Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՎԱԳԻՐ

Հուլիս 29,1999 00:00
Alvard Barxudaryan

Աշոտ Բլեյանին՝ «քսիֆ»-ի փոխարեն

Ասում են, որ Սովետաշենի բանտում դու հնարավորություն ունես մամուլ կարդալու եւ անգամ հեռուստացույց նայելու, ուստի որոշեցի քեզ այս նամակը գրել: Երբ Գարեգին Վեհափառի հուղարկավորության օրը բարձրաստիճան /երբեմնի իմ լավագույն բարեկամ/ պաշտոնյային ասացի, որ ուզում եմ «հանցագործ ընկերոջս» տեսնել, խոստացավ օգնել ինձ: Երբ հարցրի՝ արդյո՞ք իր նոր պատասխանատու պաշտոնին տեղափոխվելուց հետո էլ կարող եմ զանգահարել ունեցածս հեռախոսահամարներով եւ հիշեցնել խնդրանքս, ասաց. «Դու երբեք խնդիր չունես»: Բայց արի տես, Աշոտ ջան, որ ինքն էլ՝ իր խոսքերով իսկ ասած՝ «սկսեց փչանալ». իմ ոչ մի հեռախոսազանգին չարձագանքեց: «Է, նորություն ասա», – կքմծիծաղեիր, եթե «ծանր հանցանքիդ պատճառով» չգտնվեիր մեզանից հեռու: Սա է պատճառը, որ խնդրեցի Արամին տպագրել բարեւագիրս, գոնե «Առավոտ»-ը կարդաս ու չմտածես, թե քեզ մոռացել ենք:

Էդ էլ ասեմ, սիրելի Աշոտ, որ շատերը նախատում են ինձ, թե՝ «նա քեզ ի՞նչ ընկեր», ասել է թե՝ «Ղարաբաղին այսքան նվիրված Ալվարդը» Բաքու գնացած Աշոտին ի՞նչ ընկեր: Հիշո՞ւմ ես, երբ 92-ի աշնանը «Հայք»-ում տպագրված «Հայեր, միացեք, միացեք, հայեր» շարքում Ղարաբաղի հերոսական /իրոք, հերոսական/ առօրյան նկարագրելով, նշել էի. «Եւ սա է Ղարաբաղի պատասխանը Աշոտ Բլեյանին», նեղացար, էլի սկսեցիր մատչելի լեզվով բացատրել ղարաբաղյան կարգավորման քո պատկերացումները: Ինձ այն ժամանակ թվում էր, թե, իրոք «միայն զենքով կա հային փրկություն»: Հետո Ղարաբաղ գնացիր, ու, կարծես այդքան էլ չզարմացար, որ ղարաբաղցիները բոլորովին էլ չէին պատրաստվում քեզ գլխատել Բաքու գնալու «դավաճանական» քայլիդ համար: Այսօր էլ, 7 տարի անց, արցախասեր մեր հայրենակիցները չեն զլանում հրամցնել մեզ իրենց ողորմելի պատկերացումները ղարաբաղյան կարգավորման մասին՝ թե, տեսեք, նախորդներն այնպես, իսկ ահա նորերն՝ այսպես. զգալի առաջխաղացում կա կարգավորման հարցում: Թեեւ, ով գիտի, գուցե կա՞, մենք չենք տեսնում:

Առաջխաղացումը թերեւս 5 տարվա հրադադարն է, որ նախորդ-ներկաների ջանքով ձեռք բերվեց… Քաղաքական իրադարձություններից երեւի տեղյակ ես՝ վարչապետն, ասում են, հաջող այցելություն է կատարել Մոսկվա, ու ժողովուրդը դարձյալ սպասումների մեջ է, որոնք այս անգամ պիտի անպայման իրականանան: Վերջին ամսվա զարմանքը «քրջի բազարում» սպարապետի հայտնագործությունն էր, որ ժողովրդի վիճակը շատ ծանր է, բայց ինքը՝ Հայաստանի վարչապետը, չգիտեր, թե այս աստիճանի է ծանր: Մեր բարձրաստիճան պաշտոնյաները ժողովրդի ծանր վիճակով զարմանալու հատկությունը ձեռք բերեցին 1995 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ շրջաններով անցնելիս նկատեցին, որ պատերազմից մեկ տարի է անցել, իսկ առաջընթաց՝ չիք: Հետո, 1996-ի նախագահական ընտրություններից առաջ, Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ բնակչությունն, իրոք, կքվել է ծանրության տակ: Ժողովրդի այս վիճակը բոլորից շատ ցնցեց Ռոբերտ Քոչարյանին, երբ, որպես վարչապետ, ծայրից ծայր անցավ Հայաստանը:

Հետո որպես Հայաստանի նախագահի թեկնածու էր զարմացել, որ ժողովրդի վիճակը իր վարչապետության օրոք էլ իսկի չի փոխվել: Իրենց հերթին բոլոր մարզպետները, քաղաքապետ ու թաղապետները սկսում են զարմանալ նոր պաշտոնի անցնելիս: Մեր խեղճ ժողովուրդն է, որ իր ծանր վիճակով ոչ զարմանում է, ոչ էլ առավել եւս ուզում է դրանով պաշտոնավորներին զարմացնել: Այս մասին կարող էի քեզ չգրել էլ, բայց զարմանալի է, չէ՞, որ մեր պաշտոնյաները այդ աստիճանի ինֆորմացված չեն երկրի տեւական ծանր պատկերի մասին: Երեւի իրենցից թաքցնում են ինֆորմացիան, ի՞նչ ես կարծում: Օրերս Երեւանում ճարտարապետների միության համագումարն էր, տեսնեիր՝ ինչ կրքեր բորբոքվեցին՝ թե հրեշավոր ապօրինի շինարարությունը շուտով կուլ կտա մեր վարդագույն Երեւանը: Սիրտս մղկտում է, Աշոտ ջան, Հրազդանի ձորի համար՝ ծառերը չորանում են, շինությունները շատանում: Բա կամուրջը, Կիեւյան կամուրջը: Ոչ երանի քեզ, որ բանտից դուրս կգաս ու կտեսնես կամրջի չորս կողմի շինությունները, մեկը մյուսից անճոռնի:

Աշոտ ջան, չմտածես, թե հատուկ եմ մեր վարդագույն քաղաք-պետության կյանքը գորշ գույներով ներկայացնում, որ բանտում քո առօրյան այդքան անտանելի քեզ չթվա: Պարզապես խորհում եմ քեզ հետ «գլոբալ խնդիրների շուրջ»՝ ազգային գերնպատակ, կրթություն, պաշտպանություն, քաղաքաշինություն: Իրավական դաշտում բարեփոխումներից հո չե՞մ խոսելու, այստեղ իզուր հույսեր չունենաս: Տիգրան Ջանոյանին, ուրիշներին երբեմն հանդիպում եմ, մեր մեջ ասած, զարմանում եմ իրենց համառության վրա: Մեր երկրում «նրանց դեմ» ե՞րբ է «խաղ եղել», որ հիմա լինի: Ինչքան որ հարմար կգտնեն, այնքան էլ քեզ կպահեն տղերքը, բա ոնց: Հիշո՞ւմ ես Կալիգուլայի հայտնի կարգախոսը՝ «թող ատեն, միայն թե վախենան»: Մի հետաքրքիր գիրք է ընկել ձեռքս՝ «Soldier of Peace». Իսրայելի լուսահոգի վարչապետ Իցհակ Ռաբինի մասին՝ հրաշալի մի աշխատություն. զինվորից մինչեւ պաշտպանության նախարար, մինչեւ վարչապետ ուղին անցած մի հրեայի ու նրա ղեկավարած Իսրայել պետության մասին է:

Քեզ իհարկե չեմ զարմացնի, եթե ասեմ, որ ընդհանրությունները մեր ու նրանց նոր պատմության մեջ շատ են, բայց տարբերությունն էլ է ահռելի: Նրանք՝ հրեաները, հայրենիքի հանդեպ համառ սիրով ու աշխատասիրությամբ կառուցեցին իրենց պետությունը: Մենք՝ համառ ատելությամբ հակառակ փորձն ենք ձեռք բերում: Ռաբինը հրապարակային իր վերջին ելույթի ժամանակ ասել էր. «Բռնությունը սասանում է Իսրայելի ժողովրդավարության հիմքը: Այն պետք է մերժվի եւ արգելվի: Այն Իսրայել պետության ուղին չէ: Ժողովրդավարությունն է մեր ճանապարհը: Այն կարող է տարբեր լինել, բայց…»: Նրա, 27 տարվա զինվորի վերջին տարիների պայքարը հանուն սիրո ու խաղաղության էր: Այս մասին, սակայն, կխոսենք, երբ բանտից դուրս կգաս ու կներես քեզ այս փորձությանը ենթարկածներին: Սրանով էլ ավարտեմ՝

Քո ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031