Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

Ֆիլատելիա Հայաստանի ցուցադրողների իսպանական հաջողությունը Հոկտեմբեր ամիսը պտղաբեր եղավ երեւանցի ֆիլատելիստների համար։ Մադրիդում կայացած «Իսպանիա-2000» համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսի բոլոր երեք ցուցանմուշներն էլ մեդալների արժանացան։ Իգոր Մազուրը «Խորհրդային Ռուսաստանի առաջին նամականիշերը եւ դրանց շրջանառությունը» հավաքածուի համար արծաթե մեդալ նվաճեց, Ալբերտ Պողոսյանը «Հայաստանի մշակույթը» հավաքածուի համար՝ արծաթազօծ մեդալ։ Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցի աշակերտ Սարգիս Պետրոսյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» հավաքածուն, որ ցուցադրվում էր պատանեկան դասում, բրոնզե մեդալ բերեց։ Ինչպես մեզ պատմեց «Իսպանիա-2000» ցուցահանդեսում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Աշոտ Բաբախանյանը, այդ վիթխարի միջոցառումը կազմակերպվել էր նմանօրինակ իրադարձությունների համար նախատեսված «Կրիստալ» տաղավարում։ Զգալի էր այն մեծ ուշադրությունն ու հոգատարությունը, որ ցուցաբերում են իսպանացիները ֆիլատելիայի հանդեպ։ Արված էր ամեն ինչ, որպեսզի «Իսպանիա 2000»-ը հիրավի դարավերջի ֆիլատելիստական տոն լինի, ծառայի իր բուն նպատակներին՝ ֆիլատելիայի տարածմանն ու զարգացմանը, ազգերի ու ժողովուրդների մերձեցմանը։ Ցուցահանդեսում իշխողը, բնականաբար, նամականիշն էր, որ ցուցադրված էր շուրջ 70 երկիր ներկայացնող 3000-ից ավելի ցուցափեղկերի վրա, նաեւ վաճառքի շուրջ 150 կրպակներում, որոնց մեջ իր տեղն ուներ «Նամականիշի» կրպակը։ Շուրջ 10 օր ֆիլատելիայի սիրահարները հնարավորություն ունեցան ծանոթանալու համաշխարհային ֆիլատելիայի այս ստուգատեսին, որում կարելի էր տեսնել ամենատարբեր թեմաներով հավաքածուներ, համբավավոր ֆիլատելիստների բացառիկ հավաքածուների ընտրանիներ։ Ցուցահանդեսի կազմկոմիտեն հոգացել էր, որ մասնակից երկրների պատվիրակների օրը անցնի բովանդակալից ու տպավորիչ։ Գործում էին ատրակցիոններ, ռոդեո, տրվում էին բեմադրություններ երեխաների համար։ Ջերմ էին այն ընդունելությունները, որ կազմակերպել էին Մադրիդի քաղաքապետը եւ Իսպանիայում Բելգիայի դեսպանը։ Էքսկուրսիաներ եղան Իսպանիայի նախկին մայրաքաղաքներ։ Յուրաքանչյուր ցանկացող կարող էր ցուցահանդեսի ֆիլատելիստական անձնագիր ձեռք բերել, եւ դրանում տարբեր պետությունների նամականիշեր փակցնելուց հետո հատուկ մարման դրոշմոցներով կնքել տալ յուրահատուկ հուշանվեր, որն ունենալը մեծ հաճույք է շատերի համար։ Պարգեւամեդալներն ինքնատիպ էին։ Սահմանված էին գրան պրիներ եւ այլ մրցանակներ, այդ թվում մեր ներկայացուցչի կողմից, որոնք տրվեցին ամենաարժանավորներին։ «Իսպանիա-2000»-ի շրջանակներում կայացավ ֆիլատելիայի միջազգային ֆեդերացիայի 67-րդ կոնգրեսը, որին մասնակցեց ֆիլատելիստների հայկական միության նախագահ Գագիկ Թորոսյանը։ Կոնգրեսն ընդունեց մի շարք կարեւոր ծրագրեր՝ հանուն համաշխարհային ֆիլատելիայի բարգավաճման։ ՍՈՒՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել