Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌՑԱԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 01,2000 00:00
Vahan Hovhannisyan

Կիրակի կառավարության նիստերի դահլիճում ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովի բացման հանդիսավոր արարողությունն իրոք սառցալեռան գագաթը ցուցադրելու տպավորություն էր թողնում։ Բուն ընդհանուր ժողովը՝ քննարկումները, ընդհանուր ձեւակերպումներից ձերբազատված ելույթները հետագա 10 օրերի ընթացքում կհնչեն օտար ականջներից հեռու՝ Ծաղկաձորում։

Ընդհանուր ժողովի բացման արարողությանը ներկա վարչապետից, կառավարության անդամներից եւ քաղաքական գործիչներից արժե առանձնացնել մեկին՝ ազգային անվտանգության նախարարին, քանզի վերջինս սովորաբար կուսակցական համագումարներն իր ներկայությամբ չի պատվում։ Բացառությունը բացատրող հանգամանքը թերեւս ա՞յս է, որ Կառլոս Պետրոսյանը ժամանակին եղել է Համբարձում Գալստյանի սպանության գործով քննչական խմբի ղեկավարը, իսկ «Վահան Հովհաննիսյան+30» գործով ոչ պաշտոնապես համակարգել է քննչական խմբի աշխատանքները, եւ այժմ ուղղակի ցանկացել էր «բիրիք» տեսնել իր երբեմնի մեղադրյալներին։

Այնուամենայնիվ, սա պատմական ընդհանուր ժողով էր, եւ դա շեշտում էին գրեթե բոլոր հռետորները։ Հայաստանում վերջին ընդհանուր ժողովը գումարվել էր 1919-ին։ Դրանից հետո 70 տարի խորհրդային վարչակարգը արգելեց ՀՅԴ կազմակերպական ներկայությունը, իսկ վերջին տասնամյակում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Բենո Թոնդյանի ձեւակերպմամբ՝ «Դաշնակցությունը երկու առիթներով դարձյալ բախեցավ իր Ընդհանուր ժողովը Հայաստան գումարելու արգելքի»։ 70 տարի արգելված կուսակցության՝ Կոմկուսի ներկայացուցիչն այս ժողովում ողջույնի խոսք ասաց: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդհանուր ժողովի մասնակիցներին ՀՅԴ-ի մասին ահագին հետաքրքրական մանրամասներ էր ներկայացրել իր ուղերձում։ Այսպես. «Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն առաջին անգամ հնարավորություն ստացավ իբրեւ կուսակցություն մասնակցել ընտրապայքարին եւ այսօր ներկայացված է Ազգային ժողովում»։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն էլ էր իր ուղերձում բացել դաշնակցականների աչքերը իրենց նպատակների վերաբերյալ. «Իր ստեղծման օրից մինչ հիմա կուսակցության նպատակն է հանդիսացել առաջնային նշանակություն ունեցող համազգային խնդիրների իրագործումը»։ Եվ վերջապես, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, որն ըստ որոշ լուրերի Ծաղկաձորում է՝ ըստ այդմ ընդհանուր ժողովի պատվիրակներին տեղում կծանոթանա, առայժմ նրանց անակնկալի էր բերել իր ուղերձում պարունակվող հետեւյալ տեղեկությամբ. «Դաշնակցության ավելի քան հարյուրամյա կենսագրությունը սերտորեն առնչվում է հայ ժողովրդի պատմության, պետականության վերականգնման եւ առաջին հանրապետության ստեղծման հետ»։

Գուցե հարց առաջանա՝ մի՞թե այս արարողությանը միայն ընդհանուր եւ շաբլոն ձեւակերպումներով բաժակաճառային գովասանքներ էին հնչում։ Բնավ երբե՛ք։ Հակառակի մասին վկայող ելույթներից առանձնացնենք վարչապետ Արամ Սարգսյանի բանավոր ու բավական ջերմ ելույթը, որը ՀՅԴ ընդհանուր ժողովը Հայաստանում անցկացնելը դիտեց որպես ապացույց, թե երկրում ներքաղաքական իրավիճակը հանգիստ է։

ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն իր ելույթում նշեց. «Սա այն ուժերից մեկն է, որ զերծ մնաց ոճրագործության հետեւանքով քաղաքական դաշտը վերաձեւելու որոշակի կոչերից» (տեսնես երբ պիտի մեր գործիչները դադարեն անհասցե եւ ընդհանրական մեղադրանքներով խոսել՝ «որոշակի ուժերի» կամ «առանձին լրատվամիջոցների» մասին)։ Անդրանիկ Մարգարյանը նաեւ մի զարմանալի դիտողություն արեց. «Հայաստան վերադառնալու, հայաստանակենտրոն դառնալու խնդիրը ոչ միայն ՀՅԴ-ինն է, այլ ամբողջ մեր ազգի խնդիրը»։ Իրոք դժվարին, թող ներվի ասել՝ նույնիսկ անհնարին խնդիր է Հայաստանում բնակվողներիս համար Հայաստան վերադառնալը…

Սակայն, ինչպես միշտ, արտասովորության եւ զարմանահրաշության բոլոր գլխավոր մրցանակներին կարող էր միայն «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հավակնել։ «Հարգելի պարոնայք-ընկերներ»,- այսպես դիմեց նա ընդհանուր ժողովի պատվիրակներին եւ անցավ իր նախասիրած թեմաներին։ Այն է, թե բախտախնդիրները ՀՀՇ-ի քողի տակ «բզկտեցին հայրենասեր ուժերին», կողոպտեցին, թալանեցին եւ այլն։ «Երկիրը կործանման շեմին հասցրած նույն ուժերը, պատասխանատվությունից խուսափելու, թալանը մարսելու նպատակով, համախմբվել են»,- Արտաշես Գեղամյանի այս վայրում այսպիսի ելույթի նպատակը թերեւս միավորվելու ակնարկն էր։ «Մենք պարտավոր ենք օր առաջ կանգնեցնել ՀՀՇ-ածին մութ ուժերի երթը»,- ասաց Գեղամյանը, սակայն եւ արդարացավ, թե իր առաջարկը բնավ վհուկների որս սկսելը չէ, այլ «ազգային պետականությունը վերահաս վտանգից փրկելը»։ Պարոնայք-ընկերներն առավել ոգեւորությամբ ծափահարեցին այս ռազմատենչ ելույթին, քան դրանից առաջ եւ հետո Լեոպոլդ կատվի նմանությամբ համերաշխ ապրելու կոչերին։

Ի դեպ, Կոմկուսի ներկայացուցիչը ՀՅԴ միակ վաղեմի, մեղմ ասած, ընդդիմախոսը չէր, որ ողջունեց պատվիրակներին։ ՀՌԱԿ-ի անունից բարեմաղթանքներ հղեց Ռուբեն Միրզախանյանը եւ սահուն անցավ վերջերս կատարված մի իրադարձության. «Հայաստանի կարեւորագույն քաղաքներից մեկը (Գյումրին- Ա. Ի.) փորձում է քույր քաղաք լինել Ղարսի հետ, իսկ վերջինիս ղեկավարները՝ գրկախառնվում պատմական Հայաստանի թուրք իշխանավորների հետ»։ Ռուբեն Միրզախանյանի եզրակացությունն էր. «Երեւի թե այս ամենը նաեւ արդյունք է նախկին իշխանությունների ապազգային քաղաքականության որոշակի դրսեւորումների»։ Բնականաբար, հավաքվածները նախկին իշխանությունների երկրպագուները չէին եւ չէին երկմտելու, թե օրեր առաջ կատարվածի պարագային դարձյալ նախկիննե՞րը մեղավոր դուրս եկան։

Տեղն է վերջապես համառոտ անդրադառնալ նաեւ տանտերերի ելույթներին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը գրավոր ելույթ էր պատրաստել. «Պատասխանատվությունն ինձ ստիպում է ավելի զուսպ լինել»։ Սակայն զուսպ խոսքը Վահան Հովհաննիսյանի տարերքը չէ, եւ նա գրավոր տեքստը մի կողմ թողած հիշեց, որ 1919-ից առաջ ՀՅԴ ընդհանուր ժողովը կայացել էր Էրզրումում. «Կգա մի օր երեւի, երբ մենք կունենանք նաեւ էդ հնարավորությունը»։ Քիչ անց, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են պատկերացնում պետության ապագան, վերահաստատեց. «Այո՛, մենք պահանջատեր ենք (…), այո, մենք Հայ դատը հետապնդել ենք եւ հետապնդելու ենք, բայց ժամանակները փոխվում են»։ Վահան Հովհաննիսյանը Դաշնակցությունը դիտարկեց որպես պետության մաս։ Մինչդեռ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Բենո Թոնդյանի խոսքը զերծ չէր բազմաթիվ ընդդիմադիր շեշտադրումներից։ Զորօրինակ՝ «Արցախյան հարցի լուծումը՝ մեր ազգային գերագույն շահերու ծիրին մեջ, կուշանա եւ կկնճռոտի»։ Հանդիսատեսի համար այսքանն էր։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829