Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍՆՀԻՆԳ ՕՐ՝ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունիս 09,1999 00:00
ojalan

Աբդուլահ Օջալանի դատի մասին պատմող նյութերը այլեւս չեն զբաղեցնում աշխարհի լրատվական գործակալությունների միջազգային էջերի առաջին տողերը:

Դատի հիմնական սենսացիան այն էր, որ սենսացիոն ոչինչ տեղի չունեցավ: Առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ Օջալանը ընտրել է պաշտպանության ամենամեղմ, մեղանչական տարբերակը եւ դատավարության ընթացքում դժվար թե տեղի ունենան լուրջ բախումներ, հնչեն անսպասելի մեղադրանքներ կամ հեղափոխական կոչեր: Հակառակը՝ քրդերի առաջնորդը պատրաստակամություն հայտնեց զենքը վայր դնել, գործել հանուն թուրք-քրդական հաշտեցման եւ ծառայել Թուրքիայի պետությանը, որի դեմ նա անընդմեջ պատերազմել է վերջին 15 տարիների ընթացքում: Անցյալ շաբաթ Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարեց, որ լիովին կիսում է առաջնորդի դիրքորոշումը, այն համարելով «հասուն, բարեկիրթ եւ պատասխանատու»:

Ճիշտ է, ըստ երեւույթին, այդ հայտարարությունը քրդական ոչ բոլոր ապստամբների կարծիքն է արտահայտում, եւ ի ապացույց դրան, նույն օրը Թուրքիայի հարավարեւելյան շրջաններից մեկում ինքնահրկիզման հերթական դեպք է գրանցվել: Սակայն քրդական շարժման ղեկավարությունը, Օջալանի օրինակով, հետեւողականորեն զբաղված է խաղաղության եւ համերաշխության ջատագովի իմիջի ստեղծմամբ: Բացատրելով մարտավարության նման կտրուկ փոփոխոթյունը, նրանք պնդում են, որ Թուրքիային ձեռնտու է քրդական շարժումը ներկայացնել որպես ահաբեկչական, եւ նպատակին հասնելու համար քրդերն, առաջին հերթին, պետք է պայքարեն միջազգային հանրության մեջ այդպիսի թերի կարծիքի ձեւավորման դեմ: Նրանց մեկնաբանությամբ, Օջալանը, ներողություն խնդրելով զոհված թուրք զինվորների հարազատներից, ոչ թե փորձում է փրկել իր կյանքը, այլ գործում է հանուն շատ ավելի բարձր նպատակի՝ վերջ տալ պատերազմին, խաղաղ ճանապարհով հասնել քրդական ինքնավարությանը: Այդ բացատրության կոնտեքստում փոքր-ինչ հակասական տպավորություն է թողնում այն հանգամանքը, որ խաղաղության գինը նշանակված է ոչ այլ ինչ, քան Օջալանի կյանքը:

ՔԱԿ-ի այն տեսակետը, որ ժամանակն է միջազգային քաղաքական ասպարեզ բերել քրդական խնդիրը, բազմիցս հայտարարվել է, եւ Թուրքիայի իշխանություններին բանակցությունների մեջ ներքաշելը այդ նպատակին հասնելու եւս մեկ քայլը կլիներ, սակայն դատավարության ընթացքը վկայում է, որ քրդերի ընտրած ռազմավարությունը դժվար թե նրանց մոտեցնի այդ նպատակին: Մինչդեռ Անկարան դատավարության սկզբից անցած շաբաթվա ընթացքում կարողացել է ոչ միայն պահպանել իր դիրքերը եւ բացառել որեւէ զիջման գնալու հնարավորություն, ինչը ապացուցեց երեկ կայացած դատական նիստում՝ մահապատիժ պահանջելով, այլեւ լավագույնս օգտվել Օջալանի պահվածքից: Դատարանում հնչած քրդական կազմակեպությանն աջակցող երկրների վերաբերյալ Ափոյի խոստովանությունները բավականին անհարմար կացության մեջ դրեցին բազմաթիվ երկրների, մասնավորապես Ռուսաստանին եւ Հունաստանին, որոնք առանց այն էլ բազմաթիվ կնճռոտ հարցեր ունեն Թուրքիայի հետ: Այդ առթիվ արված Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջենի արտահայտությունները վկայում են, որ Թուրքիան պատրաստ է լինելու այդ երկրների հետ հարաբերություններում, որպես կարեւոր խաղաքարտ, օգտագործել դատական արձանագրության մեջ գրանցված մեղադրանքները:

Ի դեպ, Օջալանի խոստովանությունների կապակցությամբ մեկ անակնկալ համենայնդեպս տեղի ունեցավ՝ նա ասաց, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը ներկայացուցչություն ունի Ադրբեջանում եւ երկրի «առաջատար անձինք» ֆինանսապես օգնում են քրդերին: Այդ հայտարարությունը իսկույն հերքվեց ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանի նախագահ Ալիեւը, որը զուգադիպությամբ հենց այդ պահին Թուրքիայի հյուրասիրությունն էր վայելում Անտալիայում, անմիջապես հեռաձայնեց իր գործընկերոջը եւ հայտնեց, որ «ահաբեկչի ասածները վշտացնում են Ադրբեջանի ժողովրդին», որովհետեւ ադրբեջանցիները եւ թուրքերը «մեկ ժողովուրդ» են եւ Թուրքիայի թշնամին նաեւ Ադրբեջանի թշնամին է: Մինչդեռ Բաքվում Օջալանի բառերը բավական եռանդուն գզվռտոց առաջացրեցին ղեկավարության եւ ընդդիմության միջեւ: Ընդդիմությունն, ի դեմս երկրի նախկին նախագահ Էլչիբեյի եւ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամվարի, վաղուց էր մեղադրում ղեկավարող քաղաքական ռեժիմին քրդերի հետ կապ հաստատելու մեջ:

Էլչիբեյը քրդերին աջակցելու իր մեղադրանքներում չի խուսափում նույնիսկ Ալիեւի անունը տալուց: Իսա Գամբարը գտնում է, որ Թուրքիայի դատարանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Ադրբեջանին վերաբերող Օջալանի խոստովանություններին եւ պահանջի ավելի մանրամասն բացատրություններ: Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության նախագահ Էթիբար Մամեդովը, ասելով, որ «իրավապահ մարմինները փոխանակ զբաղվեն ընդդիմությամբ, պետք է կասեցնեին քրդական կուսակցության գործունեությունը»: Իշխանամետ կուսակցությունները եւ իշխանության ներկայացուցիչները պատասխան հայտարարություններում ժխտում են քրդական շարժմանը որեւէ աջակցություն ցուցաբերելու մասին լուրը, սակայն գտնելով, որ «որոշ անձինք» կարող էին համակրել քրդական շարժմանը, ակնարկում են, որ դրանք ընդդիմության ճամբարից կարող են լինել: Հետաքրքիրն այն է, որ ոչ ներքին գործերի, ոչ էլ ազգային անվտանգության նախարարությունները որեւէ կերպ չեն արձագանքել ընթացող բանավեճին: Մինչդեռ, խոսակցությունները որոշ հիմքեր ունեն՝ այցյալ տարի Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է ՔԱԿ ներկայացուցիչը, որը տեղափոխում էր 1 մլն 250 հազար ԱՄՆ կանխիկ դոլար: Նա եկել էր Բաքվից:

Երեկ Օջալանի դատը կրկին ընդհատվեց: Ափոյին տվեցին 15 օր՝ պատրաստելու պաշտպանությունը: Ըստ երեւույթին, կանխատեսելով, որ խաղաղ ճանապարհով թուրքական Ֆեմիդային շարժել չհաջողվեց, քուրդ ապստամբները երկուշաբթի հանդես եկան եւս մեկ նախազգուշացմամբ: «Մեր առաջնորդին ոչնչացնելու ուղղված խելագար մոտեցումը ինքնասպանություն կնշանակի Թուրքիայի պետության համար», ասված է Քրդստանի ժողովրդի ազատագրական բանակի հայտարարության մեջ: Երեկ Թուրքիան արեց առաջին քայլը:

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930