Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՄԿՈՒՍԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀԻՆ ԻՆԵՐՑԻԱՅՈՎ»

Փետրվար 22,2001 00:00

«ԿՈՄԿՈՒՍԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀԻՆ ԻՆԵՐՑԻԱՅՈՎ» ՀԿԿ Երեւանի քաղաքային կազմակերպության 44-րդ կոնֆերանսի ժամանակ մի քանի ելույթ ունեցողներ, մասնավորապես՝ Սովետականի (անվանումը ընկերները չեն թարգմանել) շրջկոմի քարտուղար Լարիսա Պետրոսյանը, ինչպես նաեւ՝ Երկաթգծի կազմակերպության քարտուղար Յուրի Յոլյանն առաջարկեցին, որ կուսակցության ցուցակներով խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր կոմունիստ միայն մեկ անգամ ընտրվելու իրավունք ունենա. «Քանի որ որոշ ընկերների համար պատգամավորական աթոռը դարձել է տաքուկ անկյուն»։ Կոմունիստ պատգամավորները, մասնավորապես՝ Նորիկ Պետրոսյանը եւ Խորեն Սարգսյանը, հասկանալի պատճառներով, չէին կարող համաձայն լինել իրենց կուսակիցների գնահատականին։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է նման գնահատականի մասին ՀԿԿ խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանը։ Պրն Ոսկանյանն ասաց, որ այդ հարցը նորություն չէ։ Բայց միաժամանակ ասաց նաեւ հետեւյալը. «ԱԺ-ում աշխատելու համար, բացի գիտելիքներից, կենսափորձից, պետք է նաեւ ԱԺ-ում աշխատելու փորձ, հմտություն։ Եվ պետք է աշխատեն համբերությամբ։ Այն պատգամավորները, ովքեր այդպիսի փորձ չունեն, պետք է կարողանան փորձ ձեռք բերել»։ Իսկ խմբակցությունից ընկերների դժգոհությունը Հրանտ Ոսկանյանը փորձեց այսպես մեկնաբանել. «Գիտեք ինչ, կյանքը բավականին բարդ է։ Մարդիկ խմբակցությանը դիմում են հիմնականում աշխատանքի տեղավորվելու հարցերով։ Խմբակցությունն ի վիճակի չէ այսպիսի հարցեր լուծել։ Եվ հոգեբանական պահն էլ կա՝ Կոմկուսին դիմում են հին իներցիայով, երբ Կոմկուսը իշխանություն էր, իսկ հիմա Կոմկուսը ընդդիմություն է, իսկ ընդդիմության հարցերը, գիտեք, որ իշխանությունները հաճույքով չեն լուծում»։ Հրանտ Ոսկանյանը չուզեց ասել, թե Կոմկուսից բացի ինքը ուրիշ ո՞ր կուսակցությունն է ընդդիմություն համարում։ Մարտի սկզբին կայանալիք ՀԿԿ համագումարն առաջին քարտուղարի պաշտոնում կվերընտրի՞ Վլ. Դարբինյանին, թե՞ հավաստի են այն լուրերը, որ համագումարից հետո Կոմկուսը նոր առաջնորդ կունենա. «Առայժմ ո՛չ բյուրոյում, ո՛չ Կենտկոմում այդպիսի հարց առաջ չի քաշվել։ Նորմալ աշխատանքային հարաբերություններ են։ Լինում են շատ սուր քննադատական դիտողություններ»։ Պարոն Ոսկանյանը համոզված է, որ համագումարում եւս սուր քննադատություն կլինի. «Բայց դա չի նշանակում, որ անվստահություն կլինի։ Ամեն ինչ նորմալ կլինի»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել