Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍԱ՞ՄԲ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ

Օգոստոս 05,1999 00:00
ejmiacin

Հարցազրույց փաստաբան Հայկ Ալումյանի հետ

-Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Առաջինի վախճանից հետո, երբ կաթողիկոսական տեղապահ ընտրվեց արքեպիսկոպոս Ներսես Պոզապալյանը, ճիշտն ասած, ինձ թվաց, թե վերջապես Ֆերջուլյան-Մայր աթոռ գործը լուրջ շրջադարձ կունենա, քանի որ Ֆերջուլյանների վկայությամբ, սբ. հայր Ներսես Պոզապալյանը միակ հոգեւորականն էր, որը խիստ բարյացակամ էր եղել Ֆերջուլյանների գործի հանդեպ։ Այսօրվա դրությամբ, ինչպիսի՞ ընթացք ունի այնքան չարչրկված գործը։

-Որքանով գործին հետեւող լրագրողներին հայտնի է, Ժորա Սարգսյանը (Անահիտ Ֆերջուլյանի ամուսինը) դեռ 1997-ի հոկտեմբերին հանդիպել էր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հետ, որի ժամանակ քննարկվել էր զարդերի արժեքը Ֆերջուլյաններին վերադարձնելու խնդիրը։ Միասին հաշվարկել էին զարդերի արժեքը, եւ ըստ Ժ. Սարգսյանի, մոտավորապես 14 հազար դոլար էր գնահատվել, այն էլ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի առաջարկով, եւ հաշվարկվել էր նվազագույն գներով, որպես ջարդոն, քանի որ այլ հնարավորություն չկար։ Հետո, Էջմիածնում դատական նիստի ժամանակ, երբ հարց առաջացավ, թե արդյո՞ք Ժորա Սարգսյանի ցուցմունքները համապատասխանո՞ւմ են իրականությանը, երբ դատարանը մի փոքր կասկած ունեցավ այս խնդրի շուրջ, ես միջնորդել էի, որ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանից գրավոր տեղեկություններ խնդրվեն այդ հանդիպման մասին։ Հաջորդ դատական նիստի ժամանակ եկեղեցու ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Խաչատրյանը հայտնեց, որ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանն ընդունում է, որ Ժորա Սարգսյանի վկայությունը իրենց խոսակցության վերաբերյալ համապատասխանում է իրականությանն ամբողջությամբ, բացառությամբ այն պահի, երբ Ժորա Սարգսյանը հայտնում է, թե նաեւ Վեհափառի մոտ են մի պահ մտել, եւ Ներսես Պոզապալյանը զեկուցել է այդ մասին նաեւ Վեհափառին։ Եկեղեցու ներկայացուցիչը չընդունեց միայն այդ պահը, մնացածը առարկություններ չառաջացրեց։

Հիմա գործը քննվում է Վերաքննիչ դատարանում, չգիտեմ ի՞նչ պատճառով Վերաքննիչ դատարանը նորից կասկածներ սկսեց հայտնել այս խոսակցության վերաբերյալ։ Ես հիմք չեմ տեսնում այսպիսի կասկածների։ Համենայնդեպս, կասկածեցին եւ մի գրություն եւս ուղարկեցին Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին։ Ստացվեց մի գրություն Ներսես Պոզապալյանից այն մասին, որ ոչ թե 14 հազար դոլարի մասին է խոսք գնացել, այլ 4 հազար դոլարի։ Դարձյալ խոսակցությունը չի ժխտվում։ Բացի այդ, մի կասկածելի բան էլ կա գրության մեջ. «Ես իմ անձնական հետաքրքրությունից ելնելով, ինձ մոտ հրավիրեցի Անահիտ Ֆերջուլյանին եւ իր ամուսնուն»։ Ի դեպ, պաշտոնական գրություն էր Վեհափառի անունով եւ գրությունն ընդունվել է պաշտոնապես (գրության վրա կա համապատասխան մակագրություն)։ Պարզ չէ, ինչո՞ւ պաշտոնական գրությունը ուսումնասիրելու համար հանձնարարությունը ներկայացվում է որպես «անձնական հետաքրքրասիրություն»։

Հայցվոր կողմը ճանաչելով Ներսես Պոզապալյանին որպես կարգին, օրինապահ, վեհ անձնավորություն, անմիջապես կասկած հայտնեց, որ սա նրա ստորագրությունը չի։ Բայց դատաձեռագրաբանական փորձաքննությունը ցույց տվեց, որ ստորագրությունն իսկական է։

-Որո՞նք են լինելու Ֆերջուլյանների հետագա քայլերը, ի՞նչ ընթացքում է գործի քննությունը։

-Գործի վարույթը կասեցված էր փորձաքննության առիթով, երեւի մոտ օրերս կասեցումը կվերանա եւ կնշանակվի գործի քննությունը (…)։ Համենայնդեպս, 4 հազար դոլարն այն գումարը չի, որին Ֆերջուլյանները կհամաձայնեն։ Նրանք մի անգամ ասել են, որ նշված գումարից պակաս կհամաձայնեն վերցնել միայն մի պայմանով, որ մնացած գումարը գնա որեւէ որբանոցի, թեկուզ՝ եկեղեցու անունից, բայց «մենք իմանանք, որ մեր փողը մնաց ոչ թե եկեղեցուն, այլ գնաց որբերին»։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031