Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան» կռիվներ Վանաձորում

Օգոստոս 12,1999 00:00
vanadzor

«Նեոբոլշեւիզմի» ոգով

Վանաձորի «Արցախ» պուրակի անմիջական հարեւանությամբ գտնվող Տիգրան Մեծի 34 շենքի բնակիչ, մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ Վ. Սարգսյանը բողոք է գրել Վանաձորի քաղաքապետին՝ դժգոհելով պուրակը վարձակալած ընկերության գործունեությունից։ «Միայն վերջին 1 տարվա ժամանակաշրջանում պուրակում ձմռանը տեղադրվել է դրսից բերված ատրակցիոն՝ իրեն բնորոշ բոլոր ատրիբուտներով (աղմուկ, երաժշտություն, մեքենաների եւ մոտոցիկլետների դղրդյուն)։ Զարմանալի է, որ բաց տարածության համար նախատեսված ատրակցիոնը տեղադրվում է մի վայրում, որը շրջապատված է մի կողմից բարձրահարկ բնակելի շենքերով, մյուս կողմից՝ ուսումնական եւ գիտական հաստատություններով (մանկավարժական ինստիտուտ, երաժշտական ուսումնարան, կենտրոնական գրադարան)»,- գրում է բողոքի հեղինակը եւ շարունակում. «Աշխատում են 3 կարուսել, մի շարք փակ եւ բաց ռեստորաններ եւ սրճարաններ, ձայներիզների վաճառքի կետեր, եւ այս ամենն ուղեկցվում է բարձրաձայն, շուրջօրյա երաժշտությամբ»։ Բուն դժգոհությունները սկսվել են այն ժամանակ, երբ սկսել է հնչել «կենդանի կատարմամբ երաժշտություն՝ երեկոյան ժամերին մինչեւ կեսգիշեր» եւ «բնակիչների համար ստեղծվել են անտանելի պայմաններ»։ Բողոքի հեղինակը միաժամանակ «Առավոտին» տեղեկացրեց, որ գիշերային ժամերին սրճարաններից մեկը աստիճանաբար վերածվում է խրախճանքի վայրի, եւ դրա մասնակիցներն սկսում են բացօթյա վայրում նվագողներին ոգեւորել։

Հուլիսի 19-ին, ժամը 0.30 այդտեղ նույնիսկ միջադեպ է տեղի ունեցել, քանի որ երաժշտություն պատվիրողներն ընդդիմացել են այդտեղ ժամանած օրինապահ մարմինների՝ երաժշտությունը դադարեցնելու պահանջին։ Հետաքրքիրն այն է, որ քաղաքապետարանի փոխարեն Վ. Սարգսյանին պատասխանել է պուրակը վարձակալած ընկերության տնօրենը, որին Սարգսյանի նամակը հանձնվել է ի գիտություն՝ «Կենտրոն» թաղամասային ՓԲԸ-ի տնօրենի կողմից, որին բողոքի հեղինակը ուղարկել էր քաղաքապետին գրած դիմումի պատճենը։ «Արցախ» պուրակը վարձակալած «Գ. եւ Մ.» ՍՊԸ տնօրեն Մ. Նիկողոսյանը իր հերթին մեղադրում է նամակագրին «նեոբոլշեւիզմի» եւ տասնյակ գործարարների աշխատանքին «խոչընդոտելու» համար, վկայակոչելով, որ ընկերությունը մեծ դեր է խաղացել պետբյուջեի հարստացման գործում՝ ներդնելով 2.520.000 դրամ։

«Դուք դեմ եք անկախ Հայաստանի կործանված տնտեսության վերականգնմանը, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը»,- դատապարտում է «Գ. եւ Մ.» ընկերության նախագահը նամակում, որն, ի դեպ, հասցեագրել է ոչ միայն Սարգսյանին, այլեւ նրա «համակիր հարեւաններին», «Կենտրոն» ՓԲԸ տնօրենին, Վանաձորի քաղաքապետին եւ նույնիսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարին։ … Վանաձորի քաղաքապետը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ «Արցախ» պուրակում հերթական կարուսելի տեղադրումն արգելվել է, եւ այդ մասին համապատասխան քննարկում եղել է նաեւ համայնքի ավագանու կողմից, որը մինչ այդ կոնկրետ որոշում չէր ընդունել։

Այս դեպքում զարմանալի է, որ 2 տարի առաջ այդ նույն իշխանությունները ոչ միայն թույլատրել էին կարուսելների տեղադրումը, այլեւ մշտապես ասվում էր, որ այդտեղ նախատեսվում էր մանկական «Դիսնեյլենդ» հիմնել։ Նշենք, որ Վանաձորում անխնամ, բարձիթողի տարածքներ շատ կան զբոսայգիներում եւ այլուր, բնակելի վայրերից ոչ շատ մոտ տարածության վրա, որտեղ ավելի հարմար կլիներ հանգստի եւ ժամանցի անկյուն ստեղծել թե՛ մանուկների եւ թե՛ մեծերի համար, ինչպես նաեւ անվճար համերգներ կազմակերպել։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ չնայած «Արցախ» պուրակում գտնվող բնակելի շենքի բնակիչների դժգոհությանը՝ նվագախմբի կապակցությամբ, այնուամենայնիվ, առանձին այցելուներ՝ քաղաքի այլ թաղամասերից ժամանող, գոհունակություն են հայտնում, քանի որ անվճար երաժշտություն լսելու առիթներ քիչ են լինում (երբեմն «Հայքի» հրապարակում)։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031