Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 26,2000 00:00

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ» Հարցազրույց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ԱԺ-ի այգում բացվեց հուշաքար՝ նվիրված հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։ Հուշաքարի բացման արարողությանը չէր մասնակցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ներկա էին նախարարաց դասը, ԱԺ պատգամավորները, զոհվածների հարազատները։ Հուշաքարի բացման արարողությունից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին։ «Հայլուր».- Վերջերս որոշ անվստահության մթնոլորտ է առաջացել նախաքննական մարմնի շուրջ։ Ինչ կասեք այս մասին։ – Որոշակի խնդիրներ առաջ են քաշվել նախաքննություն վարող մարմնի նկատմամբ դեռ մի քանի ամիս առաջ։ Երբ որ նշվում էր, որ ճնշում է գործադրվել նախաքննության մարմնի վրա, ասենք, նոյեմբերին, դեկտեմբերին, ապա՝ մայիսին։ Ես ուղղակի զինվորական դատախազին հարց տվեցի, որի պատասխանը մինչեւ այժմ չեմ ստացել, թե այդ ո՞ր ուժերն են ճնշում այն ժամանակ եւ այսօր, եթե այդպիսի ճնշումներ եղել են։ Եթե նկատի ունի ՀՀԿ-ին, «Միասնությանը» եւ «Երկրապահին», ապա ես մեկ անգամ ասել եմ, այժմ էլ եմ ասում, որ այդպիսի ճնշում մեր կողմից չի եղել զինվորական դատախազի վրա։ Իսկ հարցին նա պետք է պատասխան տա։ «Առավոտ».- Դուք ԱԺ ներկայացնելո՞ւ եք այս տարվա բյուջեի սեկվեստրը եւ ըստ Ձեզ, ի՞նչ տրամադրություն կա ԱԺ-ում, կընդունվի՞ բյուջեն եւ սեկվեստրը։ – Սա ուղղակի ռեալ պատկերն է, որ մենք պետք է փորձենք ցույց տալ ԱԺ-ին եւ հիմնավորենք, բացատրենք իրավիճակը, որովհետեւ բոլոր կառավարությունները պետք է որ ընդունեին սեկվեստրը, որպեսզի այս վիճակի մեջ չընկնենք։ Այսինքն, թաքցնելով, անընդհատ կուտակելով, առաջ տանելով չի լինի։ Այսօր 2000թ. բյուջեում կան պարտքեր 97, 98, 99 թվականներից։ Եթե այն ժամանակ այդ կրճատումները լինեին, ապա այդ ծախսերը չէին լինի եւ չէին փոխանցվի հաջորդ տարիներին։ Սեկվեստրը մենք դիտարկում ենք որպես տնտեսության առողջացմանն ուղղված քայլ։ Ստիպված ենք ուղղակի անել։ «Առավոտ».- Ի վերջո, ըստ Ձեզ, ՀԺԿ-ն կիսե՞ց, թե՞ չկիսեց կառավարության գործունեության պատասխանատվությունը։ – Կառավարությունն է իր գործունեության համար պատասխանատու, ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները, ի դեմս «Միասնություն» դաշինքի, «Կայունություն» խմբի պաշտպանում են կառավարության գործունեության ծրագիրը։ «Առավոտ».- Դուք բավականին ժամանակ է վարչապետ եք։ Հնարավո՞ր է երկիրը տնտեսական հեղաշրջման ենթարկել եւ նորմալ վիճակի բերել։ – Ես հեղաշրջումներին ընդհանրապես դեմ եմ, իսկ տնտեսական հեղաշրջում 1-2 տարում չի լինում։ Նախադրյալներ են հարկավոր ստեղծել։ Այս կառավարությունը զրոյից չի սկսում։ Դրված է տնտեսության հիմքը, ուղղակի հարկավոր է սրբագրումներ կատարել։ «Առավոտ».- Որպես ՀՀԿ նախագահ, խնդրում եմ ասեք՝ ինչո՞վ էր պայմանավորված սեպտեմբերի 26-ից հետո Հանրապետական կուսակցության դիրքի փոփոխությունը ԱԺ-ում։ Ակնհայտորեն զարգացումներն այլ ճանապարհով էին ընթանում եւ կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ։ – Ես չէի ասի, որ դիրքի փոփոխություն տեղի ունեցավ։ Մենք համագործակցում ենք, մինչեւ այդ էլ համագործակցել ենք ԱԺ-ում եղած բոլոր կուսակցությունների հետ։ Դրա վառ ապացույցն էր մայիսը, երբ ես վարչապետ նշանակվեցի եւ երբ ներկայացրի կառավարության ծրագիրը։ Այն ժամանակ էլ որպես վարչապետ ինձ պաշտպանում էին ՀՀԿ-ն եւ «Կայունությունը»։ Բայց մնացած ուժերն էլ պաշտպանեցին, որովհետեւ երկկողմանի համաձայնության եզրեր գտնվել էին եւ մինչեւ այժմ էլ շարունակվում է այդ համագործակցությունը։ «Առավոտ».- «Հայաստան» պատգամավորական խումբը գտնում էր, որ ճիշտ կլինի ԱԺ-ի նոր մեծամասնությունը ձեւավորել գաղափարական նույն հիմքի վրա գտնվող ուժերով՝ «Միասնություն», ՀՀԿ եւ «Կայունություն»։ Դուք համակարծի՞ք եք։ Ինչո՞ւ չկայացավ այդպիսի մեծամասնությունը։ – «Հայաստան» պատգամավորական խմբի անդամների մեծ մասը ՀՀԿ անդամներ են եւ որպես առանձին քաղաքական ուժ, անիմաստ է, որ ՀՀԿ-ի մեկ թեւը ՀՀԿ-ի մեկ այլ մասի հետ քաղաքական բանակցություններ վարի։ «Առավոտ».- Ի վերջո «Կայունության» շեշտած «քաղաքական կապիտալը» մնալու է իրեն, թե մի քիչ հետ եք վերցնելու։ – Չէ, մնում է, մենք համագործակցում ենք «Կայունության» հետ եւ նույն ձեւով շարունակելու ենք համագործակցել։ Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել