Լրահոս
Օրվա լրահոսը

«Պ. Է. Ն.»-ը կպաշտպանի՞ գրող Սիրադեղյանին

Մայիս 05,1999 00:00
p.e.n

1991 թվից արդեն Արդարադատության նախարարությունում գրանցված է եղել «Պ. Է. Ն.»- միջազգային «P. E. N.» գրողների ընկերակցություն հայկական կենտրոնը, որը վերագրանցվեց 1998 թ. դեկտեմբերին։ Հայկական «Պ. Է. Ն.» կենտրոնը 1991 թվից գրանցվել է նաեւ միջազգային «P. E. N.» Club-ի շարքերում։ Միջազգային «P. E. N.» Club-ը աշխարհի 133 երկրներում գործունեություն է ծավալում համանուն կենտրոնների միջոցով։ «Պ. Է. Ն.» անվանումը՝ պոետ, էսսեիստ եւ նովելիստ բառերի սկզբնատառերի հապավումն է։ Միջազգային «P. E. N.» Գրողների համաշխարհային ընկերակցությունն առաջնորդվում է միջազգային համագումարներում ընդունված որոշումների վրա հիմնված Հռչակագրով։ Ըստ այդ հռչակագրի կետերից մեկի՝ «Գրականությունը, որքան էլ ազգային է, սահմաններ չի ճանաչում, եւ գրական կապերը պետք է անկախ մնան ժողովուրդների քաղաքական կյանքի իրադարձություններից»։

Հռչակագրի մյուս 3 կետերը հաստատում են, որ գեղարվեստական ստեղծագործությունները համայն մարդկության սեփականությունն են եւ պետք է բարձր լինեն ազգային ու քաղաքական կրքերից՝ հատկապես պատերազմի պարագայում։ Մեկ ուրիշ կետի համաձայն՝ «P. E. N.»-ը պաշտպանում է գաղափարների ազատ շրջանառությունն ազգերի միջեւ, հանդես է գալիս հօգուտ ազատ մամուլի եւ խաղաղ պայմաններում գրաքննության կամայականության դեմ, եւ «P. E. N.»-ի յուրաքանչյուր անդամ պարտավոր է պայքարել ազատ մամուլի այնպիսի չարաշահումների դեմ, ինչպիսիք են կեղծ հրապարակումները, զեղծարարությունը, փաստերի խեղաթյուրումը՝ քաղաքական ու անձնական նկատառումները։ Հայկական «Պ. Է. Ն.» կենտրոնի նախագահն է թարգմանիչ, գրականագետ, հրատարակիչ Աննա Հակոբյանը։

Հայկական «Պ. Է. Ն.» կենտրոնը, շարունակելով իր գործունեությունը, 1999 թ. լավագույն գրական ստեղծագործությունների մրցանակաբաշխություն է հայտարարել, որի հիմնական պայմանն է՝ ներկայացվող գործերը չպետք է հակասեն միջազգային «P. E. N.» հռչակագրի սկզբունքներին։ Չորս մրցանակ է սահմանված՝ լավագույն բանաստեղծական շարքի կամ գրքի համար՝ 100.000 դրամ, լավագույն պատմվածքի համար՝ 100.000 դրամ, լավագույն էսսեի համար՝ 75.000 դրամ, լավագույն թարգմանության համար՝ 75.000 դրամ։

Մրցանակաբաշխության արդյունքները ամփոփվելու են 1999 թ. դեկտեմբերի 10-ին։ Այնպես որ, գրողներին բուռն մրցանակներ են սպասվում 1999-2000 թթ. սահմանագծում, 2000 թ. հունվարին էլ, ինչպես հայտնի է, հանձնվելու են «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակները։

Հայկական «Պ. Է. Ն.» կենտրոնում ընդգրկված են մի շարք հայ գրողներ։ Հետաքրքիր է՝ իսկ «Պ. Է. Ն.»-ը կպաշտպանի՞ գրող Վանո Սիրադեղյանին՝ օդանավակայանից նրան առանց ԱԺ-ի, ԿԸՀ-ի եւ Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի համաձայնությունների կալանավորելու համար։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31