Երեւանում շատ վատ ենք պատկերացնում, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Ապացույցն օրինակ այս է, որ հայաստանյան մամուլի թերեւս լավագույն քաղաքական մեկնաբաններից երկուսն էլ սխալվել էին, երբ մի ռադիոհաղորդման ժամանակ կանխատեսել էին, թե ԼՂՀ-ում եւս կգործի Հայաստանի սցենարը եւ կառավարությունը վերջապես կղեկավարի տարիներ շարունակ ամենամեծ ազդեցությունն ունեցող նախարարը։
Խորախորհուրդ
Հետո նույն քաղաքագետներից մեկը հրապարակեց իր վերլուծությունը, որով Ղարաբաղում կատարվածը մեկնաբանել էր է՛լ բալկանյան ճգնաժամի «ծիրին մեջ», է՛լ ԵԱՀԿ շրջանակներում ձեռք բերվելիք համաձայնությունից առաջ Սամվել Բաբայանին «սանձելու» անհրաժեշտությամբ։
Այլ չարագուշակ մեկնաբաններ էլ ԼՂՀ պաշտպանության նախարարին վերահսկելի դարձնելու անհրաժեշտությունը բացատրում են ռազմական գործողությունների մոտալուտ վերսկսման հեռանկարով (պատերազմի գուշակները, բարեբախտաբար, մեկ տարի շարունակ սխալվում են)։ Գուցե այս ամենն ինչ-որ դեր ունի։ Բայց այնքան էլ հավատ չի ներշնչում, թե Ղարաբաղը ուր որ է, նախկին ընդդիմադիրների ժարգոնով ասած, ծախելու են, եւ հենց միայն Սամվել Բաբայանն է դիմագրավելու այդ գործընթացներին։
Կարդացեք նաև
«Սնափառությունը մեղքերից ամենասիրելին է»
Ինքը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարն էլ էր նախապես հիմք նախապատրաստել իր միակ դիմակայողը լինելու առասպելին։ «Ես գիտեմ, որ եթե պարտություն լինի՝ գալու է Հայաստանից, ես կողքի կանգնելու բարոյական իրավունք չունեմ,- ասել էր նա այս տարվա ապրիլին իր հարցազրույցում։- Ես իմ նպատակներն ու գաղափարներն ունեմ։ Փորձելու եմ դրանք իրականացնել, ինչքան էլ որ ինձ համար դժվար լինի։ Իհարկե, ես գիտեմ, որ դա մեծ հակադրության է բերելու, ու արդեն սկսված է այդ հակադրությունը։ Բայց ես դրան պատրաստ եմ»։
Այս տարիներին Սամվել Բաբայանի շատ հայտարարությունների ծանոթանալիս նույն տպավորությունն էիր ստանում, թե ԼՂՀ-ում կարծես ներքաղաքական խնդիրներին միջամտող նախագահ չկա։ Այս մի հարցազրույցն էլ բացառություն չէր. «Ղարաբաղի իշխանություններն առաջնորդվում են իմ ծրագրով։ Կոնկրետ բյուջեն կազմված է այդ ձեւով»։ Սամվել Բաբայանը նաեւ բազմակի նման պնդումներ էր արել. «Ինձ որեւիցե մեկը չի կարող թելադրել, թե ես ինչով զբաղվեմ, կամ ինչով չզբաղվեմ։ Դեռեւս ես այդպիսի մարդկանց չեմ տեսնում (…)։ Իմ իրավունքը ես եմ որոշում» եւ այլն։
Հունիսի 29-ին, ԼՂՀ նախագահն էլ սկսեց ամեն խոսքի մեջ իր անձը շեշտել՝ «Իմ որոշումը (վարչապետ նշանակելու- Ա. Ի.) շատերի համար կարող է անսպասելի լինել, բայց դա ի՛մ իրավունքն է, ի՛մ լիազորությունը»։ «Ե՛ս եմ կարգուկանոնի երաշխավորը հանրապետությունում», «Ես հավաստիացնում եմ, որ այս քայլերն ի՛նքս եմ ձեռնարկել», «Ես պիտի գնամ իմ ընտրած ճանապարհով» եւ դարձյալ որոշակի թերարժեքության զգացողության մասին վկայող նման պնդումներ։
Ինքնահաստատման ճիգեր
Չէին կարող համոզել ԼՂՀ նախագահի փաստարկները, թե ինքը մինչ այժմ լռում էր նախորդ վարչապետի «հակաժողովրդական քաղաքականության», թթենիների դիմաց հարկ գանձելու, բարձրաստիճանների զավակների կատարած հանցագործությունների եւ շատ ու շատ այլ բաների մասին, որ հանկարծ իրեն չմեղադրեն, թե խոչընդոտում է բարեփոխումների գործընթացին։ Ավելի տխուր պատճառաբանություն է, որ նախագահ Արկադի Ղուկասյանը փորձել է միջամտել, բայց… ապարդյուն։
Ի դեպ, արդեն օրինաչափություն է դառնում, որ ԼՂՀ-ում տնտեսական խրթին իրողությունների մասին միայն այնժամ են խոսում, երբ հարկավոր է վարչապետ հեռացնել (հիշեք Լեոնարդ Պետրոսյանի պաշտոնանկության առնչությամբ պնդումները)։ Իսկ մնացած ժամանակ հանգերգի պես կրկնվում է, որ Ղարաբաղում «ամեն ինչ հրաշալի է, հիասքանչ մարքիզուհի»՝ ավանդները փոխհատուցվում են, մսի գինը փորձում են կարգավորել եւ այլն։
Մի կորցրեք պատմական պահը
Սամվել Բաբայանին հատկապես այժմ իր տեղը ցույց տալու պահի ընտրությունը մեկնաբանները բացատրում են Հայաստանի ներքաղաքական եւ հետընտրական զարգացումներով։ Թերեւս որոշակի առումով ճշգրիտ այս դիտարկմանն արժե հավելել, որ Սամվել Բաբայանը գուցե չափն անցավ ԼՂՀ-ում իր անսահմանափակ իշխանությունը քիչ համարելով՝ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը քննադատեց 1998-ի սեպտեմբերին, 1999-ի ապրիլին արդեն՝ այն հարցին, թե քաղաքական ո՞ր ուժերը կարող են նպաստել Հայաստանի հզորացմանը, պատասխանեց. «Չկա այն հստակ ուժը՝ իր առջեւ դրված խնդրով, որը Հայաստանին պետք է»։ Բայց ուղղակի եւ ընդունված մարտահրավերը հայտարարություններն էին, թե «Ղարաբաղում ապրող ղարաբաղցին մեղավոր չէ, որ մնացած ղարաբաղցիներից Հայաստանում որեւիցե մեկը դժգոհություն է հայտնում» եւ կամ «Ես Հայաստանի որեւիցե իշխանության սատար չեմ կանգնել, չեմ կանգնելու։ Ես այն անձը չեմ, որ ինձ օգտագործեն»։
Ի դեպ, վերջին պնդումը խիստ վիճելի է թվում՝ նկատի ունենալով «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի գործիչների ներկա պահվածքը, որոնք Ղարաբաղի անակնկալ սուր եւ անսպասելի փոփոխությունների մասին կամ լռում են, կամ էլ կոչ են անում իրենց չնույնացնել Սամվել Բաբայանի հետ։ Եվ նրանից 1 լումա չստացած Ռուբեն Միրզախանյանն անգամ առավել ոչ խուսափողական գնահատականներ է տալիս։
Բարոյական սահմաններն իրոք լղոզվել է։ Եվ գործընկերոջս վկայությամբ, ժամանակ առաջ Սամվել Բաբայանին ներբողներ ձոնող բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանը («Սիրտդ արծվի սիրտ է, Սամվե՛լ/ Հոգիդ՝ ինչպես սարի շուշան») այժմ պաշտոնաթերթերում «ադաբրյամսներով» է հանդես գալիս՝ հօգուտ Արկադի Ղուկասյանի։
Ինչպե՞ս կավարտվի ներիշխանական պայքարը
Չենք փորձի կանխատեսումներ անել՝ վերոհիշյալ երկու մեկնաբանների ճակատագիրը չկիսելու համար։ Մանավանդ որ, տվյալ դեպքում ամեն ինչ առավել անորոշ է։ Հստակ չէ, թե ԼՂՀ իրողություններին լիովին անծանոթ Անուշավան Դանիելյանը կկարողանա՞ գլուխ հանել առկա իրավիճակից։
Այնուամենայնիվ, ամենաառանցքային հարցն է, թե ինչպես կպահի իրեն Սամվել Բաբայանը, կհամակերպվի՞ իր իշխանության խիստ սահմանափակմանը։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ նա դեռ կարող է վնասել ԼՂՀ նախագահին:
Հարցականները շատ-շատ են որեւէ հստակ եզրահանգում կատարելու համար։
Այնուամենայնիվ, մի խնդրի վերաբերյալ լռությունը որոշակի հետեւության տեղիք տալիս է։ ԼՂՀ նախագահի առանձնասենյակում գաղտնալսման սարքի հայտնաբերման լուրը, սպասվածին հակառակ, պայթած ռումբի ազդեցություն չունեցավ։ Այդ լուրը հայտնելուց հետո՝ դրան մամուլի գրեթե չանդրադառնալը թերեւս կասկածի եւ վերապահումների արտահայտություն է, որ սա հակառակորդներին վարկաբեկիչ հզոր խաղաթուղթ ձեռք գցելու համար մի սարքովի պատմություն է։
Եվ արդեն որեւէ տարակույսի տեղիք չի տալիս, որ չնայած տնտեսական եւ այլ հիմնավորումներին՝ եղածն ընդամենը ազդեցության ոլորտների խնդիր է, որտեղ նախկին վարչապետը միջոց էր ընդամենը։ Իսկ նպատակը ԼՂՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի միջեւ «ո՞վ է կառավարելու երկիրը» հարցը պարզաբանելն է, որն այլ դեպքերում անհեթեթ կհնչեր։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































