Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Մարտ 22,2000 00:00
paxstakan

ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց երկու օրինագիծ, որոնք փոփոխություններ էին գործող օրենքներում։ Փախստականները կարող են ընտրել եւ ընտրվել 75 «կողմ», 1 «դեմ» եւ 3 «ձեռնպահ» արդյունքով լրացում կատարվեց ընտրական օրենսգրքում։ Ըստ այդմ, փախստականների կարգավիճակ ունեցողներին հնարավորություն տրվեց մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Հիշեցնենք, որ նախագահ Քոչարյանի 1999-ի հոկտեմբերի 18-ի հրամանագրով հետաձգվել էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այն համայնքներում, որոնց բնակչության 50 տոկոսից ավելին փախստականներ են՝ մինչեւ օրենսդրական կարգավորում կստանար ընտրություններին փախստականների մասնակցելու իրավունքը։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի պարզաբանումների համաձայն, այս լրացումն առնչվում է շուրջ 400 հազար փախստականների հիմնախնդիրներին։ Չնայած դեռ բաց է մնում նախագահի եւ ԱԺ-ի ընտրություններին նրանց մասնակցության հարցը։ Ակնարկներ հնչեցին, թե փախստականներին տրված է քաղաքացիություն ընդունելու հնարավորություն՝ թող ընդունեն՝ ե՛ւ ընտրվեն, ե՛ւ ընտրեն։ Սակայն պրն Դալլաքյանը բաց խոսեց այս առումով քաղաքական ենթատեքստի մասին՝ փախստականների հարցը կարեւորվում է ե՛ւ միջազգային օգնությունների, ե՛ւ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։

Ի դեպ, տարածքային կառավարման եւ քաղաքաշինության համակարգող նախարարի տեղակալ Ֆիրդուս Զաքարյանը տեղեկացրեց, որ մինչեւ 1999-ի կեսերը 6 հազար փախստական էին Հայաստանի քաղաքացիություն ընդունել։ Եվ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին եւս 6 հազարը դիմեց այդ քայլին։ Սակայն պրն Զաքարյանն էլ էր դեմ, որ մինչեւ Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական լուծումը արհեստականորեն արագացվի այս գործընթացը, մանավանդ որ մեր հարեւան երկիրը փախստականների նույն խնդիրն առավել «ցցուն» է ներկայացնում։ Բանտարկյալները կարո՞ղ են երկար տեսակցել 80 «կողմ», 2 «դեմ» եւ 2 «ձեռնպահ»՝ ահա քվեարկության այսպիսի արդյունքներով ընդունվեց Արթուր Բաղդասարյանի եւ Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությունն ուղղիչ-աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։ Չնայած նախապես արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ի ցույց էր դրել, որ ուղղակի անիրագործելի են այս օրինագծի այն դրույթները, ըստ որոնց դատապարտյալները կարող են տարվա ընթացքում ունենալ 3-6 երկարատեւ տեսակցություն։

Դավիթ Հարությունյանի հակափաստարկն էր, թե նախ դատապարտյալների պատիժն էլ հենց մեկուսացումն է։ Բացի այդ, երկարատեւ տեսակցությունների քանակը հնարավոր չէ կտրուկ ավելացնել համապատասխան պայմանների բացակայության պատճառով։ Բերվեցին որոշակի օրինակներ, թե անգամ տարին մեկ անգամ իր 1000 բանտարկյալներին երկարատեւ տեսակցության իրավունք տալու համար Արթիկի N 14 գաղութն առնվազն պիտի կրկնապատկի ունեցած 8 սենյակները։ Նույնքան դատապարտյալ ունեցող Կոշի N 6 ՈՒԱՀ-ն երկարատեւ տեսակցությունների համար ընդամենը 6 սենյակ ունի, իսկ անչափահասների եւ կանանց Աբովյանի գաղութում ընդհանրապես նման պայմաններ չկան։ Դավիթ Հարությունյանն այս թվարկումով փորձեց ապացուցել, թե օրենսդրական այս փոփոխությունը ձեւական է լինելու եւ պետության կողմից ընդունված պարտավորության չկատարումն՝ անխուսափելի։ Սակայն հնարամիտ պատգամավորներին արդարադատության նախարարի փաստարկները չշփոթեցրին։ «Օրինաց երկրից» Արծրունի Աղաջանյանը պնդեց, թե նախ ոչ բոլոր կալանավորները բարեկամներ ունեն, եւ հետո, կարգապահական տույժ որպես՝ բանտարկյալները հաճախ են զրկվում տեսակցության իրավունքից։ Իսկ Արշակ Սադոյանը խիստ հուզիչ մի ճառ արտասանեց՝ «երկրի դրվածքի» պատճառով բանտերում հայտնված մեր «մոլորյալ ազգակիցների» մասին, որոնց ձեռքերն իսկապես քոր են գալիս աշխատելու, բարիք ստեղծելու կարոտից. «Իսկ մեր հոյակապ կառավարությունը որեւէ քայլ չի անում այդ ուղղությամբ»։

Մի խոսքով, Սադոյանը վստահ էր, որ բանտարկյալներն իրենց համար 1 ամսում կպատրաստեն տեսակցությունների այդ սենյակները, ընթացքում էլ այդ աշխատանքներից կուղղվեն ու կվերադաստիարակվեն։ Այս հովվերգական տեսարանը չազդեց միայն արդարադատության նախարարի քար սրտի վրա։ Եվ նա արդեն սրտաշարժված լսարանին անտեղի հիշեցրեց, որ մեր մոլորյալ ազգակիցները նաեւ կանանց բռնաբարելու, մարդ սպանելու եւ թմրադեղ վաճառելու համար են հայտնվել այդ ոչ հեռավոր վայրերում։ Լավ էր, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը վճռականորեն կասեցրեց Դավիթ Հարությունյանի այս կոպիտ միջամտությունը։ Եվ Արթուր Բաղդասարյանն էլ հաղթական ասաց, թե ԱԺ-ն կընդունի երկարատեւ տեսակցությունների մասին այս փոփոխությունը՝ կառավարությունն էլ թող ձգտի կատարել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031