Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի հարց Կտրիճ Սարդարյանին

Փետրվար 19,2000 18:38

Նախկին խորհրդարանը ինդուլգենցիա է խնդրում

Որեւէ երեւույթի, իրադարձության մեկնաբանությունները, հայտնի է, կարող են բազմաթիվ լինել՝ նրբերանգներով միայն տարբերվողներից մինչեւ իրարամերժը։ Դրանց մի մասը կարող է մատչելի եւ ընդունելի լինել ամբողջ հասարակության կամ նրա մի մասի համար, մյուսները՝ անընդունելի, անգամ՝ անհասկանալի։ Սակայն փաստական ճշմարտությունները միակը լինելու առանձնահատկությունն ունեն, եւ այդ պատճառով հասկանալի են անխտիր բոլորին։ Փաստը չհասկանալ պարզապես հնարավոր չէ, այլ խնդիր է, որ նրա զգացական ու գիտակցական ընկալումը խիստ անհատական է՝ կախված անհատի մտավոր ներուժից, ներաշխարհի հուզականության աստիճանից ընդհանրապես եւ տվյալ պահի հոգեվիճակից մասնավորապես։

Փաստի եւ մեկնաբանության խտացման հարաբերակցությամբ է նաեւ գնահատվում հասարակության զարգացածության աստիճանը։ Ազատ հասարակություններում, շեշտն, անշուշտ, դրվում է փաստերի վրա՝ հասարակության յուրաքանչյուր անդամին հնարավորություն ընձեռելով ընկալել եւ գնահատել դրանք։ Տոտալիտար հասարակությանն առավել բնորոշ է փաստի մեկնաբանության գործելակերպը. այս դեպքում անհատին ինքնուրույն վերլուծելու իրավունք չի տրվում, քանի որ նրա փոխարեն արդեն մտածել են եւ հրամցրել «միակ» ճշմարտությունը։

Եթե ազատ հասարակությունում փաստն առաջինն արձանագրելը եւ մատուցելը արժանահավատ տեղեկատվություն ապահովելու նպատակ է հետապնդում, հասարակության տոտալիտար տիպում պատվիրատու քաղաքական ուժի շահերին ծառայեցվող քարոզչական հնար է:

Անհերքելի է, որ հայաստանյան ներկա քարոզչական համակարգը լուրջ աղերսներ ունի վերը նկարագրված տոտալիտար տիպի հետ։ Երկու տարի անընդմեջ շարունակվող գաղափարական տեռորը, համեմված մերկապարանոց մեղադրանքներով ու անբարո պիտակավորումներով, օրվա իշխանությունը դիտարկում էր իբրեւ իր առավելություններն ընդգծող եւ անփոխարինելիությունը վկայող գլխավոր հաղթաթուղթ, որի արդյունքում, սակայն, միտումնավոր թե չգիտակցված, լուրջ հարված հասցվեց առհասարակ պետականության գաղափարին, պետական ինստիտուտների հեղինակությանը։ Բնական է՝ դա ոչ միայն հասարակությանը չհամախմբեց իշխանությունների շուրջը, այլ ավելի խորացրեց իրավական նիհիլիզմը, սասանեց հավատը պետական կառույցների, ասել է թե, առհասարակ ապագայի նկատմամբ։

Անփաստ մեկնաբանությունների պղտոր հորձանուտում, որ մատուցվում է իբրեւ քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտի «զուլալում», հաջողությամբ աղավաղվել են այնպիսի հստակ հասկացություններ, ինչպիսիք են իշխանության թեւերի զուգակշռումը, իշխանություն- հասարակություն, իշխանություն- ընդդիմություն, ընդդիմություն- հասարակություն հարաբերությունները։ Գավառական ճաշակով ու նախասիրություններով ձեւված Ազգային ժողովում հանդես եկող հայտնի ուժերն ու դեմքերը, որ հավակնում են սկզբունքայնության ու ազնվության էտալոնի դերին, ոչ միայն ընդունել են պարտադրված խաղի կանոնները որպես լոկ պասիվ կողմ, այլեւ հաջողությամբ ստեղծագործաբար զարգացնում են հասարակական գիտակցության բթացման կոնցեպցիան։ Ի դեպ, սա միակ ոլորտն է, որտեղ իսկապես գոյություն ունի կոնցեպցիա։

Կասկածելի կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում խորհրդարանական տեղեր զբաղեցրած նախկին ընդդիմությունը, որ մինչեւ 1998թ. խիստ աչալուրջ էր ներքին ու արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական քիչ թե շատ նշանակալի իրադարձությունների նկատմամբ, նույն սկզբունքայնությամբ շարունակում է պայքարել …մինչեւ 1998 թվականը եղած անցուդարձի դեմ։ Աբսուրդ է, բայց ոչ միակը։ Հասարակական գիտակցությունից հետեւողականորեն դուրս է մղվում ներկա կացության մասին խորհելու կարողությունը. որեւէ խնդիր գոյություն չունի ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական ոլորտներում։ Արձանագրված հաջողություններն, անշուշտ, կկրկնապատկվեն ու կբազմապատկվեն Աշոտ Բլեյանին, Վանո Սիրադեղյանին, Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելուց հետո՝ ի փառս հայրենի իշխանությունների եւ խորհրդարանական ընդդիմության։

Այդուհանդերձ, փաստերը, որպես միակ ճշմարիտն ու անառարկելին, որքան էլ այսօր հանված են Հայաստանի քաղաքական օրակարգից, դրանից չեն դադարում գոյություն ունենալ։ Հատկապես հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, երբ հասարակության աչքին հառնեց ռեժիմի ողջ սնանկությունը, գաղափարախոսական հնարքների տրանսֆորմացիայի լուրջ խնդիր առաջացավ, որը եւ փորձ է արվում իրականացվել։ «Ծանր ժառանգություն» հեքիաթն անգիր սերտած ամբոխին պետական քարոզչամեքենան ճգնում է ահաբեկել «ռեւանշիզմի» մահաբեր վտանգով։

Հորինված վտանգների ու ժողովրդի թշնամու կերպար ստեղծելու քողի ետեւում թշվառ ներկան քողարկելու անհեռանկար գործին լծված նախագահամետ քարոզչամիջոցներին ու կուսակցություններին վերջին շրջանում սկսել են ակտիվորեն ձայնակցել նաեւ արտաքուստ անկախ անհատ գործիչներ, որոնցից մեկի՝ Կտրիճ Սարդարյանի մի գրության օրինակով («Ինչ է պատահել մեզ հետ- 2», Ազգ, 26 հունվարի, 2000թ.) փորձենք հիմնավորել, որ առկա փաստերը շրջանցելու, այսինքն՝ արանքներով անցնելու ֆիզիոլոգիական ձեւը ծռմռվելն է, հասարակականը՝ պատեհապաշտությունը։

Նախկին փոխվարչապետ ու նախագահի նախկին խորհրդական Սարդարյանի գրությանը, թերեւս, կպատշաճեր «Ինչ է պատահել ինձ հետ» վերնագիրը՝ գրիչ վերցնելու իրական շարժառիթների շարադրմամբ։

Մեկ դարձվածքով սեւացնելով Հայաստանի երրորդ Հանրապետության յոթնամյա պատմական մի ամբողջ շրջան, որը ներառում է նաեւ պրն. Սարդարյանի պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածը, հեղինակն այն բնութագրում է իբրեւ «ձախողված քաղաքականության» շրջան, հետագա ողջ շարադրանքում չհիշատակելով ձախողումը բնորոշ գոնե մեկ բաղադրիչ։

Դրան հակառակ, ներկայացնենք մասնավորապես Լեռնային Ղարաբաղին վերաբերող հանրահայտ փաստերը, որոնք արձանագրվել են մինչեւ 1998-ի իշխանափոխությունը.

– ԼՂ հիմնախնդիրը հայկական կողմի ջանքերով միջազգայնացվել եւ հանձնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին,

– ԼՂՀ-ն ճանաչվել է հակամարտության կողմ,

– ԼՂՀ-ի գերիշխանության ներքո է նախկին մարզի ողջ տարածքը,

– ԼՂՀ-ն վերահսկում է ռազմաքաղաքական նկատառումներով զբաղեցրած Ադրբեջանի յոթ վարչական շրջան,

– ապահովված է ԼՂՀ բնակչության անվտանգությունը, վերացվել են տնտեսության, կրթության, մշակույթի զարգացման, դավանանքի ազատության առջեւ հարուցվող սահմանափակումները,

– ԼՂՀ-ն հռչակել է անկախություն եւ ստեղծել պետական կառավարման անհրաժեշտ կառույցներ, սեփական զինված ուժեր,

– Լաչինի միջանցքով կենսական կապ է հաստատվել Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ,

– Հայաստանի Հանրապետությունը դարձել է ԼՂՀ-ի անվտանգության իրական երաշխավորը։

Հայաստանի առաջին նախագահը եւ նրա համախոհները գտնում էին, որ շահել են ճակատամարտը, իսկ պատերազմն ավարտված չէ, որ ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման շրջանակներում միջազգային երաշխիքների առկայությունը միայն կարող է ամրապնդել տվյալ պահին զուտ ուժերի հավասարակշռությամբ պայմանավորված հրադադարը, որ բանակցությունների ձախողումը ձեռնտու չէ հայկական կողմերին եւ ժամանակն աշխատում է ի վնաս մեզ, որ տնտեսական զարգացումը մեծապես պայմանավորված է հակամարտության քաղաքական կարգավորմամբ, իսկ Ղարաբաղի եւ Հայաստանի հայության         ապահովության գրավականը տնտեսական հզորացումն է։

– Ահա Կտրիճ Սարդարյանի գնահատմամբ «ձախողված» քաղաքականության արձանագրած արդյունքների ոչ սպառիչ ցանկը։ Բարի եղեք մատնանշել, թե վերջին երկու տարում առավել ազգային իշխանություններն ինչ են ավելացրել այս ՛ժառանգությանը։

– Իսկ փաստերը հետեւյալն են.

– ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը չի վերսկսվել,

– Քոչարյան- Ալիեւ շփումները նեղացնում են միջազգային ֆորմատը,

– ԼՂՀ-ն չի մասնակցում որեւէ բանակցության եւ դուրս է մղվել այդ գործընթացից։

– Հայոց նորագույն յոթնամյա պատմության ընդդիմության ծաղիկը, որ մինչեւ 1998 թվականը դաժան քննադատության էր ենթարկում իշխանություններին իբր պարտվողական քաղաքականության համար, ամենակոշտ դիրքերից բացառում Ղարաբաղի որեւէ կարգավիճակ, բացի անկախությունը կամ վերամիավորումը, այսօր տեսակետ չունի։

Թե՞ հայտարարվող «ընդհանուր պետությունը» իրենց պատկերացրած անկախությունից բարձր կարգավիճակ է սահմանում։ Ինչ եղան «ի պաշտպանություն Արցախի» փրկության կոմիտեներն ու մտավորականների հավաքները։

Մեկնաբանեք, խնդրեմ, պրն. Սարդարյան, այս փաստերը, ոչ թե մեղանչեք ճշմարտության դեմ, նախկին իշխանությանը մեղադրելով 1994 թվականին քաղաքական կարգավորման չհասնելու մեջ։ Անտեսե՞նք այն փաստը, որ հայտնի է յուրաքանչյուր հայի՝ սկսած 1994թ. հրադադարից. «Հայաստանի համար ընդունելի է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ցանկացած տարբերակ, որն ընդունելի է Լեռնային Ղարաբաղի համար»։ Ուրեմն ինչո՞ւ եւ ո՞ւմ կարծր դիրքորոշման պատճառով չկայացավ ու մինչեւ օրս չի կայացել կարգավորումը։

Նախագահի նախկին խորհրդականը հավանաբար տեղյակ չէ, որ Հայաստանում իշխանափոխությունը կատարվեց հենց ղարաբաղյան կարգավորման ուղիների ընտրության պատճառով, երբ տեղի տալով մաքսիմալիստական տրամադրություններին ու բախվելով հասարակության թյուրըմբռնմանը՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքնակամ հեռացավ, չկարողանալով կյանքի կոչել քաղաքական իր ծրագիրը, որն, ի դեպ ցայսօր արդիական է։

«Չենք օգնում, գոնե չխանգարենք» ձյունաճերմակ կոչով ու՞մ է դիմում Կտրիճ Սարդարյանը, ո՞վ է մինչ այժմ խանգարում Քոչարյանին լուծելու Ղարաբաղի հարցը։ Քանի՞ հանրահավաք կամ անհնազանդության դրսեւորում է արձանագրվել Հայաստանում վերջին երկու տարում։ Թե՞ խանգարել ասելով հասկանում եք պաշտոնականի հետ չհամընկնող տեսակետ ունենալը եւ այն, ի դեպ Ստամբուլի գագաթաժողովից դեռ շատ առաջ, հայտնելը։

«Ովքեր այս հարցում խանգարելու են նրան, հայ ժողովրդի իրական շահերի հետ որեւէ կապ չունեն» սարդարյանական պնդումը որեւէ կապ չունի ժողովրդավարության մասին տարրական պատկերացումների հետ։

Վերադառնանք պրն. Սարդարյանի հիշատակած «ձախողված քաղաքականության», նաեւ սոցիալ-տնտեսական ասպեկտներին, կրկին մերկապարանոց հայտարարություններին հակադրելով բացառապես հայտնի փաստեր.

– գյուղացին անվճար հողի սեփականատեր դարձավ,

– ամեն ընտանիք անհատույց սեփականաշնորհումով ձեռք բերեց իր բնակարանը,

– աշխատող քաղաքացիներն իրենց ձեռնարկությունների արժեքի 20 տոկոսը անհատույց ստացան որպես սեփականություն,

– ձեւավորվեց ազատ սեփականատերերի դասը,

– լիարժեք հաղթահարվեց էներզետիկ ճգնաժամը, լուծվեց հացի խնդիրը,

– վերացան աշխատավարձերի եւ թոշակների գծով չվճարումների պարտքերը,

– բյուջեի դեֆիցիտը երբեք չի գերազանցել պլանային ցուցանիշը եւ չի եղել պատռվածքների ու ճողվածքների աստիճան այսպես ահռելի։

Մեկնաբանեք, խնդրեմ, պրն. Սարդարյան, թե վերջին երկու տարում ի՞նչ նվաճումներ են արձանագրվել այս ոլորտներում, տնտեսական ու սոցիալական ո՞ր ցուցանիշներն են ոչ թե բարելավվել, այլ գոնե պահպանվել։

Փաստերով ապացուցեք, խնդրեմ, որ բնակչության կենսամակարդակը չի ընկել, որ արտագաղթողների թիվը չի պակասել, որ, օրինակ, Գյումրիում բնակարանները չեն փոխանակում ավիատոմսերի հետ։

– Հերքեք, խնդրեմ, որ մասնավորապես Երեւանում 1996-97թթ. ծաղկող շինարարության փոխարեն հիմա ականատես ենք «վաճառվում է» տխուր ու պերճախոս ցուցանակների՝ աշխատատեղ կորցրածների անհեռանկար ճակատագրով։

Չգիտես ում եւ չգիտես ինչի շուրջ համախմբվելու կոչող Սարդարյանին ուզում եմ վերջում ասել. նախագահամերձ շրջապատի պատվերը կատարված է անհամոզիչ եւ պրոֆեսիոնալ ցածր մակարդակով, «ազնիվ» մղումներով տրորվել է թույլատրելիի սահմանագիծը, երբ օգտագործվում են այնպիսի անտեղի ու չարտոնված պնդումներ, ինչպիսիք են. «երկրում այսօր ծանր վիճակ է», «նախագահի գործադրած ջանքերն առայժմ սպասված արդյունքը չեն ունեցել»։

Ավարտեմ մեջբերման մեջբերումով. «Մենք կշրջափակենք Հայաստանը, իսկ մնացածը ժամանակի ընթացքում հայերն իրենց ձեռքով կանեն»։ Ինչը եւ արվում է՝ հետեւողականորեն տանուլ է տրվում պատերազմով շահած խաղաղությունը։

Բ. ՌՈԻԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829