Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ, դու ճիշտ չես»

Հոկտեմբեր 26,2000 00:00
Ashot Manucharya

«Մեկ տարի է՝ ես խոսում եմ Մեղրիի փոխանակման վարկածի եւ դրա՝ որպես հոկտեմբերի 27-ի ոճրագործության հիմնական պատճառի մասին, սակայն ինձ սրա մասին ոչ ոք հարց չի տվել։ Հենց որ ասացի, որ այդ վարկածը թաքցվում է ՀՀ նախագահի կողմից միտումնաբար, ինձ սկսեցին կանչել զինդատախազություն»։

Երեկ հերթական անգամ զինդատախազություն հարցաքննության հրավիրված Աշոտ Մանուչարյանն այսպես հիմնավորեց զինդատախազության հետաքրքրությունն իր անձի հանդեպ։ Մենք նրան «ուղեկցեցինք» դատախազություն եւ ստորեւ ներկայացնում ենք Աշոտ Մանուչարյանին ուղղված բացառապես «Առավոտի» հարցերին՝ նրա պատասխանները։ Պրն Մանուչարյանն ակնկալում էր, որ հանրապետության նախագահին մեղադրելուց հետո վերջինս Ֆրանսիա կատարած ճամփորդությունից վերադառնալուց հետո «պետք է որ առաջնորդեր ճշմարտությունը պարզելու գործընթացը։ Ցավոք, վերադառնալուց հետո նա կատարել է ճիշտ հակառակ քայլերը»։ Ըստ պրն Մանուչարյանի՝ Ռոբերտ Քոչարյանը պարտադրել է զինդատախազությանը, որ այն գործի ոչ թե որպես հանցագործությունը բացահայտող, այլ որպես Մեղրիի խնդիրը հոկտեմբերի 27-ի հետ կապող մարդկանց հետապնդող մարմին։

– Պրն Մանուչարյան, այսինքն Ձեզ պարբերաբար զինդատախազություն կանչելը Դուք որպես հետապնդո՞ւմ եք որակում։

– Անկասկած։ Ամեն անգամ, երբ պետք է հանրահավաք անցկացվի, երբ պետք է հեռուստատեսությամբ ելույթ ունենամ, այդ օրվանից անընդհատ կանչում են, զբաղեցնում։ Սա հրահանգավորված է Ռոբերտ Քոչարյանի կողմից, որն այսօր ոչ թե Հայաստանի Հանրապետության նախագահն է, այլ Արեւմուտքի ներկայացուցիչը Հայաստանում։

– Դուք գտնում եք, որ Քոչարյանը Ձեր մեղադրանքները լո՞ւրջ է ընկալում։ Իր մամուլի խոսնակի շուրթերով նա Ձեր փաստարկները համարեց «էկզոտիկ», իսկ Հայաստանում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատները իրենց երկրների դեմ Ձեր մեղադրանքները գնահատեցին որպես «անլուրջ խոսքեր»։

– Եթե փորձեք կարդալ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հրահանգավորման փաստաթղթերը, կգտնեք մի այսպիսի գործելակերպ. եթե իրենք իրականացնում են հատուկ օպերացիա՝ ուղղված որեւէ երկրի համակարգի քայքայմանը, եւ այդ երկրում որեւէ մեկը գլխի է ընկնում դա եւ սկսում բացահայտ խոսել, ապա առաջինը, ինչ նրանք փորձելու են անել, այդ մարդուն որպես խելքը թռցրած ներկայացնելն է։

– Ի՞նչ եք կարծում, Ձեզ նորի՞ց են կանչելու զինդատախազություն, թե՞ սա վերջին այցն էր։

– Կարծում եմ, որ անընդհատ կկանչեն։ Սա Քոչարյանի գործիքն է, որ ինձնից ժամանակ, նյարդեր խլեն։ Այսօր Սոցուժերը պետք է միտինգ անցկացնեն Ազատության հրապարակում, սակայն այն տեղի չի ունենալու։ «Պարզվում է Հայաստանի այն ծառայությունները, որոնք պիտի ապահովեին միտինգը, այսինքն՝ ՀՀ նախագահին ենթարկվող կառույցները, ի վիճակի չեն այս միջոցառումը 26-ին սպասարկել։ Այս միջոցառման հայտը մենք տվել էինք 10 օր առաջ։ Երկու օր առաջ մի այլ միջոցառման հայտ ներկայացրել է Դաշնակցությունը։ Հիմա՝ մեզ 26-ին հնարավորություն չունեն սպասարկել, իսկ Դաշնակցությանը ունեն։ Նրանց ասել են՝ այո՛, մեզ ասել են՝ ո՛չ։ Որովհետեւ մենք գործում ենք Արեւմուտքի քաղաքականությանը դեմ կոնտեքստում, իսկ Դաշնակցությանը փորձում են հարմարվել»։ Պրն Մանուչարյանն Արեւմուտքի եւ, մասնավորապես, Ռ. Քոչարյանի ջանքերը «զուր» համարեց. «Ռ. Քոչարյանը Հայաստանում այլեւս ոչ մի հեռանկար չունի»։ Միակ բանն, ըստ Ա. Մանուչարյանի, որ կարող էր անել պրն Քոչարյանը, «առանց մեծ գլխացավանքների հեռանալն էր»։

– Ի՞նչ եք կարծում, կդիմի՞ նախագահը դատարան՝ Ձեզ մեղադրելով զրպարտության մեջ։

– Ռ. Քոչարյանը կարող է փորձել անել ցանկացած բան, ինչ որ նրան էֆեկտիվ կթվա այս պահին։ Բայց նա էֆեկտիվ քայլեր չունի։ Նա դատապարտված է պարտության։ Քննություն կուզենա անցկացնել, խնդրեմ, կխոսենք փաստերով։ Պրն Մանուչարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Քոչարյանը ինքն անձամբ ոչինչ չի պնդում. դա նրա փոխարեն անում են մամլո խոսնակը, հավատարիմ մամուլը. «Ինչո՞ւ է այդպես անում. որպեսզի վաղը, մյուս օրը, երբ նրան հարց տան՝ էս ի՞նչ էիր խոսում, նա ասի՝ թարգմանությունը ճիշտ չէր»։

– Դուք անընդհատ Արեւմուտքի տարբերակն եք քննարկում, սակայն մոռանում եք, որ շրջանառվում է նաեւ Ռուսաստանի շահագրգռությունը հոկտեմբերի 27-ի կազմակերպման վարկածին։

– Գոբլի ծրագիրը Ռուսաստանի ծրագիրը չէ։ Եթե լիներ Ռուսաստանի ծրագիրը, ես այսօր կխոսեի Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը անում է քայլեր կոնտեքստից դուրս՝ Ջավախքից դիվիզիայի հրատապ դուրսբերումը եւ այլն։ Ես այդ մասին ասում եմ։ Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը դե՞մ են եղել Գոբլի ծրագրին, թե՞ կողմ։ Եթե կողմ են եղել, Ռուսաստանի վարկածը դառնում է լուրջ վարկած, եթե եղել են դեմ՝ եղել է հակառակը։ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ պրն Մանուչարյանը հավելեց, որ իրեն է դիմել Արամ Սարգսյանը եւ առաջարկել, որ Աշոտ Մանուչարյանը մասնակցի հոկտեմբերի 27-ի գործի հասարակական քննությանը։ Մանուչարյանը տվել է իր համաձայնությունը։

՛- Ի՞նչ եք կարծում՝ Արամ Սարգսյանը կվերադառնա՞ քաղաքականություն։

– Իմ կարծիքով նրան պարտադրել են, եւ չեմ կարծում, որ նա դրանից հետ կանգնի։

Հարցազրույցը

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031