Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆԹԵԼԻ» ԳՈՐԾԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄՈՒԹ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ

Հունիս 12,1999 00:00
armentel

«Վերջապես նրանք բոլորն ուզում են, որ անգլիական բարոյականությունը միակի իրավունքը ստանա, ինչքանով որ հենց նա է ամենալավը ծառայում մարդկությանը, կամ «ընդհանուր օգտին», կամ «մեծամասնության երջանկությանը», ո՛չ Անգլիայի երջանկությանը…»:

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ. «ՉԱՐԻՑ ԵՎ ԲԱՐՈՒՑ ԱՆԴԻՆ»

Երկրորդ աշխարհամարտում հաղթանակած դաշնակիցների կոալիցիան շատ բան փոխ առավ պարտված գերմանացիներից: «Ֆաու» հրթիռից եւ նեյրոազդեցության տեխնոլոգիայից զատ, Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը ընդօրինակեցին նաեւ Ֆորշունգզամտի՝ Երրորդ Ռեյխի «մեծ ականջների», կազմակերպման մեխանիզմը: Անձամբ Ադոլֆ Հիտլերի վերահսկողությամբ ձեւավորված ծառայությունը, 1937թ. տեխնիկական հնարավորություններով, Գերմանիայի ներսում լսում էր 40-50 հազար հեռախոսային խոսակցություն եւ եւս 10 հազար՝ երկրի սահմաններից դուրս, ամսական:

Միացյալ Նահանգներում կապի պետական եւ մասնավոր հատուկ ծառայությունների տոտալ միջամտությունը համաքաղաքացիների անձնական ու գործնական կյանքին ժամանակ առ ժամանակ մեծ սկանդալների առիթ է դառնում: Այնտեղ հասարակական կրքերը հանգստացնում են հատուկ օրինագծերի ընդունմամբ եւ վերահսկիչ հաստատությունների աշխատանքային հաշվետվություններով: Սակայն առավել էականն այն է, որ խորհրդային համակարգի փլուզումից հետո, կապի տրանսազգային համակարգն իր սարդոստայնի մեջ է առել գրեթե ողջ աշխարհը, բնականաբար, ներառյալ նաեւ նորանկախ հանրապետությունները: Առանձին երկրներում կամ տարածաշրջաններում քաղաքական ճգնաժամերի հրահրումը, այսպես կոչված «պետական գաղտնիքների» եւ զանգվածային լրատվության միջոցներ այլ խորհրդապահ տեղեկատվության սպրդումը, լոկալ կամ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ցնցումների հաճախականությունը, նրանց սկիզբն ու ավարտը՝ ամեն ինչ կարգավորվում է կապի համաշխարհային համակարգի ոչ այնքան օրինական շահագործման շնորհիվ: «Ով տիրում է տեղեկատվությանը, նա տիրում է աշխարհին» արտահայտությունն այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Դիտարկումները ցույց են տալիս, որ համենայնդեպս նորանկախ պետություններում գործում է հետեւյալ մեխանիզմը: X երկրի խորհրդային ժամանակների հեռախոսակապը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին եւ «խոչընդոտում» է նրա շուկայական տնտեսության զարգացմանը: Երկիրը կապի համակարգի կատարելագործման համար սեփական միջոցները չունի: Ընդհակառակը, հնարավորություն կա դրա սեփականաշնորհման հաշվին հավելյալ գումարներ ընդգրկել պետական բյուջե: Առաջին քայլը կատարված է, եւ կարծես թե բոլորը գոհ են, ներառյալ X երկրի լայն հասարակայնությունը: Ներդրվո՞ւմ են արդյոք տոտալ հեռախոսալսման հատուկ հարմարանքները, որ ռուսական աղբյուրներում անվանվում են «օպերատիվ-հետախուզման գործողությունների համար նախատեսված սարքեր», անմիջապես կապի համակարգի տեխնիկական վերազինման ընթացքում, թե՞ դա արվում է ավելի ուշ՝ մենք հասկանալի պատճառներով չգիտենք: Գիտենք միայն, որ տեխնիկապես վերազինված կապի համակարգն իր աշխատանքը վերսկսելուց որոշ ժամանակ անց կտրուկ թանկացնում է ծառայությունների գինը:

Խոսքն, ինքնըստինքյան, միայն պարզ հեռախոսակապի մասին չէ, այլեւ «բջջային» հեռախոսների-«փեյջերային կապի» եւ կոմպյուտերային հեռարձակման բոլոր ձեւերի: Ասենք, Ռուսաստանի Դաշնությունում ՍՈՐՄ-ի (սիստեմա օպերատիվնո-ռոզիսկնիխ մերոպրիյատիի) գործադրման առաջին փուլն ավարտվել է դեռեւս 1994-95թթ. ընթացքում: Այնտեղ այժմ ընթացքի մեջ է ՍՈՐՄ-2-ի ներդրումը, որն ընդգրկելու է համակարգչային կապի ողջ համակարգն անմնացորդ, ներառյալ այսպես կոչված «պաշտպանված» եւ «կոդավորված» համակարգչային փոստային արկղիկները: Գործողություն, որ, համաձայնեք, հնարավոր չէ կատարել առանց տվյալ երկրի հատուկ ծառայությունների, ինչպես նաեւ կապի ծառայությունները սպասարկող ընկերությունների իմացության:

Թեեւ հայկական կոնկրետիկայի վերաբերյալ որեւէ տվյալ չունենք, սակայն Ռուսաստանի Դաշնությունում կիրառված պրակտիկայի վրա կարող ենք որոշակի պատկերացում կազմել հասարակության նկատմամբ տոտալ վերահսկողության իրականացման շուրջ գործարքների տրամաբանության վերաբերյալ: Նախ՝ X երկրի բարձրագույն ղեկավարությանն ու հատուկ ծառայության ղեկավարին հուշում են, կամ նրանք իրենք են «գլխի ընկնում» նման հնարավորությունների առկայության մասին: Հնարավոր է նաեւ այն տարբերակը, որ գործողությունն իրականացվի միայն եւ միայն հատուկ ծառայության ղեկավարության գիտությամբ: Երկրորդ, նույն իշխանական սերուցքին է ներկայացվում ՍՈՐՄ-ի ներդրման միջոցով գերէֆեկտի հասնելու մեխանիզմը, ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կառավարման հզոր լծակ ձեռք բերելու, այդ թվում նաեւ զուտ անձնական շահույթ ստանալու հնարավորությունը: Այնուհետեւ, իբրեւ պետական անվտանգության ապահովմանն ու քրեական-տնտեսական հանցագործությունների բացահայտման արդյունավետության աճին ուղղված խիստ գաղտնի եւ խիստ կարեւոր միջոցառում, այն պարտադրվում է կապի ծառայություններն իրականացնող ընկերությունների ղեկավարներին: Ռուսաստանի դեպքում, վերջիններիս կողմից դիմադրություն չի եղել, քանզի համառներին սպառնացել են զրկել աշխատանքային արտոնագրերից, եւ ընդհանրապես այն ամենով, ինչով կարող է սպառնալ իր երկրի գործարարին ցանկացած հատուկ ծառայություն:

Նորից հստակեցնենք, թե նման գործարքից ի՞նչ է շահում X երկրի քաղաքական իշխանության սերուցքը կամ հատուկ ծառայության ղեկավարը. ա. բացարձակ վերահսկողություն հասարակության բոլոր հատվածների նկատմամբ, ներառյալ պետական հաստատությունները, քաղաքական-հասարակական հոսանքները, բոլոր բնույթի ֆինանսատնտեսական միավորները, բ. բոլոր մակարդակների ընտրությունների, հանրաքվեների եւ այլ գործընթացների վրա ազդելու, անցանկալի զարգացումները վաղօրոք կանխելու հնարավորություն, գ. տնտեսվարող սուբյեկտների, բանկերի եւ ֆինանսատնտեսական այլ միավորների կոմերցիոն գաղտնիքների բացահայտման եւ բիզնես-իդեաների յուրացման շնորհիվ ֆանտաստիկ անձնական հարստություն կուտակելու չբացահայտվող, «օրինական» ճանապարհ, դ. համակարգչային կապի անձնական փոստարկղների ցանցում անհրաժեշտ «ապատեղեկատվության» ներմուծմամբ առանձին անձանց եւ մարդկանց խմբերի մոտ հոգեբանական, վարվեցողական եւ այլ բնույթի զեղումների առաջացում:

Պարադոքսալ է, բայց նման իրավիճակից շահում են անգամ կապի ծառայություններ տրամադրող ընկերությունները, որովհետեւ համապատասխան կարողություններ ունեցող անհատներն ու կազմակերպությունները ստիպված են պաշտպանվածության ավելի ու ավելի ժամանակակից եւ բարձր մակարդակ ունեցող համակարգեր պատվիրել: Իսկ դրանց գինը, հասկանալի պատճառներով, բավական բարձր է եւ շարունակաբար կատարելագործման կարիք է զգացվելու:

Հստակեցնենք նաեւ, թե ի՞նչ է շահում նման գործարքից «երրորդ ուժը» կամ կապի համաշխարհային գլոբալ ցանցը՝ բացարձակ վերահսկողություն տվյալ երկրի, նրա ժողովրդի, քաղաքական-հասարակական ընտրախավի եւ հենց նույն բարձրագույն քաղաքական ղեկավարության նկատմամբ: Ավելորդ է իսկ մանրացնել, թե ի՞նչ է դա նշանակում ասենք պատերազմական վիճակում գտնվող երկրի համար:

Եւ վերջապես հստակեցնենք, թե ի՞նչ է շահում, իսկ ավելի ճիշտ, ի՞նչ է կորցնում X երկրի հասարակությունը, առանձին վերցրած քաղաքացին: Բնականաբար, շարքային քաղաքացիների մեծամասնության թիվ մեկ մտահոգությունը կապի սպասարկումների աներեւակայելի թանկացումն է: Արդեն իսկ դա ստորացուցիչ է, քանզի քաղաքացուն պարտադրում են վճարել իր իսկ նկատմամբ տարվող տոտալ վերահսկողության համար: Եթե անգամ բնակչության մի հատվածը չվճարի եւ զրկվի հեռախոսակապից, ՍՈՐՄ-ի տեսանկյունից պրոբլեմ չէ, քանզի քաղաքական գործիչն ու կուսակցությունը, բանկիրն ու ձեռներեցը, քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող մարդն ու հաստատությունը միշտ էլ հնարավորություն կգտնեն, որպեսզի չզրկվեն մեր օրերում օդ ու ջրի պես անհրաժեշտ կապի միջոցներից:

Առավել թերահավատները, որ ծանոթ չեն կամ չեն կարողանում առարկայորեն պատկերացնել ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները, ձեռքները թափ կտան եւ սովորության համաձայն կասեն՝ դա հնարավոր չէ, որովհետեւ հնարավոր չէ: Այս նպատակով էր, որ հոդվածի առաջին հատվածում մենք ներկայացրինք 1937թ. գերմանական «երկար ականջների» աշխատանքի մասշտաբները, կրկնենք՝ այն ժամանակվա տեխնիկական հնարավորությունների պարագայում: Ի վերջո, մենք իսկապես չգիտենք՝ ներդրվա՞ծ է արդյոք ՍՈՐՄ-ը Հայաստանի կապի համակարգում: Մենք համոզված ենք միայն, որ կապի ծառայությունների նման կտրուկ եւ անբնական թանկացումը, որն ընդհանրապես հաշվի չի առնում հասարակության վճարունակության գործոնը, կարող է առնչվել այնպիսի մի X ծրագրի իրականացման հետ, որը գումարային հատկացումներ է պահանջում, ինչն ի վիճակի չեն իրենց վրա վերցնել ո՛չ կապի համակարգի սեփականատերը եւ ո՛չ էլ երկրի բյուջեն, անգամ՝ «սեւ» բյուջեն: Մեր գործը նախազգուշացնելն է հայ հասարակությանը նման երեւույթի հնարավոր գոյության մասին, իսկ մնացյալը օրենսդիրների, գործադիրների եւ այլ պատասխանատու հաստատությունների իրավասության շրջանակներում է, քանզի անմիջականորեն շոշափում է պատերազմական վիճակում գտնվող երկրի ազգային անվտանգության խնդիրները:

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

01.03.1999

Տպագրվում է առաջին անգամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930