Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 30,2000 00:00

Վերաթաղում՝ ազգային տոն Մայիսի 26-ին Դրոյի աճյունին իրենց հարգանքի տուրքը մատուցել կամեցողների մի մասը ժամը 15-ից հետո դա անելու հնարավորությունը չունեցավ, քանի որ Մարզահամերգային համալիրի դռներն արդեն փակվել էին։ «Ինչո՞ւ ներս չեք թողնում, ինչո՞ւ եք մեզ զրկում այդ հաճույքից»,- բղավում էր մի ծերուկ՝ ենթագիտակցորեն հաստատելով, որ սգի, մահվան, թախիծի հանդեպ հայերս առանձնահատուկ ակնածանք ենք տածում։ Իսկ արդեն մայիսի 28-ին, որը մեր ազգային տոնացույցում կարմիրով է նշված, ուրախ երգուպարի ուղեկությամբ Հայաստանի ազգային հեռուստատեսությունն իր եթերը տրամադրեց Դրոյի աճյունի վերահուղարկավորման արարողության հեռարձակմանը ուղիղ եթերով։ Օպերատորը տեսախցիկը շքեղ դագաղից հեռացնում էր կառավարության հարգարժան անդամների, ԱԺ-ի ոչ պակաս հարգարժան նախագահին եւ ՀՀ նախագահին ցուցադրելու նպատակով միայն։ Հեռուստադիտողներս վաղուց առիթ չէինք ունեցել այդքան երկար ժամանակով տեսնել Սերժ Սարգսյանին, այն էլ այդքան բարձր տրամադրությամբ։ Արդեն պաշտպանության նախարարի կարգավիճակով նա եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեպ-ստեպ աշխույժ երկխոսության մեջ էին մտնում (ենթադրում ենք, որ նրանց զրույցի թեման ամենեւին էլ Դրոն կամ հայ ժողովրդի հերոսական անցյալը չէին, քանի որ պարբերաբար ծիծաղում էին)։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մելանխոլիկ եւ մի քիչ վերացած հայացքով հետեւում էր շուրջը կատարվող անցուդարձին։ Բավական ուշագրավ եւ հետաքրքիր էին Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, դաշնակցության պանծալի զավակ Հրանտ Մարգարյանի պատրաստած տեքստերը օրվա կապակցությամբ։ Նրանք իրենց խոսքն ընթերցում էին հնարավորինս արտահայտիչ եւ պատշաճ թախիծով։ Անդրանիկ Մարգարյանը՝ որպես բարձր էշելոնում նոր-նոր հայտնված մեկը, իրեն ծանր ու զուսպ էր պահում՝ ներկաներին զրկելով նաեւ ի՛ր ելույթը լսելու եւ իրեն ակնդրելու հաճույքից։ Փոխարենը, վարչապետը պարբերաբար ՀՀ նախագահի ականջին ինչ-որ բան էր փսփսում։ Նախագահի ականջին ողջ արարողության ընթացքում ասելիք էր գտնում նաեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Օրվա թերեւս միակ անկեղծ եւ ի սրտե խոսքը Դրոյի որդունն էր։ Վերջինս ակնհայտորեն անտեղյակ էր Հայաստանի ներքաղաքական ինտրիգներից, քանի որ իր ելույթում անզգուշորեն հիշատակեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին, ապա հատուկ շնորհակալությամբ խորհրդանշական հուշանվեր հանձնեց համարյա պաշտոնանկ արված պաշտպանության նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանին։ Նախագահ Քոչարյանը՝ որպես հասարակությունում իրեն պահել իմացող մարդ, բարեկրթորեն ծափահարում էր եւ գլխով համաձայնության նշաններ անում։ Մի խոսքով, վերահուղարկավորվեց հերթական մեծ հայը։ Սակայն, ինչպես ասում է մի խելոք մարդ, առջեւում դեռ շատ անելիք կա, քանի որ մեր բազմաթիվ մեծեր իրենց մահկանացուն կնքել են օտար ափերում եւ նրանց գերեզմանին էլ կչոքի վերաթաղվելու վտանգը։ Այն ճռճռան եւ գրքերից ծաղկաքաղ արված տեքստերը, որոնք մեխանիկորեն ընթերցում են մեր բարձրաստիճան այրերը, առաջիկայում նրանց դարձյալ պետք կգան. կփոխեն վերաթաղվողի անունը եւ վերջ… Ինչեւէ։ Ինչպես համարյա միշտ, մայիսի 28-ին էլ ոչ ոք չուրախացավ։ Չուրախացան անգամ կառավարության անդամները, որոնցից երկուսի հետ իմ զրույցից պարզվեց, որ անկեղծորեն դժգոհ էին կիրակի եւ տոն օրով մասնակցել թաղման, կամ որ առավել անտրամաբանական է՝ վերաթաղման արարողությանը։ Այսինքն, այս անգամ էլ ազգային ոգի ներարկելու փորձը հաջողությամբ չպսակվեց։ Փոխարենը սկսեցին շրջանառվել արդեն թարմ անեկդոտներ եւ սրամտություններ՝ նվիրված վերաթաղմանն առհասարակ։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031