համակցված կերերի արտադրության գործարաններում եւ նույն գիշերն էլ այն հասցվել է գյուղացիներին։ Սա հրաշք է։ Այս առիթով հանրապետության նախագահին կառաջարկենք 3-ական ոսկյա մեդալներով պարգեւատրել գյուղատնտեսության եւ սոցապ նախարարներին։ Իսկ կապի… նախարարին, հասկանալի պատճառներով, միանգամից վեց ոսկյա մեդալով։ Արդեն մի քանի անգամ մեր ընթերցողներն առաջարկում են ընտանեկան նպաստի գումարներն օգտագործել այլ կերպ, միայն ոչ այդպես։ Տեսնես՝ ինչո՞ւ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930