Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազուրկները՝ հույսով եւ անհույս

Օգոստոս 06,1999 00:00
gorcazurk

Վանաձորի ձեռնարկությունների մեծ մասը չի աշխատում կամ աշխատում է մասնակիորեն, աշխատողների փոքրաթիվ քանակով, որոնց վարձատրությունը կարողանում են կազմակերպել այն ժամանակ, երբ ինչ-որ արտադրանք է իրացվում։

Համաձայն վիճակագրության վարչության տվյալների, Վանաձորի բյուջետային կազմակերպություններում աշխատում է 6962, ձեռնարկություններում՝ 16088, «սեփական ձեռնարկություններում»՝ 7330 մարդ։ Եթե այս բոլոր թվերը գումարենք, ապա կստացվի, որ Վանաձորում աշխատողներն ավելի շատ են, քան չաշխատողները, որոնց պաշտոնական թիվը դրանց կեսն է, մոտավորապես՝ 15 հազար։ Պարզապես ոչ բոլորն են հաշվառվում աշխատանքի եւ զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում՝ քաջ համոզված լինելով, որ իրենց համապատասխան աշխատանք այդտեղ չեն կարող առաջարկել։ Զբաղվածության կենտրոնից տեղեկացանք, որ այդտեղ հիմնականում բանվորական աշխատանքների վերաբերյալ հայտարարություններ են լինում (առավելապես՝ կարող բանվորների հայտով)։ Ըստ այդմ էլ, կենտրոն դիմած քաղաքացիների գերակշիռ մասը միջնակարգ մասնագիտական (4317), միջնակարգ եւ թերի միջնակարգ (8798) կրթություն ունեցողներն են։

Հետաքրքիր հանգամանք է այն, որ գործազրկության նպաստից օգտվելու իրավունք է տրվում տարվա մեջ միայն հինգ ամիս, եւ եթե դրանից հետո գործազուրկի նպաստը դադարում է, ապա միեւնույն է, ընտանեկան նպաստ կարող է չտրվել, եթե քաղաքացին համարվում է աշխատունակ։ Գործազրկության համար տրվող դրամական չնչին փոխհատուցումն էլ կրկին տրվում է տարվա մեջ հինգ ամիս, այն էլ, եթե տվյալ ընտանիքի բոլոր անդամները գործազուրկ են։ Այստեղից էլ սկսվում է դժգոհությունների ալիքը։ Մարդիկ գործազուրկ են ոչ իրենց մեղքով, համապատասխան աշխատանք չկա հատկապես բարձրագույն կրթությամբ մասնագետների համար։ Բոլորը չէ, որ առեւտրի ջիղ ունեն կամ ֆիզիկական մեծ ուժ՝ սեւագործ աշխատանք կատարելու համար։ Այնուամենայնիվ, գործազուրկների մի մասը, անկախ կրթական մակարդակից, համալրել է շուկայական ու տոնավաճառային առեւտրականների շարքերը, եւ եթե իրենց նեղություն են տալիս հասնել զբաղվածության կենտրոն, ապա կարող են հաշվառվել որպես աշխատանք փնտրող (եթե որեւէ գործարանի «հաշվեկշռում» աշխատող միավոր չեն համարվում)։

Աշխատանքի եւ զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի աշխատաշուկայի վերլուծության մեջ նշվում է, որ «1999 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում «Անդրնավթգազշին-Պրոմեթեւս» ընկերության կողմից նախատեսվում է գործարկել Վանաձորի քիմիական, քիմմանրաթելերի գործարանները եւ ՋԷԿ համալիրը» եւ «Համալիրի վերականգնումը կստեղծի 4500 տարբեր մասնագիտությունների գծով նոր աշխատատեղեր, այդ թվում՝ քիմիկոս-տեխնոլոգների, հաստոցագործների, մեխանիկների, էներգետիկների»։ Համալիրի վերագործարկմանն սպասող գործազուրկներն, այնուամենայնիվ, քիչ են հուսադրվում, քանի որ աշխատողներ հավաքագրելու որեւէ պաշտոնական հայտարարություն առայժմ չի արվում։ Դա կարելի է պարզաբանել այն հանգամանքով, որ «հանուն արդարության» սկզբունքի այդտեղ կընդգրկվեն նախ հիմնական, երկարատեւ աշխատողները, որոնք քաջ տիրապետում են իրենց մասնագիտությանը, որից հետո, հնարավորության դեպքում՝ «դրսինները»։ Պետք է ասել, սակայն, որ նախկին աշխատողների կազմն էլ ամբողջությամբ պահպանված չի լինի, քանի որ 10 տարիների ընթացքում շատերը հեռացել են Հայաստանից, շատերը՝ զոհվել երկրաշարժի հետեւանքով կամ մահացել, իսկ շատերն էլ այլեւս աշխատունակ չեն։ Քանի որ մասնագետներից շատերն էլ երկար ժամանակ չաշխատելու հետեւանքով կորցրած կլինեն մասնագիտական կարողությունները, ուստի զբաղվածության կենտրոնի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առանձին մասնագիտությունների գծով մասնագիտական ուսուցում կազմակերպելու ուղղությամբ։

Հաշվի առնելով այն, որ համալիրի տեխնիկական վերազինման պայմաններում նաեւ նոր, համակարգչային իմացությամբ մասնագետների անհրաժեշտություն կզգացվի, ուստի այդ գծով նույնպես հնարավոր է մասնագիտական կարճաժամկետ դասընթացների կազմակերպում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031