Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱՆՑ

Նոյեմբեր 11,1999 00:00
mushegh movsisyan

Որեւէ մեկը դեմ չքվեարկեց Մուշեղ Մովսիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։ Սակայն 6 պատգամավոր ձեռնպահ էին, 16-ն էլ չքվեարկեցին։

Միջանկյալ

Ընդամենը կես ժամ տեւեց միջնորդության քննարկումը։ Հարցեր չտվեցին ո՛չ Աղվան Հովսեփյանին, ո՛չ Մուշեղ Մովսիսյանին։ Չեղան նաեւ ելույթներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սա նախապես Գագիկ Ջհանգիրյանի հետ պայմանավորվածության հետեւանքն էր։

Գլխավոր դատախազի միջնորդությունը

Միջնորդության տեքստը նախապես չէին բաժանել պատգամավորներին։ Աղվան Հովսեփյանը ներկայացրեց նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները, թե Նաիրի Հունանյանի խմբի իրագործած ահաբեկչությունը «նախապատրաստվել եւ իրագործվել է ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի հանցակցությամբ։ Այսպես, դեռեւս 1999-ի մարտ-ապրիլ ամիսներին Մուշեղ Մովսիսյանը նույն գործով կասկածյալ Միսակ Մկրտչյանի (պարզեցինք, որ «Վերածնունդ» կազմակերպության հետ առնչություն ունեցող այս անձը նույնպես ձերբակալված է- Ա. Ի.) միջոցով ծանոթացել է նախկինում նրա հարեւան Նաիրի Հունանյանի հետ։ Եվ առաջին իսկ հանդիպումից սկսած, նրանց միջեւ ձեւավորվել են ընդհանուր հայացքների եւ գաղափարախոսության վրա հիմնված մտերիմ փոխհարաբերություններ։ Երկուսն էլ դժգոհություն են արտահայտել այն ժամանակ դեռեւս պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից, համարելով երկրում ստեղծված սոցիալական եւ քաղաքական ամբողջ մթնոլորտի մեղավոր։ Մասնավորապես, Մովսիսյանը դժգոհություն է հայտնել, որ 1995-ին պատգամավորական ընտրությունների ժամանակ Վազգեն Սարգսյանը ստիպել է իրեն հանել իր թեկնածությունը։ Միաժամանակ նա բառացիորեն պնդել է, որ ամեն ինչ կկարգավորվի միայն Վազգեն Սարգսյանի ֆիզիկական ոչնչացմամբ։ Իրենց բազմաթիվ հանդիպումների ժամանակ Մովսիսյանը Նաիրի Հունանյանին առաջարկել է սպանել Վազգեն Սարգսյանին։ Նրա հետ հանցավոր համաձայնության գալով՝ համատեղ մշակել են հանցագործությունը նախապատրաստելու եւ իրականացնելու ծրագիր։ Այդ ծրագրի իրականացման նպատակով Մուշեղ Մովսիսյանը Նաիրի Հունանյանին առաջարկել է հավաքագրել վստահելի անձանց մի խումբ, ձեռք բերել հրազեն եւ ռազմամթերք եւ տեռորիստական ակտ իրականացնել ԱԺ-ի նիստերի դահլիճում այն օրը, երբ այնտեղ կլինեն նաեւ վարչապետն ու կառավարության անդամները։

Միաժամանակ Մուշեղ Մովսիսյանը երաշխավորել է Նաիրի Հունանյանին հանցավոր խմբի անպատժելիությունը։ Նրանք նախապես պայմանավորվել են նաեւ, որ նիստերի դահլիճը գրավելուց հետո ժամանակ կշահեն, որպեսզի որոշակի ուժերի ԱԺ հասնելուց հետո իշխանափոխություն իրականացվեր»։ Գլխավոր դատախազի միջնորդության մեջ նշված չէր, թե խոսքն ինչ ուժերի մասին է։ Սակայն մանրամասնվեց, թե ինչքան զենք եւ ռազմամթերք է ձեռք բերվել՝ 4 ինքնաձիգ հրազեն, 350 փամփուշտ, 4 նռնակ եւ որսորդական հրացան։

Նախապատրաստական միջոցառումներն ավարտելուց հետո Նաիրի Հունանյանն այդ մասին հայտնել է Մուշեղ Մովսիսյանին եւ նրանից հավանություն ստանալով՝ «ձեռնամուխ է եղել հանցագործության իրագործմանը»։ Մուշեղ Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը նույնն է, ինչ Նաիրի Հունանյանի խմբին, եւ այն հաստատվելու դեպքում պատգամավորին եւս առավելագույն պատժաչափ է սպառնում։

Միջանկյալ

Կարելի էր ենթադրել, որ նիստերի դահլիճում երեկ մի նոր սեպտեմբերի 26 էր հնարավոր։ Սակայն պատգամավորները լուռ զսպվածություն հանդես բերեցին, երբ դահլիճ ներս մտավ Մուշեղ Մովսիսյանը։ Մտավ դաստակները տրորելով՝ ակնհայտ էր, որ ձեռնաշղթաներով էին հասցրել մինչեւ դահլիճ։ Ի դեպ, նախապես խորհրդարանի միջանցքներում սեւ դիմակներով, ավտոմատավոր բազմաթիվ հատուկ ջոկատայիններ կային։ Անկեղծ ասած, ի տարբերություն որոշ գործընկերներիս, այս տեսարանն ինձ հանգստության եւ ապահովության զգացում ներշնչեց։ Ինչ իմանաս, իրականում քանի՞սն են արյունոտ սպանդի կազմակերպիչները։

Մուշեղ Մովսիսյանի հակափաստարկները

Այս պատգամավորին շատերն անգամ չէին հասցրել ճանաչել։ Եվ ինքն էլ խոստովանեց, թե առաջին անգամ է ամբիոնին մոտենում։ «Այս բոլորը, ինչ ներկայացրեց դատախազը՝ բոլորը սուտ է, իրականությանը չի համապատասխանում»,- Մուշեղ Մովսիսյանն իր հայտարարությանը հավելեց մի ցանկություն, թե արժեր, որ պատգամավորական հանձնաժողով ստեղծվեր այս առնչությամբ։ Սակայն հարուցված քրեական գործի պայմաններում արգելվում է այդպիսի հանձնաժողով ստեղծել, եւ, ի դեպ, Վիկտոր Դալլաքյանի համանման առաջարկը մերժվել էր դեռեւս նախնական քննարկման փուլում։

«Նաիրի Հունանյանին ես, իրոք, տեսել եմ գարնանը, մեր տանը,- պատմեց Մուշեղ Մովսիսյանը։- Երկրորդ անգամ հանդիպել եմ «Առագաստ» սրճարանում՝ 2-3 րոպե զրույցից հետո շատ անտարբեր վերաբերմունք ցույց տալով»։

Հավելյալ ինչ-որ բաներ ասաց իր «թերի կողմերի, լկտիությունների» մասին, որ հարբած վիճակում հայհոյել է։ Բայց թե ինչ կապ ուներ սա գործի հետ՝ ոչ ինքը պարզաբանեց, ոչ էլ որեւէ մեկը հարցրեց։ «Երրորդ հանդիպումս եղել է ԱԺ-ի միջնասրահում, ընդամենը մի քանի վայրկյան ենք զրուցել։ Դա եղել է օգոստոսի վերջին»։ Մուշեղ Մովսիսյանը պնդեց, թե դրանից հետո ոչ տեսել, ոչ էլ լսել է Նաիրի Հունանյանին։

Սակայն հենց ինքն էլ վկայեց, որ առերես հարցաքննության ժամանակ Նաիրի Հունանյանը մի ժամի չափ պնդել է, որ 10-15 անգամ Մուշեղ Մովսիսյանին տեսել է ԱԺ-ում, իրար ինչ-որ բաներ են փոխանցել։ Եվ ամենակարեւորը, հոկտեմբերի 25-ին՝ «Վերջին հանդիպման ժամանակ իրեն փոխանցել եմ Սամվել Բաբայանի գրությունը»։ Միջնորդության մասին, ըստ էության, այսքանն էր։

Ելույթի մնացած հատվածներում Մուշեղ Մովսիսյանը պատմեց Վազգեն Սարգսյանի հետ իր եղբոր ճակատագրի շուրջ հոկտեմբերի 13-ի զրույցի մասին։ «Բոլորն էլ գիտեին, որ վերջին շրջանում Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», Սամվելի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ էր։ Իհարկե, կասկածներ պիտի լինեին»,- այդ զրույցի ընթացքում մասնավորապես ասել էր Վազգեն Սարգսյանը։

Հրապարակավ ելույթ ունենալու, արդարանալու եւ հակափաստարկներ ներկայացնելու իր այս բացառիկ հնարավորության րոպեները Մուշեղ Մովսիսյանը վատնեց նաեւ անկախ լրատվամիջոցներին կշտամբելու վրա։

Ի դեպ, նա պնդեց, թե հոկտեմբերի 27-ին նիստերի դահլիճում է եղել։ Այն, որ Նաիրի Հունանյանն այդ ընթացքում հարցրել է իր մասին, Մուշեղ Մովսիսյանը «թատրոն» անվանեց։ Մինչդեռ իրեն մտերիմ պատգամավորներից մեկն էր մեզ վկայել հակառակի մասին, թե «Մուշոն ուռած երեսով դուրս էր եկել»։ Իսկ փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Ռուբեն Տոնոյանի վկայությունը, թե Մուշեղ Մովսիսյանն այդ ընթացքում դահլիճում լուռ եւ հանգիստ նստած էր՝ չեն հաստատում դահլիճում գտնված այլ անձինք։

Գլխավոր դատախազն էլ Մուշեղ Մովսիսյանի ելույթից հետո ասաց. «Այդ ելույթում արտացոլված բոլոր հանգամանքները նա նշել է նաեւ իր ցուցմունքների մեջ եւ նախաքննության մարմինը մանրամասն ստուգել է դրանք։ Եվ հերքվել է դրանց զգալի մասը»։

Հավելում

Մուշեղ Մովսիսյանը քիչ էր մնում Վազգեն Սարգսյանի աթոռին նստեր, ուր այս օրերին շարունակում են մեխակներ դնել։ Փակ գաղտնի քվեարկությունից հետո, երբ պարզվեց, որ խորհրդարանում որեւէ մեկի հավատ չեն ներշնչել նրա ներկայացրած պարզաբանումները՝ նրան դուրս ուղեկցեցին։ Եվ նույն սեւ դիմակավորների ուղեկցությամբ Մուշեղ Մովսիսյանին արագ հեռացրին խորհրդարանից։ Աղվան Հովսեփյանը նույնպես լքեց դահլիճը եւ լրագրողների որեւէ հարցի չպատասխանեց։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930