Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՆ ԱՌՈՂՋ Է, ԵՐԲ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՌՈՂՋ

Հունիս 24,1999 00:00
bnutyun

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական անդամ-երկրների բնապահպանության եւ առողջապահության նախարարների երրորդ կոնֆերանսը, որ տեղի ունեցավ հունիսի 16-18-ը՝ Լոնդոնում, հիմնված էր 1989 թ. Ֆրանկֆուրտում եւ 1994-ին Հելսինկիում կայացած նախորդ կոնֆերանսների սկզբունքների վրա։

Այդ ամենը հաշվի առնելով, Լոնդոնում որդեգրվեցին փոխհամագործակցության նոր մոտեցումներ, որոնք մեկ նախադասությամբ կարելի է ձեւակերպել այսպես. «Հիվանդությունն անհրաժեշտ է ոչ թե բուժել, այլ կանխել»։ Սրան է նպատակաուղղված այն, որ գնալով սերտաճում են բնապահպանական եւ առողջապահական հիմնահարցերը, ավելին՝ բնապահպանությունը դիտվում է իբրեւ մարդու առողջությունը ձեւավորող առաջնային գործոն եւ արդեն վերածվում է առողջապահական կատեգորիայի։ Ահա թե ինչու է անհրաժեշտ, ինչպես ԱՀԿ տնօրեն, դոկտոր Գրո Բրունդլանդը ձեւակերպեց, «կառավարել շրջակա միջավայրը»։

Կոնֆերանսի աշխատանքներն ու նաեւ մոտեցումները ողջունեց Ուելսի արքայազնը, որի նամակը՝ ուղղված կոնֆերանսի մասնակիցներին, ընթերցեց ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Ջո Էրիկ Ասվալը։ Նա պատմեց, որ մի 15 տարի առաջ հնարավոր չէր այսքան նախարարի մեկտեղ պատկերացնել։ Պրն Ասվալն ասաց, որ երբ տասը տարի առաջ հավաքվեցին առաջին կոնֆերանսին, իրեն թվում էր, թե հիմա նախարարները վեր կկենան եւ կռիվ կանեն իրար հետ։ Հինգ տարի առաջ հավաքված իրենց հանգիստ են զգացել, իսկ այսօր տարբեր երկրների 102 նախարարի ներկայությունը շատ սովորական երեւույթ է դիտվում։

Կազմակերպչական

Կոնֆերանսի աշխատանքները կազմակերպված էին հետեւյալ կերպ։ Երեք օրվա ընթացքում տեղի ունեցավ տասներեք նիստ, որոնցից յուրաքանչյուրի համար ընտրվեց նախագահություն՝ մեկական բնապահպանության եւ առողջապահության նախարարներ, մեկական ներկայացուցիչ հասարակական եւ միջազգային կազմակերպություններից, ԱՀԿ-ի որեւէ ղեկավար։ Հենց նրանք էլ յուրաքանչյուր նիստի թեմայով զեկուցումներ էին կարդում։ Ներկա մյուս նախարարներին հնարավորություն էր տրվում տեղից կատարել իրենց դիտողություններն ու մեջբերումները։

Օրակարգային

1990-ական թվականներին Եվրոպայում շրջակա միջավայրի եւ առողջապահության վիճակի տեսությունը ներկայացնելիս, ի թիվս մի քանի քիչ թե շատ մխիթարական հաջողությունների, նշվեցին բազմաթիվ դասակարգված պրոբլեմներ, որոնք առանձին-առանձին եւ առավել մանրամասն քննվեցին հետագա նիստերից յուրաքանչյուրի ժամանակ։

Քանի որ կոնֆերանսի նպատակներից մեկը շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելն էր, մի ամբողջ նիստ նվիրվեց գիտատեխնիակական առաջընթացի դրսեւորումներից տրանսպորտին եւ նրա թողած բացասական հետեւանքներին։ Զեկուցումներից եւ քննարկումներից հետո ընդունվեց «Տրանսպորտի, շրջակա միջավայրի եւ առողջության մասին խարտիան»։ Այստեղ, իհարկե, նշված էին տրանսպորտի նշանակությունն ու անփոխարինելի դերը ժամանակակից մարդու կյանքում, սակայն օդի, հողի եւ ջրի աղտոտումը, վթարներն ու աղմուկը, ջերմոցային գազերի արտահոսքն ու անտառների վնասումը նույնպես նշված էին։

Խարտիան, որ իրավական ուժ չուներ եւ ընդամենը խորհրդանշական էր, կոչ է անում զարգացնել փոխադրման այնպիսի միջոցներ, ինչպիսին են հասարակական տրանսպորտը, քայլքը, հեծանիվը։ Եթե այս փաստաթուղթը հետագա մշակման ենթարկվի, հաջորդ կոնֆերանսին կարող է դրվել համապատասխան իրավական փաստաթղթի հիմքում։

Ի դեպ, Բելգիայի առողջապահության նախարարը անընդհատ առիթ էր փնտրում բացատրություններ տալու իրենց երկրից արտահանված սննդի կապակցությամբ։ Իհարկե, փորձ արվեց այլ երկրների մեղադրելու հավի մսի եւ ձվի մեջ հայտնաբերված դիօքսին նյութի պարունակության համար։

Երկիր մոլորակի կլիմայական փոփոխություններն ու ստրատոսֆերային օզոնի սպառումը իրենց բացասական ազդեցությունն են թողնում բնակչության առողջության վրա։ Այդ ազդեցությունը փոքրացնելու համար պետք է ստեղծվեն եւ գործի դրվեն սոցիալական, տնտեսական եւ տեխնիկական բնույթի պրոֆիլակտիկ, ադապտացիոն եւ մեղմացուցիչ մեխանիզմներ։

Մինչ հայերս նոր-նոր ենք փորձում բնապահպանությունն ու առողջապահությունը «իրար կապել» (այսինքն՝ բնության պահպանությունն իրականացնել ոչ թե ինքնանպատակ, այլ ելնելով մարդկանց առողջության պահպանման շահերից եւ բնապահպանական հարցերը դիտարկել այդ տեսանկյունից), Եվրոպան արդեն այս ասպեկտով գիտական հետազոտություններ է անցկացրել եւ դրանք ներկայացրել կոնֆերանսի ուշադրությանը։

Մեր ներկայացմամբ

Շրջակա միջավայրի եւ առողջապահության վերաբերյալ տնտեսագիտական հեռանկարներն անցումային երկրի համար ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը։ Նրա ելույթի դրույթները նախորդ հրապարակումներում արդեն նշել ենք։

«Առողջապահության, շրջակա միջավայրի եւ անվտանգության կառավարումը» թեմայով զեկուցումը կարեւորում է այն հանգամանքը, որ աշխատավորն իրավունք ունի տեղեկություն ստանալ իր աշխատավայրի հնարավոր էկոլոգիական վտանգների մասին։ Կոնֆերանսը համագործակցության կոչ արեց ԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ի մեկ այլ մասնագիտական կառույցի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությանը։

Առանց երեխաների, իհարկե, չի լինի

«Երեխաների առողջությունը եւ շրջակա միջավայրը» թեմայով քննարկումների ժամանակ առանձնացվեց ասթմայի եւ ալերգիայի հետազոտման, դժբախտ պատահարների եւ երեխաների վնասվածքների կանխման, ծխող միջավայրից երեխաների մեկուսացման անհրաժեշտությունը։ Իսկ որ այս ամենի մասին տեղեկատվությունը պետք է շատ մատչելի լինի հասարակության զանազան խավերին, ամենից շատ կարեւորվեց։

Կոնֆերանսի մեխը

Այդպիսին կարելի է համարել «Ջուրը եւ առողջապահությունը» թեմայով քննարկումները։ Այս կապակցությամբ ստորագրված համապատասխան փաստաթուղթն արձանագրում է, որ ջրօգտագործումը հստակ պետք է կառավարվի։ Բացի այդ, արձանագրությանը միացած 35 երկրներ պարտավորվում են ձեռք առնել բոլոր միջոցները՝ բոլորին հավասարապես բարձր որակի խմելու ջուր մատակարարելու, ջրային ռեսուրսների եւ աղբյուրների արդյունավետ պահպանման, ջրով փոխանցվող հիվանդությունների կանխման համար։

Այս արձանագրությունը չստորագրած երկրները կարող են միանալ դրան մինչեւ 2000 թվականի հունիսի 18-ը՝ Նյու-Յորքում։ Իսկ ստորագրածներից 16-ի խորհրդարանների կողմից վավերացման դեպքում այն իրավական ուժ է ձեռք բերում։

Վերջին օրը քննարկվեցին շրջակա միջավայրի եւ առողջապահության գործողությունների տեղային ընթացակարգերն ու ազգային ծրագրերը եւ դրանց իրականացումը փոխհամաձայնեցնելու միջոցները։

Նիստը նախագահողները, այդ թվում նաեւ ՀՀ առողջապահության նախարարը, պատասխանեցին այն հարցերին, որոնք այդ օրերին կուտակվել էին աշխարհի 100 նախարարների միջեւ։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930