Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում ծնված այս թեւավոր խոսքը, որ վերագրվում է դիվանագիտության

Հունվար 20,2001 00:00

ՉԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ՝ ԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ Ֆրանսիայում ծնված այս թեւավոր խոսքը, որ վերագրվում է դիվանագիտության հայր Շարլ Մորիս Թալեյրանին, կյանքի եւ քաղաքականության մասին ասված մեծ ճշմարտություններից է։ 1915-ին Օսմանյան Թուրքիայու մ գործադրված վայրագությունները Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանություն որակելուն նպաստեցին առավելապես հանգամանքները։ Հազիվ թե մեկ տարի առաջ, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժեց քննարկել Հայերի ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը, ի նպաստ այդ օրինագծի բերվող փաստարկները թույլ էին, կամ անցնող մեկ տարում Ֆրանսիան տոգորվեց հայասիրական զգացումներով։ Անշուշտ, ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհում չկան առանձնակի կասկածներ Թուրքիայում գործադրված վայրագությունների բնույթի եւ մասշտաբների մասին։ Պարզապես կյանքը շարունակվում է, միջպետական հարաբերությունները թելադրում են իրենց առաջնահերթությունները եւ ճշմարտություն բարբառելու համար հարկավոր էր քաղաքականապես առավել բարենպաստ պահ։ Ընտրված պահը ճիշտ այդպիսին էր Ֆրանսիայի շահերի տեսանկյունից։ Նախ, Թուրքիան օրերս պատրաստվում է հայտ ներկայացնել Եվրամիությանը անդամակցելու համար։ Եվրամիությանն անդամակցելը, ի թիվս այլնի, ենթադրում է աշխատուժի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ։ Անշուշտ, թուրքական ապրանքների կամ ծառայությունների մրցակցությունը չի կարող մտահոգել եվրոպական գործարարներին, սակայն էժան թուրքական աշխատուժի հոսքը եվրոպական երկրներ սոցիալական լարվածություն կստեղծի։ Եվրոպական որեւէ երկիր հազիվ թե ցանկանա սեփական արհմիությունների հետ առճակատման գնալ, իսկ առճակատումից խուսափելու հեռատես լուծումը Թուրքիային ընդհանրապես Եվրամիության կազմի մեջ չընդունելն է։ Միաժամանակ, նկատելով Թուրքիայի մեծ փափագը եւ բարեփոխվելու պատրաստակամությունը, եվրոպացիներն առիթը օգտագործում են մարդու իրավունքների հարցում, Քրդական բանվորական շարժման դեմ պայքարում կամ Հայկական ցեղասպանության խնդրում Թուրքիային թելադրելու քաղաքակիրթ դիրքորոշում։ Երկրորդ հանգամանքը, որ թերեւս դեր է կատարել Ցեղասպանության բանաձեւի ընդունման համար, Ֆրանսիայում նախատեսվող եռակողմ՝ Քոչարյան-Ալիեւ-Շիրակ, հանդիպումն է։ Միանգամայն ենթադրելի է, որ այդ հանդիպման ընթացքում առանձնապես ոչ հայանպաստ համաձայնությունների շուրջ կարվեն հայտարարություններ, հետեւաբար Քոչարյանին հարկավոր էր մեկնարկային դիվանագիտական հաջողություն (որոնք առայժմ Ցեղասպանության հարցը դրական կամ բացասական ելքով արծարծելուց այն կողմ չեն անցել)։ Ի՞նչ հայտարարություններ կհնչեն Փարիզում հունվարի 26-ից հետո, եւ արդյո՞ք դրանք հակակշռելու են Ցեղասպանության բանաձեւի ընդունման հայանպաստ կեցվածքը։ Ինչեւէ, Քոչարյանի՝ իբրեւ ՀՀ նախագահի պաշտոնավարման ընթացքում հետեւողականորեն իրականացված Ցեղասպանության խնդիրն արծարծելու եւ դատապարտելու քաղաքականությունը հիրավի առաջին հաղթանակը արձանագրեց։ Թե որքանով է այդ հաղթանակը թվացյալ, կհամոզի ժամանակը։ Ժամանակին նախագահը կատարել է խնդիրների տարանջատում՝ որքան կարելի է մտաբերել, Հունաստանում տեղի ունեցած մամլո ասուլիսում, լրագրողների՝ Ցեղասպանությանը վերաբերող հարցմանն ի պատասխան, Քոչարյանը հայտարարեց, թե ինքնին դատապարտումը բարոյական խնդիր է, իսկ ինչ վերաբերում է պահանջատիրությանը, ապա նման իրավունքով կարող են հանդես գալ տեղահանված արեւմտահայության շառավիղները՝ իբրեւ քաղաքացիներ կամ իբրեւ Ցեղասպանության արդյունքում գոյացած ազգային սփյուռք։ Այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ պահանջատիրությունը չի վերապահվում Հայաստանի Հանրապետությանը։ Եթե այդպես է, սա մեծ առաջընթաց է դաշնակցական աշխարհընկալման համեմատությամբ եւ միանգամայն արժանի, նույնիսկ Արեւմուտքի կողմից, զորակցության։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել